HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Ազգային ժողովի լրատվական վարչության տարածած հաղորդագրությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Խորհրդարանի նախագահը, կարեւորելով հայ-ֆրանսիական հարաբերությունների  ներկա մակարդակը, ընդգծել է, որ դրանց հիմքում  նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյա կապերն ու Ֆրանսիայի հայկական համայնքի առկայությունն է:

Արարատ Միրզոյանը գոհունակությամբ փաստել է, որ Ֆրանսիան աշխարհում Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչած առաջին երկիրն է: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է վերջերս ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի  հանձնառության վերահաստատումը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է  գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի գործուն ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է նաեւ  հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական  ու մշակութային  կապերի խորացումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից արժեւորվել է Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության հիմնման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը:

Ժոնաթան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու գործում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն արդեն խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկիր է:

 Դեսպանը, անդրադառնալով երկու երկրների պատգամավորների փոխգործակցությանը, նշել է, որ Ֆրանսիայի խորհրդարանում կան ծագումով հայ մեծ թվով պատգամավորներ, ովքեր  ակտիվ համագործակցում են Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ բացի հայկական ծագում ունեցող պատգամավորներից, ֆրանսիացի խորհրդարանականները եւս իրենց համարում են Հայաստանի բարեկամներ:

Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը, օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունն ինչպես բարեկամական խմբերի, այնպես էլ համապատասխան հանձնաժողովների մակարդակով:

Զրուցակիցներն անդրադարձել են  նաեւ Հայաստան-Եվրամիություն  Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին, Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին առնչվող հարցերին: Դեսպանը վստահեցրել է, որ համաձայնագրի վավերացման հարցն արդեն Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում է՝ նաեւ ընդգծելով, որ փաստաթղթի ընդունումը չի ուշանա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter