HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էդուարդ Բաբայանի ունեցվածքը. 10 անշարժ գույք և խոշոր դրամական միջոցներ

Էդուարդ Բաբայանը, ով հանրությանն ավելի հայտնի է որպես ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ, ԱԺ պատգամավոր է ընտրվել 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների ժամանակ: Այսուհետ նա ևս բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով պետք է ներկայացնի գույքի ու եկամուտների հայտարարագիր:

Ըստ՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների հայտարարագրի՝ Էդուարդ Բաբայանը խոշոր ունեցվածքի տեր է: Նշենք, որ նա պաշտոնը ստանձնել է այս տարվա հունվարի 14-ին:

Էդուարդ Բաբայանը հայտարարագրել է 10 միավոր անշարժ գույք՝ 3 բնակարան, 1 առանձնատուն, 4 ավտոտնակ, 1-ական հասարակական շինություն և այլ անշարժ գույք:

«Հետք»-ն անդրադարձել էր Էդուարդ Բաբայանի առանձնատան պատմությանը, որը կառուցվել էր Աբովյան քաղաքում 2012-2016թթ.: Բաբայանն առանձնատունը կառուցել է ապօրինի, սակայն 2018թ-ի մարտ ամսին դիմել է քաղաքապետարան և օրինականացրել այն: Աբովյանի համայնքապետի որոշմամբ՝ 2700 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 931.5 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 139.1 քմ արտաքին մակերեսներով ավտոտնակը և ծածկարանները, 59.8 քմ արտաքին մակերեսով պարիսպը համարվել է օրինական:

Բացի դա, Բաբայանը նաև ապօրինի կառուցապատում է իրականացրել Աբովյան համայնքին պատկանող հողակտորի վրա, որի համար պատասխանատվության չի ենթարկվել: Ընդհակառակը՝ քաղաքապետարանը կառուցված շինությունը համարել է համայնքի սեփականություն և Էդուարդ Բաբայանին տվել է այդ շինությունը գնելու նախապատվություն:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Է. Բաբայանը հայտարարագրել է մոտ 371 հազար դրամ, որը եղել է այդ ժամանակահատվածի նրա միակ եկամուտը: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա նրա հաշվին եղել են խոշոր գումարներ, մասնավորապես՝ 101 մլն 235 հազար դրամ, 400 հազար 530 ԱՄՆ դոլար, 100 հազար 540 եվրո և 1 մլն 69 հազար ռուսական ռուբլի:

Նշենք, որ մինչև պատգամավոր ընտրվելը Էդուարդ Բաբայանը 1996-1997թթ. աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն), 1998-2004թթ.՝ պաշտպանության նախարարությունում, իսկ 2004-2018թթ. ոստիկանության ՊՊԳՎ-ում: 2017 թվականից հասարակական հիմունքներով եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդականը: 

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է հնարավոր, զբաղեցնելով այդ պաշտոնները, կուտակել այդքան ունեցվածք:

Լուսանկարը՝ Facebook

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter