HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Ծեծե՞նք աղքատներին

Շառլ Բոդլերն ունի էսսե՝ «Ծեծենք աղքատներին» վերնագրով: Գինետան այցելուն դաժանորեն ծեծում է մուրացկանին. «Բռունցքի մի հարված իջեցրի նրա աչքին, կոտրեցի նրա երկու ատամը»: Փողոցում ընկած փայտի կտորով հարվածում է մուրացիկին այնպես, ինչպես խոհարարը թակիչով կթակեր հորթի միսը: Եվ, «օ՛, հրաշք». գետնին թավալվող, խեղված ու այլանդակված մուրացիկի աչքերում հանկարծ ինչ-որ կրակ է հայտնվում: Նա բարձրանում է ընկած տեղից ու ողջ ուժով հարձակվում իրեն հարվածողի վրա, տապալում նրան գետնին, ջարդում նրա չորս ատամը, ապա կողերը, ջնջխում դեմքը…

Այցելուն ձեռքով-ոտքով մուրացիկին հասկացնում է, որ մարտն ավարտված է, վեր է կենում, թափ տալիս հագուստն ու ասում է. «Պարո՛ն, Դուք ինձ հավասար եք, պատիվ արեք կիսելու ինձ հետ իմ քսակը»:

Հայաստանում, ըստ Վիճակագրական կոմիտեի, աղքատությունը մոտ 30 % է: Պետությունը բոլոր իշխանությունների ժամանակ, միշտ էլ դժկամորեն է կատարել իր պարտավորությունը՝ աղքատությունը մեղմելու, աշխատանքի համար արժանապատիվ միջավայր ստեղծելու առումով: Կարելի է աղքատներին մեղադրել ծուլության համար, որ նրանք նպաստը նախընտրում են աշխատանքից: Կարելի է առաջարկել վեր կենալ բազմոցներից ու գնալ աշխատելու, դիցուք, Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում, որի տնօրենը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել էր, թե 200 թափուր աշխատատեղ ունի՝ 120 000 դրամ աշխատավարձով, սակայն մարդիկ չեն գալիս աշխատելու: Վարչապետն էլ կոչ էր արել գործազուրկներին գնալ ու համալրել թափուր աշխատատեղերը:

Իսկ աշխատանքային ինչպիսի՞ պայմաններ են, որ ոչ թե 1-2, այլ 200 աշխատատեղ է թափուր: Կամ ինչու՞ են ոմանք նախընտրում ստանալ աղքատության նպաստ ու չաշխատել: Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ աշխատավարձը նույնքան ցածր է, որքան նպաստը, և մարդը նախընտրում է ցածր, բայց կայուն նպաստը՝ ցածր, բայց ոչ կայուն աշխատավարձից:

Բարձր ամբիոններից աղքատությունը ամոթալի, ծույլ մարդուն բնորոշ երևույթ համարելը հոգեբանական հարված է աղքատության մեջ կամ աղքատության շեմին հայտնված մարդկանց: Նրանք առանց այդ էլ ընկճված ու բարդույթավորված են, հատկապես, եթե ամբողջ օրն աշխատում են կամ պատրաստ են աշխատել, սակայն, միևնույն է, աղքատ են: 25 000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներին ուղղված վարչապետի ուղերձը, թե «25 000 դրամով ի՞նչ պիտի սովորեցնեն», ևս արդար չէ: Սովորեցնում են, իսկ քառորդ դրույքով էլ գոնե կարողանում են կոմունալ ծախսերը փակել:

Աղքատների, աղքատության հանդեպ քննադատական վերաբերմունքը երկրի ղեկավարի կողմից ոչ թե աշխատելու մոտիվացիան է բարձրացնում, այլ նպաստում խոցելի այդ խմբի մարդկանց առավել ինքնամեկուսացմանը:
«Աղքատությունն ուղեղում ունենալու» մեղադրանքն ավելի շուտ մանիպուլյացիա է. այդպիսով իշխանությունը փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը, ասել, որ մարդիկ չեն սիրում աշխատել, այդ պատճառով էլ աղքատ են: Այդ դեպքում, ինչո՞վ բացատրել աշխատանքային միգրանտների մեծ բանակը: Մարդիկ գնում են ՌԴ,  այլ երկիր, ծանր պայմաններում աշխատում են, գումար են ուղարկում: Տրասֆերտների հաշվին Հայաստանում մարդիկ ապրում են, խանութներում առևտուր է լինում, փողը շրջանառվում է:

Աշխատանք չունենալու, աղքատության հիմնական պատճառը ոչ արժանապատիվ աշխատանքն է: Մարդիկ աշխատում են, սակայն իրենց աշխատանքին անհամարժեք ցածր աշխատավարձ են ստանում, շահագործվում են. գործատուները հաճախ խախտում են Աշխատանքային օրենսդրությունը, մարդկանց աշխատեցնում՝ առանց հանգստյան օրերի, առանց ընդմիջման, պահանջում կատարել չվարձատրվող արտաժամյա աշխատանք և այլն:

Պետությունը պետք է լինի Աշխատանքային օրենսգրքի կատարման, աշխատողների՝ արժանապատիվ աշխատելու իրավունքի պաշտպանը, երաշխավորը:

Անչափահաս երեք երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը գողություն է արել՝ երեխաներին կերակրելու նպատակով: Քրեական օրենսգիրքն անողոք է, քանի որ նա նախկինում ևս երկու անգամ պահածո և սնունդ է գողացել՝ նույն նպատակով, նրա հանդեպ պատժամիջոց չի կիրառվել, ու ահա, երրորդ անգամ է գողություն կատարել՝ 10 000 դրամ:

Աղքատ այս կնոջ հանդեպ արդարադատությունը գործում է ողջ խստությամբ. նրան սպառնում է հինգ տարվա ազատազրկում: Փետրվարի 13-ին, ԱԺ-ում, կառավարության ծրագրի շուրջ հարցուպատասխանի ընթացքում, վարչապետը նկատեց. «Խնդիր կա նաև ընդհանրապես երկրից ու ժողովրդից գողացված գումարների վերադարձի գործընթացի հետ կապված: Կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը: Այսինքն, եթե Հասմիկ Սարգսյանը ապօրինի ճանապարհով գերհարստացած լիներ, նա կարող էր հույս ունենալ, որ գույքը բռնագանձելուց հետո մեղադրական դատավճիռ իրեն չէր սպառնա: 10 000 դրամի դեպքում նման հնարավորություն չկա...

Աղքատությունն ինքնին բազմաչափ է, միայն փող չունենալը չէ: Աղքատ անձի համար գոյատևելը առաջնային խնդիր է, նրա ինքնագնահատականը ցածր է, խոցելի է օրենքի առաջ: Աղքատության այս դիսկուրսի խնդիրն այն է, որ հարուստ վերնախավը, որը, օգտվելով իր արտոնյալ կարգավիճակից, տարիներ շարունակ շահագործել է աղքատներին, ստիպել, որ համակերպվեն իրենց նվաստացուցիչ վիճակի հետ, չի դիտարկվում որպես պատասխանատու կողմ: Եթե պետությունը գտնում է, որ աղքատներն են մեղավոր իրենց վիճակի համար, պետությունն իրեն պարտավորված կզգա, լավագույն դեպքում, լուծել սոցիալական նպաստների խնդիրը: Եթե աղքատության մեղավորներ համարվեն ոչ թե իրենք՝ աղքատները, այս մոտեցումն արմատականորեն կփոխի աղքատության վերացման ուղղությամբ տարվելիք քաղաքականության շեշտադրումները:

Աղքատներին՝ որպես ծույլ, չնախաձեռնող, «դիվանին պառկող» խումբ ընկալելու տրամաբանությունը շարունակելու դեպքում կարող ենք կառավարությանն առաջարկել աղքատության դեմ պայքարելու «հեղափոխական» տարբերակ՝ «աղքատության հարկը», որը կարելի է գանձել անմիջապես նպաստներից: Ահա, այդ ժամանակ արդեն աղքատ լինելը ձեռնտու չի լինի: Կամ գուցե ծեծե՞նք աղքատներին:

Մեկնաբանություններ (2)

Մեկը
Հարգելի Գևորգ, "Մարդիկ կան, որ աղքատությունից ... ալարում են երեխայի խլինքը սրբեն։", դա աղքատությունից չէ, ալարկոտությունից է, շատ հարուստներ էլ կան, որ ալարում են երեխայի քիթը սրբեն:
Գևորգ
Ապրես հարգելի Լիլիթ, ճիշտ ու լավ ես շպպացրել։ Բայց պետք է ասեմ, որ Նիկոլն էլ է մի քիչ ճիշտ։ Մարդիկ կան, որ աղքատությունից ... ալարում են երեխայի խլինքը սրբեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter