HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Պիտի երիկամս ուղարկեին փոխպատվաստման, չուղարկեցին». դատարանում ցուցմունք տվեց Ալեքսանդր Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված անձը

Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով այսօր դատարանում հարցաքննվեց նրա դեմ ցուցմունք տված տուժող Դավիթ Սիմոնյանը: Վերջինս, հիշեցնենք, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայտնել է այն մասին, որ 11 տարի առաջ Սարգսյաններին պատկանող առանձնատան նկուղային հարկում Հայկ Սարգսյանն իր վրա կրակել է:

Սիմոնյանը հայտնեց, որ Հայկ Սարգսյանի հետ այժմ որևէ հարաբերություն չունի, բայց նախկինում մտերիմ են եղել: Ըստ տուժողի ցուցմունքի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին ինքը գտնվելիս է եղել Հայկ Սարգսյանին պատկանող բնակարանի նկուղային հարկում՝ անվտանգության աշխատակիցների համար նախատեսված սենյակում: Այնտեղ են եղել նաև Հայկ Սարգսյանն ու ևս մեկ անձ՝ Արթուր Սիմոնյանը:

Ըստ Դավիթ Սիմոնյանի՝ Հայկ Սարգսյանը քնած է եղել, ինքը Արթուրի հետ կենցաղային հարցի շուրջ վիճել է, և Սարգսյանը զարթնելով ասել է ՝ խելոք մնա, կկրակեմ, ու նստած դիրքից կրակել է իր վրա: 

Ըստ Սիմոնյանի պատմածի՝ Հայկի եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, լսելով կրակոցի ձայնը, իջել է նկուղ, ապա մեկ այլ անձի՝ Արթուր Ղևոնդյանի մեքենայով Սարգսյան եղբայրներն իրեն տարել են հիվանդանոց:

«Պռոշյանի վրա գտնվող 3-րդ հիվանդանոց տարան, հանեցին աջ երիկամս, լյարդս վիրահատեցին: Դրանից հետո, մի քանի օր անգիտակից եմ եղել: Կազդուրվելուց հետո ասացին, որ հայտնեմ՝ իբր կրակել է Արթուր Ղևոնդյանը. ատրճանակը գտել է «բոքսի հայաթի» մանկապարտեզի նկուղային հարկից ու խաղալով՝ հանկարծակի կրակել»,-պատմեց Դավիթ Սիմոնյանը:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանի հարցին՝ Սիմոնյանը երբվանի՞ց է կապ ունեցել Հայկ Սարգսյանի հետ, նա պատասխանեց, որ մի քանի ամիս շփվելիս են եղել մինչև միջադեպը, որ իրենց բնակարանները նույն տարածքում են գտնվել:

Հարցին, թե ի՞նչ նպատակով էր Դավիթ Սիմոնյանը գնացել նկուղային հարկ, վերջինս պատասխանեց, թե ընտրությունների համար:

«Ես այդ բակային տարածքներում ընտրություններն էի ապահովում, ընտրությունների հետ կապ ուներ Հայկ Սարգսյանը»,- ասաց Դավիթ Սիմոնյանը:

Վերջինս նշեց որ Արթուր Սիմոնյանի հետ վիճաբանության պատճառը եղել է այն, որ չեն կարողացել իրար միջև կիսել թմրանյութը, որը գտնվելիս է եղել Արթուրի մոտ:

Դատախազի հարցին՝ մինչև կրակելը Հայկ Սարգսյանը իրեն սպառնացե՞լ է սպանել, Սիմոնյանն ասաց, որ չի հիշում: Նա պատմեց, որ դեպքից հետո Հայկ Սարգսյանն իրեն սպառնացել ու ասել է, թե եթե չասի, որ Արթուր Ղևոնդյանն է իրեն կրակել, չի ապրի:

«Իմ հիշելով՝ մենակ Հայկն էր, ասաց՝ էլ չես ապրի, եթե չասես, որ Արթուր Ղևոնդյանն է կրակել, հետո պատմությունը պատմեց, ես էլ նույն ձև ասացի քննչականում»,- նշեց Սիմոնյանը: 

Ի պատասխան դատախազի հարցի տուժողը նշեց, որ Ղևոնդյանը նախապես չի խոսել նրա վերաբերյալ ցուցմունք տալու մասին ու չի իմացել՝ վերջինս Հայկ Սարգսյանի հետ խոսակցություն ունեցել է, թե՞ ոչ:

Հարցին՝ բացի Հայկ Սարգսյանից նրա ընտանիքի անդամներից, հարազատներից ու բարեկամներից որևէ մեկն իրեն սպառնալիք տվե՞լ է, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց:

Հարցին՝ արդյոք Հայկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, տեղյակ եղե՞լ է տեղի ունեցած միջադեպի մասին, Սիմոնյանը պատասխանեց, թե չգիտի և որ ինքը որևէ խոսակցություն չի ունեցել նրա հետ:

Սիմոնյանը նշեց, թե ինչու է 11 տարի անց որոշել հաղորդում տալ հանցագործության մասին:

«Վատ վարվեցին և երկրում իրավիճակ փոխվեց»,-ապա շարունակելով՝ նշեց, որ Հայկ Սարգսյանն է վատ վարվել իր հետ:

Դատախազի հարցին՝ ի՞նչ նկատի ունեք՝ վատ վարվել ասելով, Սիմոնյանը պատասխանեց. «Հենց մեկն այն, որ ամեն ինչ լավ պիտի լիներ, բայց լավ չեղավ, որ պիտի երիկամս ուղարկեին փոխպատվաստման, չուղարկեցին»:

Դատախազի հարցին, թե ինչպե՞ս է Դավիթ Սիմոնյանը իրավապահներին առաջին անգամ հայտնել միջադեպի իրական հանգամանքների մասին, վերջինս պատասխանեց, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ հաղորդում է տվել հանցագործության մասին: Նշենք, որ Դավիթ Սիմոնյանը անցնում է մեկ այլ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված գործով:

Հայկ Սարգսյանի դեմ հաղորդում տալու ժամանակ նա կալանավորված է եղել և պահվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ ցուցմունքից հետո նրա խափանման միջոցը փոխվել է , և նա ազատ է արձակվել:

Հարցին, թե կրակոցից հետո ի՞նչ գործողություներ է կատարել Հայկ Սարգսյանը, Սիմոնյանը պատասխանեց, որ վեր է կացել տեղից, հարցրել, որտեղի՞դ կպավ, հետո ձեռքով շոշափել է իր մեջքի հատվածն ու տեսել, որ մեջքին է կպել գնդակը:

Սիմոնյանը ասաց, որ չգիտի, թե ինչ նպատակով էր Հայկ Սարգսյանը կրակել իր վրա, իսկ սպանելու դիտավորություն ուներ, թե ոչ, առաջարկեց հարցնել հենց իրեն՝ Հայկին:

Սիմոնյանին հարցեր ուղղելիս Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ նա իր ցուցմունքում ասել է, որ կրակոցի ժամանակ եղել է Հայկ Սարգսյանի դիմաց՝ որոշակի հեռավորության վրա:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Սարգսյանը դիմացից կրակել է, բայց հարվածը Սիմոնյանի մեջքի հատվածում է եղել, վերջինս պատասխանեց, թե դիմացից կրակել է, բայց գնդակը դուրս է եկել մեջքի հատվածից. դիմացի հատվածում արնահոսություն չի եղել:

Սարգսյանի հարցին՝ որևէ խոչընդոտ կա՞ր, որ Հայկ Սարգսյանը Սիմոնյանի գլխի կամ սրտի հատվածում կրակեր, վերջինս պատասխանեց, որ հավանաբար, եթե ցանկանար գլխին կրակեր, ապա կկրակեր, և որ Սարգսյանը զենքն իր գլխի ուղղությամբ չի պահել:

Հարցին՝ Սիմոնյանն ուրախացա՞վ, երբ տեսավ վնասվածքը, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց:

Ըստ Սիմոնյանի՝ եթե Հայկ Սարգսյանն իրեն սպանելու դիտավորություն ունենար, հիվանդանոց չէր տանի, բայց ինքը չէ որոշողը, թե նրան ինչ հոդվածով պետք է մեղադրանք առաջադրվի, ինքը պատմել է իրողությունը: Նշենք, որ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի մեջ:

Երեմ Սարգսյանը հետաքրքվեց նաև, թե արդյոք Հայկ Սարգսյանը դեպքից մի քանի օր անց՝ Սիմոնյանի ծննդյան օրը նրան այցելել է հիվանդանոց, և վերջինս դրական պատասխան տվեց

«Տորթ բերեցին շնորհավորեցին»,- ասաց Սիմոնյանը: Երեմ Սարգսյանը հետաքրքրվեց՝ տորթը բերելուց առա՞ջ, թե՞ հետո է Հայկ Սարգսյանը սպառնացել Դավիթ Սիմոնյանին, և վերջինս ծիծաղելվ պատասխանեց, թե չի հիշում:

Նշենք, որ Դավիթ Սիմոնյանի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային, ուստի դատարանը հրապարակեց նախաքննական ցուցմունքները, ընթերցվեց նաև Սիմոնյանի դիմումը՝ ուղղված ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին: Դրանում Սիմոնյանը գրել էր.

«Հարգելի՛ պարոն ոստիկանապետ, հետևելով ձեր անզիջում պայքարին անարդարության դեմ և նախկին պաշտոնավորների կողմից թույլ տված հակաօրինական արարքների դեմ ներկայիս իշխանության պայքարին, ուզում եմ հայտնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկո Սարգսյանի կողմից իրենց տան՝ Թումանյան 1 հասցեում գտնվող շենքի առաջին հարկում տեղի ունեցածը։ Հայկն իր մոտ պահվող արտասահմանյան զենքով, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սպառնացել է, որ ինձ կսպանի և մեկ անգամ կրակել ինձ վրա: Մեր ընկեր Արթուրը, ում հետ ես վիճում էի, զենքը վերցրեց նրա ձեռքից, որպեսզի վերջինս նորից չկրակի, քանի որ Հայկոն ինձ սպառնում էր, որ կսպանի։
Այդ պահին իջավ իր ախպերը՝ Նարեկը, և տեսնելով ինձ արյունով՝ Հայկոն ասաց՝ ես էի, և ինձ Հայկը, Նարեկն ու Արթուրը տարան Պռոշյանի հիվանդանոց, որտեղ ինձ վիրահատեցին՝ հեռացրին աջ երիկմամս, լյարդս: Դրանից հետո եկել են Կենտրոնի ոստիկանները, ես էլ վախից գրեցի, որ ինձ վրա կրակել է Հայկի և Նարեկի ընկեր Արթուր Ղևոնդյանն, ով հիմա Սոչի քաղաքում է ապրում, քանի որ սպառնացել էին՝ ասելով՝ երկար չես ապրի: Այս ամենի մասին գիտեր Սաշիկ Սարգսյանը՝ Հայկոյի հայրն, ով օգտագործեց իր եղբոր անունն ու կապերը, իսկ տղաները մնացին անպատժելի, իսկ Արթուրին երկու օր անց ոստիկանությունից բաց թողեցին: Դրանից հետո մնեք մնացինք մտերիմներ։ Տասը տարի վատառողջ լինելով՝ դառել եմ ինվալիդ, վախեցել եմ ճիշտ ասել։ Խնդրում եմ ընդունել հանցագործության մասին դիմումս և պատժել իրական մեղավորներին՝ Հայկին և Նարեկին»: 

Սիմոնյանի հարցաքննությունն այսօր ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter