HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր նմանները ոչինչ չեն կարող անել»

Վանաձորցի երկու կանանց համար հեշտ չէր հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո առաջին անգամ հանդիպել ադրբեջանցիներին ու զրուցել խաղաղության մասին: Մանավանդ պատերազմում անհայտ կորած զինվորի մոր համար:

1993-ին ընտանիքից գաղտնի Վահե Եղշատյանը պատերազմ էր գնացել: Մարտակերտում մարտի դուրս եկած տանկն անցել էր սահմանն ու այրվել: Չորսից փրկվել էր միայն մեկը, իսկ ոտքից վիրավոր Վահեին հակառակորդը գերի էր վերցրել: Սիրուշ Հակոբյանը որդու հետքը գտնելու համար իր հետ Թբիլիսի էր տարել Վահեի նկարն ու փաստաթղթերը՝ հույսով, որ կարող է դրանք փոխանցել ադրբեջանցիներին ու մի լուր իմանալ նրանից:

Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած զինվորի մայրը Վրաստանի ճանապարհին անընդհատ մտածում էր, թե ինչպես պետք է իրեն պահի թշնամու հետ հանդիպելիս, իսկ Կարինե Բոյաջյանը մտավախություն ուներ, որ «ոչ միտումնավոր, բայց պատահական մի բառն էլ կարող էր կոնֆլիկտի բերել»: Լարվածությունն ու հանդիպման առաջին րոպեների տրամադրվածությունը երկար չտեւեցին, որովհետեւ հայ եւ ադրբեջանցի կանանց հանդիպման նպատակը փոխվստահություն ձեւավորելն էր' առանց քաղաքական հարցեր քննարկելու: Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Հարավային Կովկասի ցանցում ընդգրկված հասարակական կազմակերպությունների նախաձեռնած եռօրյա հանդիպման ընթացքում նրանք քննարկեցին հակամարտության չկարգավորման ազդեցությունը երկու երկրների վրա, պատերազմի ու խաղաղության դերը հայ եւ ադրբեջանական հասարակությունների զարգացման գործում:

«Բոլորս էլ այն կարծիքին էինք, որ այս ամենի պատճառը քաղաքականությունն է: Եթե իշխանությունները ցանկանան, կլուծեն այս հարցը»,-ասում է Սիրուշ Հակոբյանը: Վանաձորի «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության» ներկայացուցիչ Կարինե Բոյաջյանի դիտարկմամբ' թշնամությունն ու հակամարտությունը սխալ քաղաքականություն հետեւանք են: «Հիմա էլ Ադրբեջանում եւ Հայաստանում կան մարդիկ, որոնք հայ-ադրբեջանական հակամարտությունը ժողովուրդների թշնամություն չեն համարում»,-հավատացած է Կարինե Բոյաջյանը: Քննարկումների արդյունքում հայ եւ ադրբեջանցի կանայք եզրակացրել են, որ երկու հասարակություններն էլ սխալ տեղեկատվություն են ստանում միմյանց մասին, ինչն ավելի է խորացնում թշնամական վերաբերմունքը: Ավելին' հակամարտող կողմերի երիտասարդությունն ընդհանրապես պատկերացում չունի հայի ու ադրբեջանցու խորհրդային տարիների ընկերության, բարեկամական հարաբերությունների մասին: Փոխարենը նրանց մեջ ծնված օրվանից սերմանվել է թշնամանք, եւ երկու կողմերն էլ իրարամերժ տեղեկություններ են ստանում արցախյան պատերազմի մասին: ծ

Կարինե Բոյաջյանը ադրբեջանցի հինգ կանանց հետ, ովքեր ներկայացնում են տարբեր հասարակական կազմակերպություններ, քննարկել են երիտասարդության շրջանում տարբեր միջոցառումների անցկացումը: Նրանք կարեւորել են նաեւ հանդիպումները երիտասարդների եւ այն մարդկանց հետ, ովքեր ապրել են խորհրդային շրջանում, եղել հարեւաններ: Այդուհանդերձ, Սիրուշ Հակոբյանը գտնում է, որ երկու հասարակություններին համոզելու, թշնամու կերպարը փոխելու համար մեծ աշխատանք ու շատ էներգիա է հարկավոր: Կարինե Բոյաջյանն իր հերթին նման գործողություններն ու հանդիպումները համարում է «մի կաթիլ' ծովում»:

«Վերջապես, որքան էլ ուզում է թշնամի համարենք, նրանցից էլ են մարդիկ զոհվել»,-ասում է Կ. Բոյաջյանը: Նա պատմում է, թե ինչպես պատերազմի տարիներին խաղաղ բնակիչների դեմ կռվողների մասին խոսելիս ադրբեջանցի կանայք «խուժան» բառն էին արտաբերում ու դատապարտում խաղաղ բնակչության սպանությունները:

Ադրբեջանցի կանանցից մեկը ոչ միայն տիրապետում էր հայերենին, այլեւ մեծացել է հայկական միջավայրում: Զտարյուն ադրբեջանցուն որդեգրել ու դաստիարակել են ազգությամբ հայ ամուսինները: Եվ միայն 18 տարեկանում է իմացել, որ ինքը հայ չէ: Պատերազմի տարիներին նրա հայ մորը ադրբեջանցիները սպանել են թոռների աչքի առջեւ:

«Ոչ մի կրոնական գրքում գրված չէ, որ դու իմ հակառակորդն ես, ես՝ քո, ու մենք պետք է սպանենք իրար»,-ասում է Կարինե Բոյաջյանն ու հավելում, թե հայկական ու ադրբեջանական հասարակությունները դեռեւս պատրաստ չեն խաղաղության, հարկավոր է այդ ուղղությամբ աշխատանքներ տանել:
Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած Վահե Եղշատյանի մայրը հակամարտությունից հետո առաջին անգամ հանդիպելով ադրբեջանցու՝ Վանաձոր է վերադարձել այլ տրամադրությամբ. «Ես ուրիշ բաներ էի լսել ադրբեջանցի կնոջ մասին, թե ագրեսիվ են: Հիմա կարծիքս լրիվ փոխվել է: Բայց մեր նմանները ոչինչ չեն կարող անել»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter