HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Կեղծ լուրերը` սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը եւ ներքին կայունությանը. Ֆրանսիան համալիր պայքար է սկսել տեղեկատվական մանիպուլյացիայի դեմ

Այս տարվա հունվարին սոցիալական ցանցերը «թնդացին» լուրից, թե Ֆրանսիան պատրաստվում է Գերմանիային վերադարձնել Էլզաս-Լոթարինգիայի շրջանը: Լուրի հեղինակը ֆրանսիական աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Բեռնար Մոնոն էր, որը տեսաուղերձ էր (այն ներկայումս հեռացված է Յութուբից եւ պատգամավորի սոցիալական ցանցերի բոլոր հաշիվներից-հեղ.) տարածել հետեւյալ բովանդակությամբ. «Իրականությունը սարսափելի է, ողբերգական: Մակրոնը կիրականացնի Հիտլերի երազանքը` Գերմանիայի առջեւ ծնկի եկած եւ մասնատված Ֆրանսիա` Գերմանիան ընդլայնելու նպատակով»: Իրականությունն այն էր, որ հունվարի 22-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում էին ֆրանս-գերմանական համագործակցության նոր համաձայնագիր կնքել, որտեղ որեւէ խոսք չկար Էլզաս-Լոթարինգիան Գերմանիային հանձնելու մասին: Դա պարզ տեղեկատվական մանիպուլյացիա էր, որը հերքելու համար ֆրանսիական իշխանություններից բավական ջանքեր պահանջվեցին: Կեղծ տեղեկությունների (fake news) զանգվածային տարածումը կանխելու եւ ներքաղաքական կայունությունը պահպանելու համար Ֆրանսիայի ԱԳՆ-ն ստիպված եղավ դիվանագիտության մեջ աննախադեպ քայլի դիմել` հրապարակեց համաձայնագրի տեքստը այն ստորագրելուց առաջ: Եվ այս առիթն ամրապնդեց ֆրանսիական կառավարության հաստատակամությունը` կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել կեղծ նորությունների տարածման դեմ:

Նախագահ Էմանուել Մակրոնն առհասարակ շատ զգայուն է տեղեկատվական մանիպուլյացիայի թեմայի նկատմամբ, քանի որ ոչ միայն 2017-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ֆրանսիայում (MacronLeask-ի պատմությունը-հեղ.), այլեւ հարեւան երկրներում դրա միջոցով միջամտություն է եղել ընտրությունների եւ հանրաքվեների արդյունքներին (Brexit-ը` վառ օրինակ): Եվ քանի որ առջեւում` այս տարվա մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններն են, Մակրոնը ցանկանում է դրանք զերծ պահել նման ներքին եւ արտաքին ազդեցություններից: Իսկ արտաքին ազդեցություն գործում են այլ պետություններ` Ֆրանսիայի տարածքում հեռարձակվող կամ հասանելի իրենց լրատվամիջոցների օգնությամբ, օրինակ` Russia Today-ը, որից «սարսափում» են գրեթե բոլոր ֆրանսիացի պաշտոնյաները: Մտահոգության առիթ այս առումով Ֆրանսիայում, իրոք, կա. 2018-ի նոյեմբերին սկսված եւ մինչ օրս շարունակվող «Դեղին բաճկոնների» (Gilets jaunes) շարժման անդամները սակավ թվով լրատվամիջոցների են թույլ տալիս լուսաբանել իրենց ցույցերը` ավանդական ֆրանսիական մեդիայի նկատմամբ շատ ցածր (վերջին հարցման տվյալներով` 20%) վստահության պատճառով: Եվ «վստահելիների» շարքում Կրեմլի քարոզչության առաջամարտիկ Russia Today-ն է (RT):

«RT-ն օգտագործում է մեր թույլ կողմերը, մեր պրոբլեմները` հասարակական կարծիքը մանիպուլացնելու համար»,- Հայաստանից ճանաչողական այցով Ֆրանսիա ժամանած լրագրողների խմբին ասաց քաղաքական գիտությունների եւ հաղորդակցության նոր տեխնոլոգիաների մասնագետ, Ինֆորմատիկայի եւ հաղորդակցության բարձրագույն դպրոցի (CELSA) պրոֆեսոր, Paris 7 եւ Sorbonne-Nouvelle համալսարաններում «Թվային տիրույթի մշակույթ» առարկայի դասընթացավար Տրիստան Մենդես Ֆրանսը:

Նախագահ Մակրոնը մեկ անգամ չէ խիստ արտահայտվել ռուսական մեդիայի` հատկապես RT-ի եւ «Սպուտնիկի» «ապակառուցողական» տեղեկատվական քաղաքականության եւ Ռուսաստանի կողմից Ֆրանսիայում օգտագործվող «փափուկ ուժի» (soft power) վերաբերյալ (RT-ն վարձում է հայտնի ֆրանսիացի լրագրողների, որոնք հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունեն-հեղ.): Շատերը կհիշեն` ինչպես այս երկու լրատվամիջոցների ներկայացուցիչներին դեռեւս նախագահական քարոզարշավի ժամանակ արգելեցին մուտք գործել Մակրոնի նախընտրական շտաբ, իսկ Պուտինի` Ֆրանսիա կատարած այցի ավարտին Վերսալում տված մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Մակրոնն այս երկու լրատվամիջոցները որակեց որպես «ազդեցության եւ պրոպագանդայի մարմիններ»:

Ֆրանսիայի քաղաքագիտական համայնքի որոշ ներկայացուցիչներ ֆրանսիական իշխանությունների կողմից RT-ին արձագանքելը սխալ են համարում, կարծում են` պետք է անտեսել: «Չեմ հասկանում, թե ինչու են ֆրանսիական իշխանությունները, կառավարությունը այդքան շատ խոսում RT-ի, կեղծ նորությունների մասին, նրանց վրա ուշադրություն հրավիրում: Մինչեւ Մակրոնի ընտրությունները Ֆրանսիայում ոչ ոք չէր լսել RT-ի մասին»,- մեզ հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի գիտաշխատողներից մեկը:

Օրենք` կեղծ ինֆորմացիայի զանգվածային տարածման դեմ պայքարի մասին

Կեղծ լուրերի շրջանառությունը եւ դրանց բացասական ազդեցությունը կանխելու նպատակով Ֆրանսիայի իշխանությունները համակողմանի միջոցներ են ձեռնարկում` օրենսդրական կարգավորում, կրթություն, մեդիայի նկատմամբ վստահության բարձրացում:

Մինչ այդ քայլերը մշակելը Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ռազմավարության պլանավորման բաժինը եւ Պաշտպանության նախարարության ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը համատեղ ծավալուն զեկույց են պատրաստել այն մասին, թե ինչ մարտահրավեր են պարունակում դեմոկրատիայի համար տեղեկատվական մանիպուլյացիաները:

Այդ զեկույցի արդյունքների եւ առաջարկությունների հիման վրա «Առա´ջ, Հանրապետություն» կուսակցության անդամ (նախագահ Մակրոնի կուսակցությունն է` “La République En Marche”), Ֆրանսայի ԱԺ-ի մշակութային եւ կրթական հարցերի հանձնաժողովի նախագահ Բրունո Ստուդերը (Bruno Studer) տեղեկատվության մանիպուլյացիայի դեմ պայքարի մասին օրենք է մշակել, որն ընդունվել է 2018-ի դեկտեմբերին: Նախկինում ուսուցիչ աշխատած պատգամավորի կարծիքով` աշակերտների գլխում դավադրությունների տեսությունը մեծ տեղ ունի: Եվ կեղծ լուրերը սնում են այդ տեսությունները: Դեռեւս 1881 թվականից «Մամուլի ազատության մասին» օրենքի համաձայն կեղծ լուրը զանցանք է համարվում Ֆրանսիայում: ԱԺ-ի եւ կառավարության համատեղ մշակած այս նոր օրենքը կեղծ ինֆորմացիայի զանգվածային տարածման դեմ է, հատկապես` ընտրությունների ժամանակ:

«Այս օրենքի նպատակը կեղծ տեղեկություններով ընտրությունների արդյունքների վրա ազդելու հնարավորությունը կանխելն է, ազատ ընտրություններին արտաքին միջամտության բացառումը: Մենք փորձել ենք հավասարակշռել խոսքի եւ ազատ ընտրության իրավունքը»,- ասում է պատգամավորը: Քանի որ կեղծ լուրերը հիմնականում տարածվում են սոցիալական ցանցերով, օրենսդիրները փորձել են կարգավորել եւ պատասխանատվության մեխանիզմներ սահմանել խոշոր տեղեկատվական հարթակների` Գուգլի, Ֆեյսբուքի, Մոզիլայի եւ մյուսների համար: «Օրենքը հնարավորություն կտա ապահովել տեղեկատվական հարթակների թափանցիկությունն ընտրությունների շրջանում` ով ինչքան է վճարել տեղեկություններ տարածելու համար: Յուրաքանչյուր մարդ կարող է դիմել դատարան եւ պահանջել ժամանակավոր դադարեցնել ցանկացած հղման տարածում, մինչեւ դատարանը 48 ժամվա ընթացքում որոշում կայացնի` փաստը կամ տեղեկությունը կե՞ղծ է, թե՞ ոչ: Խոսքը կարծիքների մասին չէ, այլ փաստի»,-վստահեցնում է պատգամավորը: Սոցցանցերում վճարովի (paid, boosted) տեղեկությունների թափանցիկության պահանջ ֆրանսիական իշխանություններն արդեն ներկայացրել են Գուգլին եւ Ֆեյսբուքին: «Դատարանները կստիպեն Գուգլին, Ֆեյսբուքին փոխել իրենց ալգորիթմներն այնպես, որ որոնման համակարգերում կեղծ լուրեր տարածող կայքերն առաջին տեղերում չհայտնվեն»,- հավելում է Ստուդերը: Պատգամավորը վստահ է, որ իրենք կարող են այս խոշոր տեղեկատվական պլատֆորմներին ստիպել ենթարկվել. «Ֆեյսբուքում մե´նք չենք ընտրում` ինչ կարդալ, այլ Ֆեյսբուքը, որովհետեւ Ֆեյսբուքը գումար է աշխատում, իսկ մարդիկ միամտաբար կարդում են»:

Արդեն իսկ Գուգլը, Ֆեյսբուքը, Մոզիլան համատեղ փաստաթուղթ են ստորագրել քաղաքական գովազդի թափանցիկության ուղղությամբ ջանքեր գործադրելու, եւ տարեվերջին զեկույց պետք է ներկայացնեն Եվրոպական հանձնաժողովին իրենց ձեռնարկած քայերի վերաբերյալ: Եթե այն ընդունվի, ապա ԵՄ-ն միջոցներ չի ձեռնարկի նրանց դեմ: Ակնկալվում է, որ այլ տեղեկատվական հարթակներ եւս կմիանան: 

Ֆրանսիայի լրագրողական համայնքն այնքան էլ խանդավառված չէ այս օրենքի ընդունմամբ` նշելով, որ կեղծ լուրի սահմանումն անորոշ է: Այն է` «Փաստի ցանկացած պնդում, որը զուրկ է ստուգելիության տարրերից եւ ճշմարտանման է, հավանական»: Այս սահմանումը չի ներառում կեղծ տեղեկությունները, որոնք տարածվում են երգիծական նպատակներով կամ սխալմամբ:

Թեեւ պրն Ստուդերը հավաստիացնում է, որ նախագիծը մշակելիս աշխատել են լրագրողների հետ, եւ օրենքը լրագրողներին եւ ճշմարիտ ինֆորմացիան պաշտպանելու նպատակ ունի, այդուհանդերձ խոստովանում է, որ վերջիններս նախնական փուլում այնքան էլ դրական չգնահատեցին այն: «Բայց վերջին շրջանում իրենց շահը տեսնում են այս օրենքում»,-հավելում է խորհրդարանականը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության (RSF) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Յոհան Բիրը հավանություն չի տալիս կեղծ նորությունների մասին օրենքի ընդունմանը: «48 ժամվա ընթացքում դատավորի համար դժվար կլինի որոշել` որ տեղեկությունն է կեղծ, ուստի կասկած ունենք այս օրենքի կիրառման արդյունավետության առնչությամբ»,-ասում է նա:

Եվրոպական բազմաթիվ երկրներ ողջունել են Ֆրանսիայի քայլը: Օրենքը դեռ չի գործում, այն անցել է խորհրդարանի երկու պալատներով, քննարկվել Սահմանադրական խորհրդում, ապա փոխանցվել Եվրոպական հանձնաժողովին` եզրակացության համար: «Հույս ունենք, որ մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ կկիրառվի: Ցանցային պլատֆորմները պետք է հարկեր վճարեն Ֆրանսիայում»,- ասում է խորհրդարանականը:

Խոսքի ազատության հիմնարար իրավունքը բարձր գնահատող Ֆրանսիայի համար դժվար է եղել նման որոշում կայացնել: «Պիտի կարողանանք մեր դեմոկրատիան պաշտպանել դրսի ազդեցությունից, բայց մյուս կողմից պաշտպանենք դեմոկրատիան երկրի ներսում: Դա բարդ է: Տեղեկատվական պլատֆորմները` ինչպիսիք եք Գուգլը, Ֆեյսբուքը, պատասխանատվություն են կրում, բայց չենք ուզում, որ մասնավոր գրաքննություն կիրառեն: Լավ կլիներ, որ նրանք հարգեին այն երկրի օրենքը, որտեղ գործում են»,- ասում է մեր զրուցակից բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Մեդիագրագիտությունը` որպես կեղծ լուրերի «վարակի դեմ պատվաստում»   

Արդեն 35 տարի է Ֆրանսիայի կրթության նախարարության կազմում գործում է Մեդիա եւ ինֆորմացիոն կրթության կենտրոնը (CLEMI), որի առաքելությունն է մեդիայի եւ ինֆորմացիոն ոլորտի մանկավարժների վերապատրաստումը, ԶԼՄ-ների քաղաքացիական պրակտիկայի խթանումը քոլեջներում եւ լիցեյներում, կրթական եւ դաստիարակչական գործունեությունը։ Ամեն տարի CLEMI-ն Ֆրանսիայի 17 000 դպրոցական հաստատություններում անցկացնում է Մամուլի եւ ԶԼՄ-ների շաբաթ, որին մասնակցում է 3,5 միլիոն աշակերտ։ CLEMI-ի հետ համագործակցում են ֆրանսիական լրատվամիջոցները: Այդ շաբաթվա ընթացքում լրագրողներն այցելում են դպրոցներ եւ զրուցում աշակերտների հետ մեդիային առնչվող տարբեր հարցերի շուրջ: CLEMI-ի դասընթացն անցած աշակերտները կարող են գնահատել տեղեկատվության աղբյուրները, որոշել դրանց հավաստիության մակարդակը, ի վերջո` դառնալ գրագետ սպառող: Մինչեւ 2013 թվականը մեդիագրագիտության դասերը ֆրանսիական դպրոցներում կամընտրական էին, այժմ՝ պարտադիր։ Ֆրանսիական իշխանությունները կարեւորում են մեդիակրթությունը եւ այս հաստատության դերն այդ առումով:

Սանկցիաներ` կեղծ տեղեկություններ հեռարձակողների նկատմամբ

«Տեղեկատվական մանիպուլյացիայի դեմ պայքարի մասին» օրենքը հատուկ դերակատարում է վերապահել Աուդիովիզուալ բարձրագույն խորհրդին (Conseil Superieur de l'Audiovisuel)` հանրային մարմին, որը ստեղծվել  է 1989-ին: Այն բաղկացած է 7 անդամից, որից 3-ին նշանակում է Սենատը, 3-ին` Պառլամենտը, մեկին` նախագահը: Այս խորհուրդն է նշանակում հանրային ԶԼՄ-ների ղեկավարներին, լիցենզավորում մասնավոր հեռարձակողներին: Նոր օրենքով Աուդիովիզուալ բարձրագույն խորհուրդն օժտվել է նոր լիազորություններով եւ կարող է սանկցիա կիրառել օտարերկրյա հեռարձակողների նկատմամբ: Օրինակ` մերժել կամ դադարեցնել օտարերկրյա պետության կամ նրա ազդեցության տակ գտնվող ռադիո կամ հեռուստաընկերության` Ֆրանսիայում հեռարձակման պայմանագիրը, հատկապես նախընտրական կամ ընտրական շրջանում, եթե այն մասնակցում է ապակայունացնող նախաձեռնությունների` կանխամտածված կերպով տարածելով կեղծ տեղեկատվություն` քվեարկության արդյունքների վրա ազդեցության նպատակով:

Աուդիովիզուալ բարձրագույն խորհրդին որոշակի դեր է վերապահված նաեւ մեդիակրթության ոլորտում` հասնելու համար այպես կոչված «թվային քաղաքացիության»` քաղաքացիական եւ բարոյական կրթության շրջանակներում: Այդ նպատակով Հանրային հեռարձակողի կայքում կեղծ լուրերի բացահայտման ընդհանուր հարթակ է ստեղծվել:

Կեղծ լուրերի բացահայտման մեդիա-նախաձեռնություններ

Սոցիալական ցանցերում կեղծ լուրերի տարածումից տուժում են նաեւ որակյալ լրատվամիջոցները: Իրենց ընթերցողներին մանիպուլյացիաներից պաշտպանելու նպատակով մի շարք խոշոր ֆրանսիական լրատվամիջոցներ փաստերի ստուգման հատուկ ծրագրեր են գործարկել: Օրինակ` «Ֆրանսպրես» գործակալությունն ունի AFP Factuel կայքը, որտեղ ընթերցողների խնդրանքով կամ դիմումի հիման վրա քողազերծում են կեղծ տեղեկությունները, France 24 –ի InfoIntox-ը փաստերի ստուգման գործիքների օգտագործմամբ, տեսանյութերի միջոցով ցույց է տալիս ու բացատրում, թե ինչպես է կեղծվել այս կամ այն տեսանյութ կամ լուսանկարը, Liberation-ի Checknews-ը նույնպես ընթերցողների հարցերի հիման վրա կեղծ լուրեր է բացահայտում:

Որքանով Ֆրանսիան կհաջողի կեղծ լուրերի դեմ պայքարում` ցույց կտան առաջիկա եվրոպական ընտրությունները: Ակնհայտ է մի բան, որ բոլոր երկրների իշխանությունները մտահոգված են այս խնդրով, այդ թվում` Հայաստանում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Վահագն Թեւոսյանն արդեն խոսել է ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով օրենսդրական կարգավորման անհրաժեշտության մասին` վստահեցնելով, որ այն չպետք է վնասի խոսքի ազատությանը: Նման նախաձեռնության դեպքում ֆրանսիական փորձը կարող է օգտակար լինել, եթե, իսկապես, Ֆրանսիային հաջողվի արդյունավետ կերպով հավասարակշռել կեղծ լուրերի դեմ պայքարում բախվող մարդու հիմնարար իրավունքները:

Լուսանկարները` Կարեն Հարությունյանի

Մեկնաբանություններ (1)

HRACH
Ֆրանսիան շատ վատ օրինակ է, քանի որ Ֆրանսիաի մեդիա դաշտի հիմնական մասը գտնվում է իրենց օլիգարխիաի կոնտրոլի տակ որի պաճարով հազարավոր մարդիկ նոյեմբեր ամսից փողոցներում բողոքի ակցիա են: Անում իսկ Մեդիան տեղեկությունները խեղաթյուրելով է զբաղված: Այդ պայմաններում բնական է որ սպուտնիուկը իր համար լավ դաշտ է գտնում որին ֆրանսիացիների մի մասը հետեւում է: Ֆրանսիան եթե ազնիվ մեդիա դաշտ ունենար ապա սպուտնիկը այնտեղ անելիք չեր ունենա: Ինչպես օրինակ Շվեյցարիայում, օվա սպուտնիկ նայում? ոչ ոք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter