HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2018 թվականին Հայաստանից դեպի արտերկիր դրամական փոխանցումները 20%-ով աճել են

2018 թվականի տարեկան տվյալներով՝ արտերկրից Հայաստան ֆիզիկական անձանց ուղարկած գումարների ծավալը (տրանսֆերտները) փոքր աճ է գրանցել։ Փոխարենն էական տեմպերով ավելացել է փողի արտահոսքը՝ Հայաստանից արտերկիր ուղարկվող գումարների ծավալը։ Նման միտում էր գրանցվել նաև 2017 թվականին, երբ դրամական փոխանցումների արտահոսքն ավելի արագ տեմպերով է աճել, քան ներհոսքը։

Տրանսֆերտները էական նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար։ Համաշխարհային բանկի (ՀԲ) հաշվարկներով՝ Հայաստանը տարբեր տարիներին հայտնվել է (օրինակ՝ 2013 թվականին) դրամական փոխանցումներից առավել մեծ կախվածություն ունեցող երկրների շարքում։ ՀԲ-ն հաշվարկում է, թե արտերկրից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները տվյալ երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) քանի տոկոսն են կազմել (հիմնվում են վճարային հաշվեկշռի տվյալների վրա)։ Հայաստանի պարագայում այն 2013 թվականին կազմել է շուրջ 20%: Այդ տարի դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալը հատել է 2.3 մլրդ դոլարը։ Վերջին տարիներին, երբ տրանսֆերտների ծավալը նվազել է, այդ հարաբերակցությունը 13-14 %-ի սահմաններում է։

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ 2018 թվականի հունվար-դեկտեմբերին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են ուղարկել 1 մլրդ 785.6 մլն դոլարին համաժեք գումար։ 2017 թվականի համեմատ այն աճել է 29.1 մլն դոլարով կամ ընդամենը 1.6 %-ով։

Նույն ընթացքում Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձինք բանկերի միջոցով փոխանցել են 1 մլրդ 188.4 մլն դոլար: Ի տարբերություն ներհոսքի, այս ցուցանիշի աճը շատ ավելի մեծ է՝ 198.6 մլն դոլարով կամ 20 %:

Արդյունքում ստացվել է, որ տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը կազմել է 597 մլն դոլար։ Զուտ ներհոսքը 2017 թվականի համեմատ՝ կրճատվել է 169 մլն դոլարով կամ 22.1 %-ով։

Վերջին 10 տարիներին տրանսֆերտների ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2013 թվականին, ամենացածրը՝ 2016-ին։ Հիշեցնենք, որ կտրուկ անկում է գրանցվել 2015 թվականին։

chart 1.png (171 KB)

Տրանսֆերտների գլխավոր աղբյուր հանդիսացող Ռուսաստանից 2018 թվականին գումարների ներհոսքը կազմել է մոտ 1 մլրդ 50 մլն դոլար, որը 15 մլն դոլարով պակաս է 2017 թվականի ցուցանիշից։ Արտերկրից Հայաստան ուղարկվող գումարների ընդհանուր կազմում մոտ 59 %-ը Ռուսաստանից ուղարկված գումարներն են։ Ռուսասատնից եկող գումարները 2018 թվականին սկսել են նվազել օգոստոսից։ Նվազումը պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ ու առհասարակ Ռուսաստանի տնտեսության բացասական գործընթացներով։ Բացի այն, որ այնտեղ աշխատող հայաստանցիների ուղարկած ռուբլին է արժեզրկված, այնպես էլ՝ փողի քանակն է պակասել։

Հայաստան գումարներ են ուղարկվում նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Չինաստանից և այլ երկրներից։  Ընդհանուր վիճակագրության մեջ 2018 թվականին առավել զգալի է Ղազախստանից ուղարկվող գումարների նվազումը 2017 թվականի համեմատ (2017թ.՝ մոտ 47  մլն դոլար, 2018թ.՝ մոտ 31 մլն դոլար) և Ֆրանսիայի աճը (2017թ.՝ մոտ 26 մլն դոլար, 2018թ.՝ մոտ 49 մլն դոլար)։

Ինչ վերաբերում է Հայաստանից արտերկիր ուղարկվող գումարներին, ապա այս ցանկում ևս առաջատարը Ռուսաստանն է։  Նախորդ տարի ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից Ռուսաստան են ուղարկել մոտ 472 մլն դոլարին համարժեք գումար՝ 96 մլն դոլարով կամ 25.4 %-ով ավելին, քան 2017 թվականին։

Մի քանի երկրների մասով դրամական փոխանցումների զուտ ներհոսքը բացասական ցուցանիշ է կազմել, այսինքն՝ Հայաստանից դեպի այդ երկիր ավելի շատ են ուղարկել, քան այդ երկրից Հայաստան։ Առավել ուշագրավ են Չինաստանի տվյալները։ 2018 թվականին Չինաստանից Հայաստան է ուղարկվել 4 մլն դոլար, իսկ Հայաստանից Չինաստան՝ մոտ 57.5 մլն դոլար։

chart 2.png (178 KB)

Ռուսաստանից Հայաստան գումարներ են ուղարկում հիմնականում այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները, որոնց ընտանիքների հիմնական եկամուտները հենց այդ գումարներն են։ Դա է պատճառը, որ Ռուսաստանում ցանկացած տնտեսական բացասական գործընթաց ազդում է արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների աշխատավարձերի ու այստեղ ապրող նրանց ընտանիքների կենսամակարդակի վրա։ Եվ այդ ամենը երևում է տրանսֆերտների վիճակագրության մեջ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter