HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչություն․ «Բուժաշխատողների կողմից տրվող բժշկական փաստաթղթերը երբեմն լրացվում են օտարալեզու»

Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների ահազանգերն ու դժգոհությունը առ այն, որ Հայաստանում գործող բժշկական կազմակերպությունների բուժաշխատողների կողմից տրվող բժշկական փաստաթղթերը երբեմն լրացված են լինում օտարալեզու` հիմնականում ռուսերեն կամ լրացվում են անընթեռնելի ձեռագրով։ Այս մասին տեղեկացնում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Խնդիրը, ըստ տեսչության, իհարկե առկա է, և հատկապես ավագ սերնդի բժիշկների մոտ կրում է սովորութային բնույթ, սակայն հարկ է նշել, որ գործող օրենսդրությունը հստակ ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն հայերենն է, պաշտոնական փաստաթղթաշրջանառությունը պետք է իրականացվի հայերենով, իսկ առողջապահության բնագավառի մի շարք իրավական ակտերով հստակ պահանջվում է, որ բժշկական փաստաթղթերը վարվեն և քաղաքացիներին տրամադրվեն գրական հայերենով և ընթեռնելի ձեռագրով։ Մասնավորապես այդ մասին շեշտված է բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում, բնակչությանը պետպատվերով տրամադրվող բուժօգնության կարգերը հաստատող որոշումներում և բժշկական փաստաթղթերի լրացման հաստատված կարգերում։ 

Տեսչությունը կարծում է, որ մեկ անգամ ևս պետք է բուժաշխատողների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, և կոչ անել հարգել և պահպանել մեր երկրի օրենսդրությունը և ուշադրություն դարձնել իրենց կողմից լրացվող բժշկական փաստաթղթերի լրացման գործընթացի վրա։ 

Հավելվում է նաև, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով այս խնդրով մտահոգ քաղաքացիների դիմումները, իր ուշադրության կենտրոնում է պահելու օրենսդրության պահանջների կատարման խնդիրը և կիրառելու է համապատասխան իրազեկման, կանխարգելման, վերահսկողական գործիքներ, իսկ թերությունները չշտկելու պարագայում` նաև պատժամիջոցներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter