HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Չկա զինվորի սնունդը Մանվել Գրիգորյանի վստահությանը հանձնած անձ, չկա տուժող, ուստի չկա յուրացում»,- ասում է Մանվել Գրիգորյանի պաշտպանը

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի պնդմամբ` Գրիգորյանը զինվորի սնունդ և պարենային մթերքներ չի յուրացրել, նրա մեղադրանքում այս առնչությամբ «հեքիաթ է գրված»:

Մկրտչյանի խոսքով՝ նախաքննության ընթացքում իրենք միջնորդել են Գրիգորյանին առերեսել այն անձի կամ անձանց հետ, ովքեր, ըստ քննություն իրականացնող մարմնի, Գրիգորյանի վստահությանն են հանձնել զինվորի բաժին համարվող սնունդը կամ պարենային մթերքը, սակայն քննչական խմբի ղեկավարի կողմից պատասխան են ստացել այն մասին, որ միջնորդության քննությունը հետաձգվում է մինչև գործի համար էական հանգամանքների ի հայտ գալը:

«Չկա զինվորի սնունդը Մանվել Գրիգորյանի վստահությանը հանձնած անձ, չկա տուժող, ուստի չկա յուրացում»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

Մեր հարցին՝ պաշտպանության նախարարությունը գործով տուժողի կարգավիճակ չունի՞,  Արսեն Մկրտչյանն ասաց, թե տեղյակ չէ:

Հատուկ քննչական ծառայությունը երեկ Գրիգորյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ հաղորդագրության մեջ նշել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ին տարատեսակ գույք է հանձնվել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով և այս գույքի մի մասը Գրիգորյանը կնոջ և որդու օժանդակությամբ յուրացրել է: ՀՔԾ-ն այս գույքի մեջ նշել էր նաև 8 UAZ մակնիշի մեքենաներ, որոնց սեփականության իրավունքն, ըստ գործի նյութերի, Գրիգորյանը գրանցել է մտերիմների անուններով:

Պաշտպան Արսեն Մկրտչյանն այս հանգամանքը ևս ժխտեց՝ նշելով, թե մեքենաները բանակի համար չեն  բերվել, ապա պնդելով, թե որևէ մեքենա Գրիգորյանի հարազատների, ազգականների անունով չի գրանցվել, իսկ ինչ վերաբերում է մտերիմներին, ապա, ըստ Արսեն Մկրտչյանի, Գրիգորյանը մոտ 3 միլիոն մտերիմ ունի:

Մեր հարցին՝ ի վերջո ինչպե՞ս  է Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնվել հայտնաբերված սննդամթերքը, պարենային և այլ ապրանքները, Գրիգորյանը նշեց, թե կարող էր հատուկ կազմակերպված լիներ, որ այդ իրերը բերվեին:

Հատուկ քննչական  ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված էր նաև, որ Մանվել Գրիգորյանը, 2000-2008 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, կազմակերպել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ Էջմիածին քաղաքի բնակիչ Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը: Մասնավորապես, ըստ ՀՔԾ հաղորդագրության, 2004 թվականին Գրիգորյանը, Պ. Թորոսյանի կողմից Էջմիածնում կառուցվող բենզալիցքավորման կետն իրենը դարձնելու շահադիտական նպատակով, տվյալ գույքը ոչնչացնելու (վնասելու), գույքի սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, կազմակերպել է իր ազդեցության ոլորտում գտնվող երկու անձանց միջոցով` նախնական համաձայնությամբ, խմբով, Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ բենզալիցքավորման կետի շորթումը:

Այս դրվագին անդրադառնալով՝ Մկրտչյանն ասաց, որ այս գործով անցնող անձինք մահացած են:

Հատկանշական է, որ Գրիգորյանը չի առարկել, որ շորթման վերաբերյալ այլ դրվագով գործի վարույթը կարճվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Ըստ Մկրտչյանի՝ թեև Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, բայց արդեն իրենք հոգնել են նմանատիպ մեղադրանքներից: Պաշտպանն ասում է, որ տարբեր անձանց հորդորով Գրիգոյանի ենթադրյալ արարքների վերաբերյալ զավեշտի հասնող մեծաթիվ դիմումներ են ստացվել:

Մեկնաբանություններ (1)

Մինաս
Որոշ պաշտպաններ մազալու բաներ են խոսում, մտածելով որ դիմացինները լրիվ դեբիլ են։ Մթերք հանձնողը չի երևում ու հետ չի պահանջում, բայց հո օդից վայր չէր ընկել այն, կամ գեներալի արջերի համար չէին հավաքել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter