HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ուսման վարձի ամսական վճարում․ առաջարկվում է հավանություն տալ օրենքի նախագծին

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը վաղը կառավարությանը կներկայացնի որոշման նախագիծ, որն ընդունելու դեպքում գործադիրը պաշտոնապես դրական կարծիք կհայտնի բուհերում ուսման վարձը ամսական վճարելու օրենքի նախագծին։

Օրենքի նախագծի հեղինակը Ազգային ժողովի «Բարագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է: Նախագիծը ԱԺ-ում զեկուցվել է այս տարվա հունվարի 18-ին: Նույն օրը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կառավարության կարծիքը ստանալու համար գրություն էր ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` կցելով օրենքի նախագիծը: Ենթադրվում է՝ գրությունն ուղարկվել է ԿԳ նախարարություն՝ օրենքի նախագիծն ուսումնասիրելու և կառավարությանը վաղը ներկայացվելիք որոշման նախագիծը կազմելու համար։

Այժմ «Կրթության մասին» օրենքը բուհերի հայեցողությանն է թողնում՝ ուսանողից ամսական գանձում կատարել, թե կիսամյակային, և բուհերն էլ հիմնականում կայացնում են երկրորդ որոշումը։ Օրենքի նախագծով Տ․ Ուրիխանյանն առաջարկում է պարտադիր պահանջ սահմանել ոչ միայն կիսամյակային, այլև ամսական վճարման մեխանիզմը։

Սա, ըստ նախագծի հեղինակի, հնարավորություն կտա մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների՝ ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները: Նման կարծիք է հայտնել նաև ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունը՝ նախագիծը կառավարություն ուղարկելուց առաջ։ Վարչությունը հատկապես կարևորել էր այն, որ այս առաջարկը ուսանողներին հնարավորություն կտա խուսափել ուսման վարձի վճարման նպատակով վարկեր վերցնելու անհրաժեշտությունից:

Նշենք, որ բարձր ուսման վարձի դեպքում նաև ամսական վճարը կարող է լինել ֆինանսական բեռ և դարձյալ դառնալ վարկ վերցնելու պատճառ։ Սակայն, իհարկե, զգալիորեն մեղմվելու է այն ուսանողների դրությունը, որոնց կիսամյակի վարձավճարը չմուծելու պատճառով, օրինակ, բուհի ղեկավարությունը չի թողնում մասնակցել քննությանը։

ԱԺ տնտեսական վարչությունը նպատակահարմար է համարել հարցը քննարկել նաև բուհերի տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ուսման վարձերն են հիմնականում ձևավորում համալսարանների բյուջեները։ Պետական բուհերի համար նախագիծը համարվել է տրամաբանական, քանի որ դրանք ֆինանսավորում ունեն ոչ միայն ուսանողներից, այլև պետությունից, և, հետևաբար, հնարավորություն կա «հարթեցնել» ուսման վարձերի ամսական պարբերականությամբ հավաքագրման հետ կապված դժվարությունները։ Իսկ մասնավոր բուհերը, որոնց համար ուսման վարձերը ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկն են, վարչությունը կանխատեսել է ֆինանսական որոշ դժվարություններ։

«Կարող են առաջանալ ֆինանսական պլանավորման, ինչպես նաև կրթական վճարովի ծառայությունների մատուցման դադարեցման ժամկետի որոշման խնդիրներ․ մասնավորապես, անհրաժեշտ կլինի սահմանել, թե երբ կարող է բուհը դադարեցնել իր կողմից ծառայությունների մատուցումը, եթե որեւէ ամսվա համար ուսանողը չի կարողացել վճարել ուսման վարձը»,- նշված է ԱԺ տնտեսագիտական փորձաքննության վարչության եզրակացության մեջ։

Ենթադրվում է, որ կրթության և գիտության նախարարությունը պետք է ուսումնասիրեր այս հարցերը։ Որոշման նախագծում գրված է, որ կառավարությունը օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ ներկայացնելու սկզբունքային առաջարկություններ չունի: Թեև պաշտոնապես առաջարկվում է հավանություն տալ օրենքի նախագծին, այնուամենայնիվ տեղեկացվում է, որ ըստ ամիսների ուսման վարձավճարների գանձումների պարագայում բուհերի համար կարող են առաջանալ ֆինանսական խնդիրներ՝ ինչպես պայմանագրային պարտականությունների կատարման, աշխատավարձերի վճարման, այնպես էլ բուհի ենթա­կա­ռուցվածքների պահպանման կամ գործունեության համար անհրաժեշտ այլ ընթացիկ ծախ­սերի առումով:

լրացում- Նախագիծը 06.03.2018-ին ընդունվել է ԱԺ-ում առաջին ընթերցմամբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter