HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի' սպանեք լրագրողի մորը

Երբ իր բնակարանի մուտքի մոտ գնդակահարվեց Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության առաջին գլխավոր տնօրեն, «Час пик» հաղորդման հեղինակ Վլադ Լիստևը, նրա հիշատակին լրագրող Տիգրան Նաղդալյանը «կրակեց» իր հռչակավոր խոսքը. «Մի՝ կրակեք լրագրողի վրա»:

Դա 1995թ. մարտի 1-ին էր, և Տիգրանը չէր էլ կարող պատկերացնել, որ ընդամենը մի քանի տարի հետո նույն ճակատագրին է արժանանալու ինքը: Տիգրանին ևս վիճակված էր լինել առաջինը և գնդակահարվել: Նրան դիմահար կրակոցով սպանեցին ծնողների բնակարանի առջև: Պատվեր էր: Քիլլերը երկար հետևել էր և օգտագործել հարմար առիթը:

2002թ. դեկտեմբերի 28-ն էր: Տիգրանը աշխատում էր իր հեղինակային «Օրակարգ» հաղորդման տարեվերջյան թողարկման վրա: Չավարտեց: «Օրակարգը» եթեր հեռարձակվեց անավարտ վիճակում և արդեն նրա հիշատակին: Այդ ժամանակ Տիգրանը Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահն էր՝ առաջին նախագահը, ինչպես Վլադ Լիստևը:

Ամեն տարի՝ Վլադ Լիստևի սպանության օրը, Մոսկվայում հավաքվում են լրագրողներ, հիշում գործընկերոջը, հարգում նրա հիշատակը: Տիգրանին էլ են հիշում մտերիմները կամ, ավելի ճիշտ, նրանց մի մասը: 2011-ի դեկտեմբերի 28-ին նրան քչերը հիշեցին կամ, ավելի ճիշտ, չհիշեցին: Մեզ մոտ հիշելն արդեն դարձել է ըստ շահի, որովհետև ի տարբերություն Ռուսաստանի կամ այլ երկրների՝ այստեղ պրոֆեսիոնալիզմը վաղուց դիրքերը զիջել է մարտնչող միջակությանը: Իսկ ինչպե՞ս կարող է միջակությունը հիշել, հարգել, բարձրաձայնել: Հենց այդ մարտնչող միջակությունն էլ այսօր դարձել է մեր կյանքի, ապրելաձևի թելադրողն ու որոշիչը:

Չէի գրի այս մասին, եթե նախօրեին Հանրայինի «Առաջին լրատվական»-ով, որտեղ, ի դեպ, դեռ աշխատում են Տիգրանի գործընկերներից ոմանք, չտեսնեի Վազգեն Սարգսյանի ընտանիքին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցի լուսաբանումը: Անուրանալի է Վազգեն Սարգսյանի ներդրումը հայկական բանակի կազմավորման գործում: Ոչ ոք դրանում չի կասկածում: Եվ շատ բնական ու մարդկային էր բանակի կազմավորման 20-ամյակի առիթով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյաի այցը նրա ծնողներին:

Անբնական էր այցի լուսաբանման այն տարբերակը, որ հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրով: Հայաստանում գործող ցանկացած հեռուստաընկերությամբ այցի՝ այդ ձևաչափով լուսաբանումը կարելի էր հանդուրժել, դիմանալ, չնյարդայնանալ, նույնիսկ չհիշել լրագրողական համերաշխության մասին, բայց Հանրային հեռուստաընկերության դեպքում չես կարող չասել. «Տղերք, ձեր արածը բարոյական չէ»:

Բարոյական չէ, որովհետև այն մարդուն, ում դուք ջանասիրաբար ցուցադրում էիք՝ Սեյրան Օհանյանի հետ գրկախառնված, Տիգրան Նաղդալյանի սպանության եթե ոչ բուն պատվիրատուն, գոնե հստակ՝ ֆինանսավորողն էր: Իսկ գաղտնիք չէ, որ ֆինանսավորումը կատարել է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմենը, ով, ի դեպ, իշխանությունների բարեհաճությամբ ամբողջովին չկրեց պատիժը և ազատվեց ժամկետից շուտ:

Տիգրան Նաղդալյանն իր ծնողներին ժառանգություն չթողեց: Նրա թողածն իր շիրիմն է և մոր՝ տիկին Մարգոյի պատկերացմամբ՝ Հ1-ը: Եվ ամեն օր, ամեն ժամ Տիգրանի մայրը իր տղայի կարոտն առնում է Հ1, հատկապես լրատվական ծրագիրը նայելով: Եվ որքան էլ դառն է իրականությունը, որքան էլ Հ1 կոչվածը տարբեր է Տիգրանի պատկերացրած հեռուստաընկերությունից, միևնույն է, ուզեք թե չուզեք, Հ1-ը Տիգրանի մոր համար տղայից մնացած միակ ժառանգությունն է: Դուք գոնե մի պահ պատկերացրե՞լ եք, թե ինչ զգացում ապրեց Տիգրանի մայրը, երբ ձեր եթերում տեսավ հրճվանք ապրող այդ դեմքն ու նրան գրկախառնվող պաշտոնյային: Մտածել ե՞ք, թե՞ արդեն վերջնականապես զրկված եք մտածելու ունակությունից:

Բարոյականությունը մեռնում է, երբ թագավորում են անուղեղները: Դուք, որ տարբեր առիթներով «վաստակավորներ» եք և հանրությանը հայտնի տիտղոսակիրներ, մտածել ե՞ք, արդյոք, ի՞նչ արժեք ունեն ձեր կոչումները: Ձեզանից ոմանք դասավանդում են տարբեր ԲՈՒՀ-երում: Արդյո՞ք գիտեք այն հարցի պատասխանը, որ կհնչեցնի ձեր ուսանողը՝ ձեր իսկ աչքերի մեջ նայելով. «Ինչո՞ւ եք «սպանում» ձեր գործընկերոջ մորը»: Հաստատ կհնչի այս հարցը, որովհետև չի լինում այնպես, երբ ուսանողների մեջ բոլորը սովորում են, որ ստորաքարշ դառնան:

Հարություն Հարությունյան
«Հրապարակ»

Մեկնաբանություններ (5)

Կարինե Նաղդալյան
Ոմն Վարդգես չեմ ուզում կոռեկտ չլինել և վիրավորել ձեզ ,բայց մի փոքր խորհուրդը ձեզ չէր խանգարի:Նախքան դատարկ մեկնաբանություններ անելը լավ կլիներ խնդրեիք Հ1-ին(այժմյա ձեր սիրելիներին),որ ձեզ տրամադրեն արխիվային նյաութերը,մանրամասն ուսումնասիրեիք դրանք,իսկ հետո նոր հանդես եկեք մեկնաբանությամբ:Թե Տիգրանը ինչ պարկեշտ անձնավորություն է եղել դա գիտի ողջ հայ ժողովուրդը , իսկ նման բարբարոսություններ (այն է ձեռք առնել զոհվածների հարազատներին)երբևէ չէր կարող տեղ գտնել մինչ այժմ ամենահեղինակավոր և իր տեղը երբևէ չզիճող - ում,անկախ նրանից եթերում կա,թե ոչ:
Paruyr Makaryan
Uranal Tigran Naxdalyanin hamarum em anbaroyakan.
vardkes
isk Tigran@ vor tariner sharunak amen kiraki hoktemberk 27 i zoherin ev nranc harazatnerin zerq er arnum, cher mtacum vor chi kareli , nranq el cnog unen, quyr u egbayr........
Կարինե Նաղդալյան
Ես ՝Կարինե նաղդալյանս ապրում եմ հերթական խոր հիասթափությունը:Այն ժամանակ,երբ ապօրինի վաղաժամկետ ազատ արձակվեց Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուն՝(հանրապետության նախագահի թեթև ձեռքով)մայրս սրտի նոպա ունեցավ և ընկավ անկողին Շանթ հեռուստատեսությամբ տեսնելով մարդասպանության պատվիրատուի ժպտերես դեմքը:Հիմա արդեն դա ցուցադրվում է Տիգրան Նաղդալյանի հարազատ Հ1-ով:Պարզապես նոխկալի է և զզվելի :Սա էլ է հերթական պատվերը վերևից:Շնորհակալ եմ թեկուզ նրա համար,որ դեռևս կան արժանապատվություն ունեցող անձիք,որ նկատում են այդ ամենը և հանդես գալիս համապատասխան գնահատականով հանձինս՝ Հարություն Հարությունյանի: Հ1-ի և հայլուրի ղեկավարությունը պարզապես բարոյական իրավունք չունեին նման նենգ արարքի
aram
amen mi harc kareli meknabanel 2 koxmic ev chi kareli ogtvel lragrox linelu iravunqic ev qez dnel jailami tex, hargeli lragrox isk duq inqt qez harc tvel es te inchu petqe armen sargsyann patvirer lragroxin?????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter