Մրցույթ` պայմանների խախտմամբ
2006թ. մարտի 16-ին Պետական գնումների գործակալությունում կայացած «Թափառող կենդանիների ստերիլիզացիայի» մրցույթին երկրորդ փուլ անցավ «Յունիգրաֆ-Իքս» կազմակերպությունը: «Իքսը» միանգամայն տեղին է կազմակերպության անվանման մեջ, քանի որ շուրջ երկու ամիս հնարավոր չէր պարզել ընկերության տվյալները: «Կարող է՝ նրանք չուզենան էլ ձեզ հետ խոսել»,- հայտնեց քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանը:
Ո՞րն էր «Յունիգրաֆ-Իքս»-ի նման ծպտյալության պատճառը՝ միանշանակ դժվար է ասել: Այդուհանդերձ, մեզ հաջողվեց հանդիպել նրանց հետ:
Առաջին անգամ «Յունիգրաֆ-Իքս»-ը հայտնվեց թափառող շների «գործի» մեջ 2005թ. վերջին, երբ հաղթեց «Թափառող կենդանիներին հրազենով ոչնչացնելու»՝ քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում: Կազմակերպությունը երկու ամիս զբաղված էր Երեւանի փողոցներում շուն սպանելով:
2006թ.-ին Երեւանի քաղաքապետարանը որոշում կայացրեց միաժամանակ երկու ճանապարհով պայքարել թափառող շների դեմ եւ հայտարարեց երկու մրցույթ. մեկը՝ հրազենով ոչնչացման, մյուսը՝ հատուկ կացարանի ստեղծման ու շների ստերիլիզացման:
«Տեսնենք, թե որ տարբերակն իրեն կարդարացնի»,-քաղաքապետարանի տրամաբանությունն է բացատրում Կարեն Գեւորգյանը: Ընդ որում' երկու հաղթողին էլ քաղաքապետարանը մտադիր է տրամադրել 50-ական մլն դրամ՝ համապատասխան ծառայությունը մատուցելու համար:
Հավանաբար, այդ ժամանակ էլ մի պայծառ միտք ծագեց «Յունիգրաֆի» տղաների գլխում՝ ի՞նչ է այդ ստերիլիզացիան, որ մենք չենք կարող կազմակերպել: «Որսորդների» ցանկությունը' մասնակցել շների կացարանի ստեղծման ու ստերիլիզացիայի մրցույթին, «Յունիգրաֆ-Իքս» ընկերության տնօրեն Մուշեղ Պոթիկյանը բացատրում է հետեւյալ կերպ. «Մենք գտանք, որ ավելի ճիշտ է ստերիլիզացնել թափառող շներին»: Իսկ այն հարցին' արդյոք մասնակցելու՞ են հաջորդ՝ հրազենով ոչնչացման մրցույթին, պատասխանում է. «Հնարավոր է: Եթե սա շահենք, մյուսին էլ կմասնակցենք»:
Ստերիլիզացիայի վերջին մրցույթում քաղաքապետարանը որոշել էր մասնակցության համար անհրաժեշտ՝ բանկային հաշվի վրա ունենալիք գումարը 2մլն-ից դարձնել 5մլն դրամ, իսկ կնքվելիք պայմանագրի գործողության ժամկետը 1 տարվա փոխարեն սահմանել 2 տարի: Այսինքն' եթե որեւէ կազմակերպություն շների հետ կապված ողջ գործը՝ եւ՛ կրակելը, եւ՛ ստերիլիզացնելը, վերցնի իր վրա (իսկ օրենքը թույլ է տալիս դա), ապա տարեկան կստանա 100 մլն դրամ:
Թափառող շների վնասազերծման քաղաքակիրթ տարբերակին անցնելու ողջ ընթացքում կա մի կարեւոր գործող անձ՝ «Փրկենք կենդանիներին» բարեգործական ՀԿ-ն եւ նրա նախագահ Նունե Մեհրաբյանը, որն իր միջոցներով ու բարեգործների եւ սովորական մարդկանց օգնությամբ հիմնել է Երեւանում առաջին եւ առայժմ միակ շների կացարանը, որտեղ այսօր շուրջ 100 շուն է ապրում (Տե՛ս լուսանկարները): ՀԿ-ն անցկացրել է 10 փորձնական ստերիլիզացիա եւ բարելավել պայմանները՝ քաղաքապետարանի հավանությանն արժանանալու ու մրցույթում հաղթելու համար: Պարոն Գեւորգյանն էլ այս ամբողջ ընթացքում խրախուսել է երիտասարդ աղջկա՝ կացարանի կատարելագործմանն ուղղված ջանքերը:
«Այ, դու «Բեկարի» հոր (hատուկ տեխնոլոգիայով կառուցված բետոնապատ հոր, որում վնասազերծում են հիվանդ ու վարակակիր կենդանիների դիերը) չունես, իսկ գիտե՞ս դա ինչ կարեւոր է, առանց դրա հնարավոր չէ: Դու պիտի լավացնես պայմանները»,-Նունե Մեհրաբյանի խոսքով՝ իրեն հորդորել է պրն Գեւորգյանը:
Սակայն «Յունիգրաֆն» ու նրա՝ ստերիլիզացիայի մրցույթի երկրորդ փուլ անցնելը ապացուցեցին, որ Բեկարի հորը «ստից բան է», եւ որ առանց դրա էլ կարելի է շների վնասազերծում կատարել:
Մրցութային հանձնաժողովի 6 անդամներից 3-ը քաղաքապետարանի ներկայացուցիչներ են, մյուս երեքը Պետական գնումների գործակալությունից են:
Ի՞նչ էր տեղի ունեցել մրցույթի առաջին փուլում՝ մարտի 16-ին: Նունե Մեհրաբյանի խոսքով՝ առաջինը բացվեց իր փաթեթը, պարզվեց, որ ինքն ուներ փաստաթղթային թերություններ, հետո՝ նիստի մեկնարկից մոտ 40 րոպե անց, հայտնվեց անակնկալ մի հայտատու՝ «Յունիգրաֆ-Իքսը»: «Նախքան նիստի սկիզբն ինձ ասվեց, որ այլ հայտատու, բացի ինձանից, չկա»,-նշում է Նունեն:
«Փրկենք կենդանիներին» ՀԿ նախագահ Նունե Մեհրաբյանը պնդում է, որ «Յունիգրաֆ-Իքս»-ի փաթեթի քննարկման ընթացքում ի հայտ եկավ, որ չկա պարտադիր փաստաթղթերի ցանկով պահանջվող՝ Բեկարի հորի կամ դիակիզարանի առկայությունը վկայող փաստաթուղթ: «Հետո հանձնաժողովի քարտուղար Հայկ Այունցը կատակեց, թե' գուցե զանգենք «Կադաստր» եւ ճշտե՞նք՝ կա՞, թե՞ չէ: 15 րոպե քննարկելուց հետո հայտարարվեց ընդմիջում, որից հետո էլ նիստը շարունակվեց նոր էջից»,-ասում է նա:
«Յունիգրաֆի» տնօրեն Մուշեղ Պոթիկյանի խոսքով՝ «Շատ վեճ գնաց՝ պե՞տք է Բեկարի հորի վկայական, թե չէ: Բայց դե, գերեզմանի փոս է. ո՞վ կտա վկայական: Էդ վիճաբանությունը որ եղավ, էլ խորացած չստուգեցին. մեզ չմերժեցին»:
Պարոն Գեւորգյանը համաձայնեց, որ հորի առկայության վերաբերյալ կոնկրետ փաստաթուղթ չի եղել, բայց հավելեց. «Պարտադիր չէ, որ Բեկարի հորը նշվի կադաստրի թղթում. հո հատ առ հատ չե՞ն նշում' տարածքի վրա ինչ կա, ինչ չկա»: Նշենք, սակայն, որ մրցութային փաթեթի պահանջներում հստակ նշված է, որ հայտատուն պետք է ներկայացնի այդ հորի (ընդ որում' թվով 4) առկայությունը հաստատող փաստաթուղթ:
Հանձնաժողովի քարտուղար Հայկ Այունցը նշում է. «Ինչ փաստաթուղթ որ պետք է, եղել է»: Գնումների գործակալության աշխատակից Համլետ Սարգսյանը, որը հանձնաժողովի անդամ էր եւ ներկա էր բացման նիստին, ասում է. ««Փրկենք կենդանիների» մոտ մերժման լուրջ խնդիր կար: Մյուսը ո՞վ էր, չեմ հիշում. օրեկան 1000 հատ մրցույթ է լինում՝ ոչ ֆիրման ենք հիշում, ոչ բան»:
«Փրկենք կենդանիներին» ՀԿ նախագահ Նունե Մեհրաբյանը բողոք է ներկայացրել Գնումների գործակալություն' պնդելով, որ իր մրցակցին' «Յունիգրաֆին», «առանց շատ կարեւոր մասնագիտական փաստաթղթի թույլ են տվել անցնել որակավորման փուլ» եւ խնդրել չեղյալ համարել մրցույթը:
«Յունիգրաֆ-Իքսը» ներկայացվող պարտադիր տարածքի հասցե է նշել Պարույր Սեւակի 7՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի հասցեն, Սրտաբանական ինստիտուտի հարեւանությամբ: Այստե՞ղ են պատրաստվում «յունիգրաֆցիները» ստերիլիզացնել թափառող կենդանիներին:
Համաձայն «Յունիգրաֆի» եւ ինստիտուտի միջեւ կնքված պայմանագրի' ինստիտուտը տարածք է տրամադրում ընկերությանը: «Եթե համագործակցությունը ստացվի, մեզ համար շահավետ է»,-ասում է Սերգեյ Մովսիսյանը,-«մենք կունենանք կենդանիների գլխաքանակ եւ փորձեր կդնենք: Բայց ես համոզված չեմ՝ գուցե ոչ մի փող էլ չունենան, գուցե դա պարզապես խոսակցություն է»: Ս. Մովսիսյանը համաձայնել է տարածք տրամադրել այն պայմանով, որ այնտեղ աշխատեն ինստիտուտի մասնագետները՝ շների մոտ պարազիտների կենսաբազմազանության շուրջ: «Իսկ տենդերն ու ստերիլիզացիան իրենց գործն է»,-նշում է Մովսիսյանը:
Ինստիտուտի տնօրենը նշեց նաեւ, որ ո՛չ Պարույր Սեւակի 7-ում, ո՛չ էլ Արզնիում գտնվող՝ ինստիտուտին պատկանող տարածքում չկան համապատասխան պայմաններ. «Պայմանները պետք է ստեղծվեն նախքան աշխատանքը սկսելը: Տվյալ պահին այնտեղ բացարձակապես ոչ մի պայման չկա: Բեկարի հոր մի հատ է ու հին, պետք է նորը կառուցվի»:
Բայց այլ կարծիքի է «Յունիգրաֆ-Իքս»-ը: «Բոլոր պայմանները ունենք. երկու տարածք՝ մեկը՝ Կենդանաբանության ինստիտուտը, մյուսը՝ ինստիտուտի տարածքը Արզնիում: Հիմա ռեմոնտի մեջ է. պաբելկա ենք անում»,-ասում է Մուշեղ Պոթիկյանը:
Իրականում ստերիլիզացիա անելու պայմաններ «Յունիգրաֆ-Իքսը» չունի, բայց իր հաշվին ունի վրա 5.7 մլն դրամի առկայության փաստաթուղթ: Եվ, ամենայն հավանականությամբ, կհաղթի, քանի որ Հայաստանում մրցույթում հաղթելու համար ոչ թե պետք է գործին տիրապետել ու նվիրված լինել, այլ «մեջք» ունենալ:
Ի տարբերություն նախորդ մրցույթների, այս անգամ նիստին ներկա էր Պետական գնումների գործակալության պետ Հակոբ Բեգլարյանը : Վերջինս հանձնաժողովի անդամ չէ:
Մրցութային հանձնաժողովի նախագահ, քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանի խոսքով՝ մրցույթի ընթացքում ոչ մի փաստացի ստուգում նախատեսված չէ. «Մենք ստուգում ենք միայն փաստաթղթերը: Հետո, եթե հաղթի, պայմանագիր կկնքվի: Իսկ հետո, եթե գործը չանի, հեչ կանենք պայմանագիրը. էսպես է օրենքը»:
Նատա Ոսկանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել