HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքապետարանը դրժել է Լուկաշին փողոցում ենթակառուցվածքներ ստեղծելու խոստումը

Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին փողոցի բնակիչներն ու այնտեղ հողամաս ունեցողները Երևանի քաղաքապետարանից պահանջում են կատարել իրենց հետ կնքված պայմանագրի պահանջները՝ կառուցել ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար:

Բնակիչներն արդեն 8 տարի չեն կարողանում քաղաքապետարանին պարտավորեցնել ապահովել այս ծառայությունները, որոնք խոստացել է կատարել դեռևս 2011 թվականին՝ հողակտորների առքուվաճառքի պայմանագրի կնքման ժամանակ:

Այս սեփականատերերը կադաստրային արժեքով հողամասեր են գնել Երևանի քաղաքապետարանից որպես փոխհատուցում՝ տրամադրելով Շահումյանի անվան կոլտնտեսության տարածքում իրենց վարձակալած հողամասերը:

Բնակիչների հաղորդմամբ՝ քաղաքապետարանը այդ տարածքում 354 անձի հողամաս է վաճառել, սակայն տարածքում բնակեցված է մի քանի տասնյակ տուն՝ կոմունալ պայմանների բացակայության պատճառով: Փողոցն ապահովված չէ նվազագույն կոմունալ հարմարություններով՝ ջրագծեր և գազախողովակներ չեն անցկացվել, կոյուղագիծ չկա, ճանապարհները «ինքնաշեն» են, փողոցը լուսավորված չէ:

Հողատերերի մեծ մասը չի կարողանում տարածքում շինարարություն սկսել, քանի որ հողամասերի վրայով հոսանքագծեր են անցնում, որոշ հողամասերի տարածքում էլ էլեկտրական ենթակայաններ են տեղադրված:

Բնակիչները պնդում են, որ Երևանի քաղաքապետարանն իրենց խաբել է, մինչ օրս իր պարտավորությունները չի կատարում՝ պատճառաբնելով, թե այս տարածքի համար գումար և նախատեսված ծրագիր չունի:

2008 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած փակ աճուրդով  Շահումյանի անվան կոլտնտեսության 118 հա մակերեսով հողամասը Երևանի քաղաքապետարանը վաճառել է «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ին:

Այս ընկերությունը փոխկապակցվում  է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, քանի որ նրան առնչվող ևս մեկ ընկերության՝ «Զանգեզուր մայնինգ»-ին, կառավարությունը 2012թ. տրամադրեց 20 մլն դոլար արժողությամբ բյուջետային վարկ, որն ապահովագրելու համար ընկերությունը գրավադրեց «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ընկերության՝ Տիչինայի փողոցի 118 հա տարածքը:

Ինչ են բնակիչները պահանջում Երևանի քաղաքապետարանից

Հայկ Նալբանդյանն արդեն ութ տարի չի կարողանում Լուկաշին փողոցի իր հողատարածքում բնակելի տուն կառուցել:

2011 թվականին Երևանի քաղաքապետարանից 1.5 մլն դրամով հողամաս է գնել, սակայն մինչ օրս չի կարողանում շինթույլտվություն ստանալ: Ասում է՝ քաղաքապետարանը հրաժարվում է շինարարական թույլտվություն տրամադրել, քանի որ տարածքի վրայով հոսանքալարեր են անցնում:

Նրա պատմելով՝ սկզբնական շրջանում Երևանի քաղաքապետարանից բանավոր հավաստիացրել են, թե այդ հաղորդալարերը չեն գործում, երբ շինարարություն սկսվի, անմիջապես տարածքից  կհեռացվեն: «Հիմա էլ գնում ենք քաղաքապետարան, ասում են՝ դա մեր իրավասությունների մեջ չէ»,-նշում է Հայկ Նալբանդյանը:

Հոսանքալարերը էլեկտրականություն են հասցնում տարածքին կից ֆերմային, որից, բնակիչների փոխանցմամբ, ֆերման չի օգտվում, քանի որ իր տարածքում ենթակայան ունի:

Դեռևս 2013 թվականին Հայկ Նալբանդյանին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը գրավոր դիմումով հայտնել է, որ մինչ այդ տարվա վերջ կավարտվեն նոր ենթակայանի կառուցման աշխատանքները, և այդ հաղորդալարերի տեղափոխման հարցը կկարգավորվի ենթակայանի գործարկումից հետո:

Հայկն ասում է՝ ֆերման իր տարածքում արդեն ենթակայան ունի, սակայն մինչ օրս այդ հաղորդալարերը իր հողամասից չեն ապամոնտաժվում:

Բացի Հայկ Նալբանդյանի հողատարածքից, ևս 15 հողատարածք մնում է ֆերմայի սեփականություն հանդիսացող հաղորդալարերի տակ, որի պատճառով նրանք ևս չեն կարողանում տարածքում շինարարություն կատարել:

Փողոցում միայն մի քանի տուն խմելու ջրի խողովակ ունի: Որոշ բնակիչներ իրենց բնակելի տներ ջրագծեր են հասցրել մոտակա փողոցից: Բակերի միջով ջրախողովակներ անցկացնելով` նրանք միմյանց ջուր են հասցնում: Մինչդեռ որոշ տներ, որոնք առավել բարձր դիրքում են, չեն կարողանում ջրագծեր կառուցել, խմելու և կենացաղային կարիքների համար այլ վայրից տարաներով ջուր են բերում:

Բնակիչները Երևանի քաղաքապետարանին առաջարկում են ջրագծերը տարածքին կից կառուցվող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մի մայթից մյուսը հասցնել, որից հետո սեփական միջոցներով խողովակներն իրենց տներ կտանեն: Նրանք մտավախություն ունեն, որ եթե ճանապարհը վերջական կառուցվի, պատկան մարմինները ճանապարհը չեն քանդի դրա տակով խողովակներ անցկացնելու համար:

Հովիկ Մուրադյանը քաղաքապետարանի անգործությունից տուժածներից  մեկն է:

Դեռևս Սովետական Միության տարիներին Շահումյանի անվան կոլտնտեսության  տարածքում ունեցել է 3000 մետր մակերեսով վարձակալած հողամաս՝ պտղատու ծառերով: Որպես փոխհատուցում 2011 թվականին քաղաքապետարանից գնել է 500 մետր մակերեսով հողամաս:

Մուրադյանն ասում է, որ հողամասերն իրենցից վերցրին, քանդեցին այգիները, որպեսզի տեղում բնակելի թաղամաս կառուցեն, սակայն մինչ օրս տեղում որևէ բան չի կառուցվել, իր խոստումները քաղաքապետարանը չի կատարում. «Միլիոնուկես փող մուծեցինք այս հողերի համար, որ քաղաքապետարանը պարտավորվում է կոմունալ հարցերը լուծի: Մենք դրա համար պայմանագիր ունենք: Թող քաղաքապետարանը իր պարտականությունը կատարի, գա ճանապարհ, կոյուղագծեր, հոսանք, ջուր քաշի»,-նշում է նա:

2018-ի դեկտեմբերի վերջին, բնակիչների ասելով, տարածք է եկել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, խոստացել ճանապարհների կառուցման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Սակայն օրեր առաջ քաղաքապետարանից տեղեկացրել են, որ բարձրացված խնդիրները հնարավոր կլինի ներառել Երևանի քաղաքապետարանի առաջիկա տարիների ծրագրերի շրջանակում՝ ֆինանասավորման միջոցների առկայության և հնարավորության դեպքում:

Բնակիչներն իրենց ուժերով ճանապարհներ են «բացել», որոնք անցնում են այլ սեփականատերերի հողերատարածքով: Դեպի բնակելի տներ և հողամասեր տանող ճանապարահն էլ այնքան անբարեկարգ է, որ բնակիչները մեքենաները մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են թողնում, քայլելով գալիս տուն:

Բնակելի տների շրջակայքում և բնակիչներին վաճառված հողամասերում կենցաղային և շինարարական աղբ է թափված. բնակիչները դրանք «ժառանգություն» են ստացել, մինչ այդ տարածքում հողեր սեփականաշնորհելը: Քաղաքապետարանին մի քանի անգամ առաջարկել են տրակտորներ բերել և աղբը դուրս բերել, սակայն ապարդյուն:

Սևադա Սարգսյանը Երևանի քաղաքապետարանին առաջարկում է տրակտորով հիմնական գրունտային ճանապարհները բացել, որպեսզի բնակիչները կարողանան մոտենալ իրենց հողակտորներին: Նման խոստում է տվել Հենրիկ Նավասարդյանը: Սակայն քաղաքապետարանից պատասխանել ենլ, թե բյուջեում միջոցներ չկան, խնդիրը համալիր է, ուստի կներառեն առաջիկա տարիների ծրագրերում, եթե գումար լինի:

Հողակտորների սեփականատերերը նաև չեն կարողանում վաճառել իրենց հողամասերը: Նաիրի Մեխրյանը իր հողակտորի համար գնորդ էր գտել, սակայն վերջինս հրաժարվեց այն գնել, քանի որ Երևանի քաղաքապետարանն արգելել էր տարածքում շինարարություն կատարել՝ պատճառաբանելով, թե հողամասը հաղորդալարերի տակ է գտնվում, և այնտեղ շինարարությունն արգելվում  է: Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը դրանք պետք է վաղուց հեռացրած լիներ:

Շահումյանի անվան կոլտնտեսությունում Նաիրի Մեխրյանն ուներ 1400 խաղողի վազ, 140 հատ պտղատու ծառ: Նա համաձայնություն է տվել դրանք կտրելու, տարածքը վերցնելու` հուսալով, որ Լուկաշին փողոցում կադաստրային արժեքով ձեռք բերած հողակտորը կվաճառի եւ օգուտ կստանա: Սակայն մինչ օրս չի կարողանում վաճառել այդ հողամասը՝ Երևանի քաղաքապետարանի չկատարած պարտավորությունների պատճառով:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter