HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրադատարանը Թեղուտի գործերով 6 վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր ընդդեմ Հայաստանի Հանրապետության 6 վճիռ է կայացրել Թեղուտի հանքավայրի շահագործման համար քաղաքացիներից գյուղատնտեսական նշանակության հողատարածքները հասարակության և պետության կարիքների համար հարկադրաբար օտարելու գործերով:

ՄԻԵԴ-ն այդ գործերով սեփականության և գույքային իրավունքների խախտումներ է ճանաչել և Հայաստանին պարտավորեցրել վճարել 69 400 եվրո գումար իրավունքները խախտված գյուղացիներին:

6 առանձին գործեր են քննվել` 5 Շնողի գյուղի բնակիչների և 1` Թեղուտի բնակչի դիմումներով:

Եվ այսպես` Ռամազյանն ընդդեմ Հայաստանի գործով, շնողցի հայր և որդի Ժոռա և Արկադի Ռամազյանները հայտնել են, որ գերակա հանրային շահի ներքո իրենցից խլել են 6 կտոր հողատարածք` առանց պատշաճ փոխհատուցման, մինչդեռ այդ հողակտորներն իրենց ապրուսի միակ միջոցն էին:

ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 1-րդ հոդվածի խախտում, երբ գյուղացիները չեն կարողացել և հնարավորություն չեն ունեցել ապացուցելու, որ իրենց հողատարածքների արժեքի ոչ իրավաչափ հաշվարկ է կատարվել` հօգուտ առևտրային կազմակերպության: Հայր և որդի Ռամազյանները 106,182 եվրո փոխհատուցում են պահանջել: ՄԻԵԴ-ը, սակայն, բավարարել է 10,400 եվրոյի չափով:

Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի գործով դիմողը ևս Շնողի բնակիչ է, ով 8 տարբեր հողակտոր է ունեցել, որոնք ևս իր ապրուստի միակ միջոցն են եղել: Այդ հողակտորների դիմաց Թեղուտի հանք շահագործողներից անհամաչափ փոխհատուցում է ստացել: Նա դատարանից պահանջել է 371,954 եվրո, սակայն ՄԻԵԴ-ը Լևոն Ալիխանյանին 17,200 եվրոյի փոխհատուցում է սահմանել:

Փարսադանյաններն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ դիմել են Թեղուտ գյուղի բնակիչներ, 1933թ. ծնված Վոլոդյա, 1940թ. ծնված Լուսինե և 1975թ. ծնված Սեդա Փարսադանյանները: Նրանք համատեղ սեփականությամբ ունեցել են 0,430 հա հողատարածք, որը գնահատվել է մոտ 500 եվրո: Փարսադանյան ընտանիքը 26,635 եվրոյի փոխհատուցման պահանջ է ներկայացրել: ՄԻԵԴ-ը փոխհատուցման գումար է սահմանել 8600 եվրոն:

Վարդանյանն ու Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի գործով նույն ընտանիքի 5 դիմումատուներ` Վարդան, Վահե, Արմինե, Անի Վարդանյանները և Մարինե Հախվերդյանը Շնող գյուղում են ապրում և առանձին երկու հողակտորներ են ունեցել` 0,3  և 1,7 հա չափով, որոնք ևս շուկայական արժեքից ցածր են գնահատվել: Նրանք 114,620 եվրո փոխհատուցում են պահանջել, մինչդեռ ՄԻԵԴ-ը բավարարել է 14 000-ը:

Մաշինյանն ու Ռազմազյանն ընդդեմ Հայաստանի գործով Շնողում ապրող ևս մեկ ընտանիք է փոխհատուցում ստացել: Ռուսայել, Ժենիկ, Շաքար, Վարազդա Մաշինյաններն ու Լիանա Ռամազյանը ունեցել են 1,633 հա հողատարածք, որն այն ժամանակ 2045 եվրո է գնահատվել:

Իրենց ընտանիքին հասցված վնասն այս դիմումատուները գնահատել են 93,631 եվրո, սակայն դատարանը բավարարել է 14 000-ը:

Եվ վերջապես շնողցի Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի գործով ստացել է 5200 եվրո փոխհատուցում: Նա ունեցել է 0.186 հա հող, որը գնահատվել է 290 եվրո:

Այս քաղաքացիների շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Թումանյանն է գործը հասցրել Եվրոպական դատարան: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ դեռևս ծանոթ չէ առանձին գործերով կայացված վճիռներին, դրանց կկարողանա մանրամասն անդրադառնալ միայն ծանոթանալուց հետո:

Փաստաբան Վահե Գրիգորյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այս վճիռներին, նշել է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ դատական իշխանությունը՝ իր եռաստիճան համակարգով և հարյուրավոր դատավորներով ի վիճակի չի եղել երաշխավորել այս գյուղացիների տարրական իրավունքների պաշտպանությունը։

«Վերջիններիս իրենց կամքին հակառակ սեփականազրկելու պարագայում նույնիսկ, այս համակարգն այն աստիճան անողնաշար եւ անսկզբունք է գտնվել, որ այս մարդկանց համար չի ապահովել իրենց չնչին ապրուստի միջոցի աղբյուր հանդիսացող հողատարածքների արժեքի բավարարումը ահռելի ֆինանսական կարողությունների տիրապետող հանքարդյունաբերողի հետ վեճերում։ Այն փոխհատուցումը, որ ՄԻԵԴ-ը վճռել է այս ընտանիքների համար, չնչին գումարներ են համեմատ այն ֆինանսական ներդրումային հնարավորությունների, որոնց տիրապետել է հանքարդյունաբերող կազմակերպությունը։ Բայց, այդ տարբերությունը նկատել են հայաստանյան կոնտեքստից հեռու 3 միջազգային դատավոր, մինչդեռ հայաստանյան դատարանների ջայլամաբարո կեցվածքի բերումով այս՝ սենյակի մեջտեղում մեծ փղին չեն նկատել հայաստանյան դատավորները»։

Փաստաբանը կարծում է, որ այս ընտանիքների գործերի վերաբացման համար ՄԻԵԴ վճիռները իրական հնարավորություն են։

«Գյուղացիներին պատճառված վնասը հատուցելու է Կառավարությունը, բայց ես վստահ չեմ, որ այս տեսակի գործերով պետությունն այլեւս կարող է իրեն թույլ տալ առաջին հերթին քաղաքացիների սահմանադրական իրավունքներին, ապա նաեւ՝ պետական բյուջեին հասցված վնասի վրա աչք փակելու շռայլությունը։ Այս ամենաթողությունը պետք է լուծում ունենա»,- նշում է Վահե Գրիգորյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter