
Հայկական աճուրդների ֆենոմենը
«Երեւանում մարդ չեք գտնի, որ հավատա, թե աճուրդները արդար են անցկացվում...»,-այս տարվա հունվարի 20-ին Երեւանի քաղաքապետարանում ասել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Այդպիսի մի աճուրդ էլ կայացել էր անցյալ տարի: Երեւանի քաղաքապետի 2005թ. մարտի 5-ի 445-Ա որոշմամբ «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում գտնվող Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հարակից տարածքը տրամադրվել է աճուրդում հաղթող ճանաչված Աիդա Խաչատրյանին: 2005-ի դեկտեմբերից այդտեղ սկսվել է բազմահարկ բնակելի շենքի շինարարություն:
Այս կառույցի մասին, բնականաբար, երեւանցիները տեղյակ չեն, նրանց կարծիքը ոչ ոք չի հարցրել' արժե՞, արդյոք, Փարաջանովի թանգարանի հարակից տարածքում բնակելի շենք կառուցել: Դեռեւս խորհրդային տարիներին քաղաքի այս հատվածը որոշվել էր դարձնել ազգագրական թաղամաս եւ կառուցել երկու-երեք հարկանի հնաոճ տներ:
Ո՞վ է Աիդա Խաչատրյանը, որն աճուրդում հաղթել է' 480 քմ հողակտորի համար վճարելով 22 մլն 861 հազար դրամ: «Եթե նորմալ աճուրդ անցկացվեր, բնականաբար, քաղաքի այս հատվածում այսքան էժան ձեռք չէին բերի այդչափ հողակտոր: Նույնիսկ այստեղ կառուցվելիք շենքի մի բնակարանի արժեքի փող չեն վճարել հողատարածքի դիմաց»,-ասում է քաղաքապետարանի մի աշխատակից, որը չցանկացավ հրապարակել իր անունը:
Հայտնի է, որ պատահական որեւէ մեկը չի կարող քաղաքի կենտրոնում նման գներով հող ձեռք բերել: Դրա վկայությունն է Երեւանի կենտրոնում կառուցվող, այսպես կոչված, «էլիտար» շենքերի իրական տերերի ցանկը:
«480 քմ տարածք զբաղեցնող այդ կառույցը ամբողջությամբ փակելու է թանգարան տանող ճանապարհը: Շենքը կզրկվի տուրիստական ավտոբուսների եւ մեքենաների' թանգարանի մոտ կայանելու հնարավորությունից: Տարեկան թանգարան է այցելում շուրջ 10 հազար մարդ' արտերկրից եւ Հայաստանից: Այս թանգարանը Երեւանի այն վայրերից է, ուր պարտադիր այցելում են Երեւան ժամանող բոլոր պաշտոնատար անձինք»,-ասում է Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
Հենց այս տարածքում էր նախատեսված տեղադրել Սերգեյ Փարաջանովի հուշարձանը:
Երեւանի քաղաքապետին կից Քաղաքաշինական խորհրդի ( խորհրդի կազմում ընգրկված են հայտնի ճարտարապետներ, հասարակական կազմակերպությունների եւ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ ) վերջին նիստերից մեկում ճարտարապետ Լեւոն Իգիթյանն առաջարկել էր քննարկել այդ շենքի հետ կապված հարցերը: Սակայն խորհրդի անդամներն այդպես էլ չեն քննարկել այդ հարցը. քաղաքապետարանի ներկայացուցիչները խուսափել են դրան անդրադառնալ: Ամեն ինչ գաղտնի է պահվում խորհրդից, նույնիսկ կառուցվող շենքի նախագիծը:
Իսկ գաղտնի պահելու պատճառը մեկն է' շենքի իրական տերը ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանն է, նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին:
Մեկնաբանել