HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են փոստային առաքումների կապակցությամբ խնդիրներ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում փոստային առաքումների ընթացքում տեղ գտած մի շարք խնդիրների շուրջ։

Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, քննարկմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Անրի Վարդանյանը, փոստային գործունեությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարներ։

Արմեն Արզումանյանը նշել է, որ հանդիպումը պայմանավորված է նախարարությունում հունվարի 17-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում փոստային գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից բարձրաձայնած խնդիրների հնարավոր լուծման տարբերակները շահագրգիռ բոլոր կողմերի պատասխանատուների հետ համատեղ քննարկման անհրաժեշտությամբ:

Նա նշել է նաև, որ նախորդ հանդիպումից հետո «Գլոբբինգ», «Օնեքս», «Քրոնոգարանտ», «Ամերիքան գլոբալ գրուփ», «Ջեթ Լայն Կարգո», «Մեյլ-Էքսպրես», «Էքսպրես Հայկ» ՍՊ ընկերություններն իրենց գործունեության մասին մի շարք խնդիրների վերաբերյալ, որոնք պարզաբանման կարիք ունեն, նախարարությանը գրավոր նամակ է հղել:

Հանդիպման ընթացքում ներկայացված խնդիրները հիմնականում վերաբերում էին մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, փոստային առաքանիներում դեղերի արգելքին, փոստային առաքանիներում արգելված առարկաների առգրավման և հետագա ոչնչացման հետ կապված հարցերի կանոնակարգմանը, էլեկտրոնային տարբերակով դիմումների ներկայացման հնարավորությանը, փոստային առաքումների համար արտահանման ռեժիմի պարզեցմանը և այլն։

Բարձրացված հարցադրումների շրջանակում Շուշանիկ Ներսիսյանը տեղեկացրել է, որ ներկայում Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ սկսվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացը, որի համաձայն՝ փոստային առաքանիներում կթույլատրվի որոշակի քանակությամբ դեղերի ներմուծումը։ Առաջիկայում նշված օրենքի նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: Նա նաև պարզաբանել է, որ մաքսային ընթացակարգերի պարզեցման շրջանակում որոշում է կայացվել ավելացնել մաքսային զննություն իրականացնող աշխատակիցների թիվը, իսկ «Rapidscan» սարքավորումների քանակն ավելացնելու խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է և ներկայում դիտարկվում է սարքավորման ավելացման հնարավորության հարցը:

Անրի Վարդանյանը էլ հավելել է, որ մշակվում է համապատասխան ընթացակարգ, համաձայն որի՝ կկարգավորվեն փոստային առաքանիներում արգելված առարկաների առգրավման և հետագա ոչնչացման կապակցությամբ հարցերը:

Ծավալված ակտիվ քննարկման ընթացքում Անրի Վարդանյանը «Տրանսիմպեքս», «Ամերիքան գլոբալ գրուփ», «Քրոնոգարանտ» ՍՊ ընկերությունների ղեկավարներին հրավիրեց Արևմտյան մաքսատուն՝ իրենց բարձրացված մաքսային զննման ընթացակարգերի խնդիրները տեղում առավել մանրամասն քննարկելու 
համար:

Անդրադառնալով էլեկտրոնային տարբերակով դիմումների ներկայացման հնարավորությանը` տեղեկացվել է, որ փետրվարի 6-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատանը, նախարարության և ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման արդյունքում այս խնդիրն արդեն կարգավորվել է:

Արմեն Արզումանյանը և Շուշանիկ Ներսիսյանը հանդիպման ավարտին նշել են, որ ընկերությունների բարձրաձայնած հարցերը մշտապես կլինեն ուշադրության կենտրոնում, և քայլ առ քայլ բոլոր խնդիրներին լուծում կտրվի:

Մեկնաբանություններ (1)

Արմեն Վարդանյան
Ամենուր հանդիպող "իրավիճակա փոխվել" արտահայտությունը վերջապես տեսանելի եղավ Արևմտյան մաքսատանը: Օրեր առաջ առիթ ունեցա շբվելու մաքսատան աշխատակիցների հետ ու հավատացնում եմ իրոք շատ բանա փոխվել, բարեհամբույր ու արհեստավարժ աշխատակիցներ, ոչ լարված մթնոլորտ, ոչ ոքի աչքը քո գրպանին չէր: Ամենայն հավանականության դա գալիս է նորանշանակ ղեկավարից (հետո պարզեցի որ նոր վարչության պետ ունեն): Ամեն դեպքում տպավորված եմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter