HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

«Սա աբսուրդի թատրոն է, այս շոուն պետք է դադարեցնել»

Վլադիմիր Կազիմիրով. «ԵՄ-ի ներգրավումը առավել քաոսային վիճակ կստեղծի բանակցություններում»

Մինչ ամերիկյան կողմը փորձում է հրապարակային հայտարարություններով հավատ ներշնչել, թե ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացը փակուղում չէ, իսկ Ռուսաստանը խուսափում է որակումներ տալ Ռամբույեի ձախողված բանակցություններին, կովկասյան տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու հայտ է ներկայացնում Եվրամիությունը (ԵՄ): Բրյուսելում տեղակայված Միջազգային ճգնաժամային խումբ (ՄՃԽ) ( International Crisis Group ) ոչ կառավարական կազմակերպությունը, որը 2005թ. աշնանը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ երկու ընդարձակ զեկույց էր հրապարակել, մարտի 20-ին ներկայացրեց եւս մեկը՝ «Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորումը. Եվրամիության դերը» վերնագրով:

ՄՃԽ-ի ընդարձակ զեկույցի մեխը հետեւյալն է. ԵՄ-ն պետք է առավել ակտիվացնի իր քաղաքական եւ տնտեսական գործունեությունը Հարավային Կովկասում, հատկապես Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրների կարգավորման գործում, քանի որ այս երեք «սառեցված հակամարտությունները կարող են նորից բռնկվել եւ վերաճել լայնածավալ պատերազմի՝ անկայունություն առաջացնելով Եվրոպայի սահմաններում»: «ԵՄ-ն Ռուսաստան-ԱՄՆ ավանդական մրցակցության պայմաններում կարող է «ազնիվ միջնորդի» իր վարկով նպաստել հակամարտությունների կարգավորմանը»,-ասվում է զեկույցում: ՄՃԽ-ն, որի նախորդ երկու զեկույցները հավասարապես քննադատվել էին Երեւանում, Բաքվում եւ Ստեփանակերտում, այս անգամ էլ առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հանրաքվեով որոշելու առաջարկը:

Զեկույցի հրապարակումը համընկավ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հրապարակավ հայտարարություններին այն մասին, որ իր հիմնական ջանքերն ուղղված են լինելու հենց հակամարտությունների կարգավորմանը: «Ես ավելի ուժեղ մանդատ ունեմ հակամարտությունների կարգավորմանը մասնակցելու առումով: Իմ առաջնահերթ խնդիրը սառեցված հակամարտություններն են: Դրանք այնքան քաղաքական էներգիա եւ ռեսուրսներ են խլում, որ լուրջ խոչընդոտ են դարձել երեք երկրների հասարակությունների զարգացման ճանապարհին»,-ասել է Սեմնեբին Բաքվում, ապա՝ Թբիլիսիում: ԵՄ հատուկ ներկայացուցչի այցը Երեւան ակնկալվում է ապրիլի առաջին օրերին:

Ղարաբաղյան հարցի կարգավորման լավագույն գիտակ, ռուսաստանցի նախկին միջնորդ Վլադիմիր Կազիմիրովը Մոսկվայից մեզ հետ հեռախոսազրույցում իր զարմանքը հայտնեց ԵՄ-ի՝ կարգավորման գործում մասնակցություն ունենալու ցանկության կապակցությամբ: «Խնդիրն այն է, որ Մինսկի խմբում Ֆրանսիան եռանախագահող երկիր է եւ ինչ-որ տեղ ներկայացնում է ԵՄ-ն: Բացի այդ, Մինսկի խմբի անդամ են նաեւ ԵՄ այլ երկրներ, ինչպես Գերմանիան, Շվեդիան: Հարց է ծագում՝ բոլոր միջազգային կազմակերպություններն էլ պետք է մասնակցե՞ն ղարաբաղյան կարգավորմանը: Ավելի լավ քաոսային վիճակ ստեղծել հնարավոր չէր»,-ասաց Կազիմիրովը:

Այս տեսակետը չի կիսում ղարաբաղյան բանակցություններում Հայաստանի առաջին նախագահի հատուկ բանագնաց Դավիթ Շահնազարյանը: Նա դրական է գնահատում ԵՄ հնարավոր ակտիվացումը: «Այն դերը, որ վերապահվում է ԵՄ-ին, առնվազն ողջունելի է, եւ էական դրական հետեւանքներ կարելի է ակնկալել այն դեպքում, եթե իսկապես կողմերը գնան բանակցությունների եւ չշարունակեն խնդիրը չկարգավորելու իրենց այսօրվա դիրքորոշումը: Ցանկացած դեպքում, դա ուղղակի ապացուցում է ԵՄ մեծ հետաքրքրվածությունը մեր տարածաշրջանի նկատմամբ»,-ասաց Շահնազարյանը:

ԼՂ արտգործնախարարությունը եւս արձագանքել է ՄՃԽ-ի զեկույցին: «Տարակուսանք են հարուցում զեկույցը կազմողների փորձերը՝ մեղադրել Մինսկի խմբին խաղաղ գործընթացը մենաշնորհելու մեջ: Մինսկի խմբի գործունեությունը առանձին դիվանագետների եւ երկրների քմահաճույքը չէ, այն ԵԱՀԿ մանդատին հարիր աշխատանք է: 14 տարվա ընթացքում Մինսկի խումբը հասցրել է մշակել խաղաղարարար գործունեության որոշակի փորձ, եւ ներկա պահին Մինսկի խումբը հակամարտության լուծման առավել համարժեք ձեւաչափն է: Սակայն, պետք է ընդգծել, որ ո՛չ ընթացիկ ձեւաչափը, ո՛չ էլ եվրոպացի միջնորդների հնարավոր մասնակցությունը չեն կարող փոխհատուցել բանակցություններում հակամարտության անմիջական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի բացակայությունը»,-ասվում է ԼՂ ԱԳՆ մարտի 24-ի հայտարարությունում:

ԼՂ խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նկատում է, որ ամեն մի միջնորդական ջանք պետք է գնահատել ըստ արժանվույն, բայց «այստեղ խնդիրը առավելապես վերաբերում է ոչ թե միջնորդ կազմակերպությանը կամ դրա կարգավիճակին, այլ թե միջնորդությունն ինչ տրամաբանությամբ է ընթանում»:

«Ստեփանակերտի իրավազոր մասնակցությունը Երեւան-Բաքու ձեւաչափով հանդիպումներին շատ մեծ դրական լիցք կհաղորդեր բանակցություններին: Եթե, իրոք, հարցը փակուղում է, ապա դա հաղթահարելու ամենակարճ ճանապարհը բանակցություններին ԼՂ համարժեք մակարդակով հրավիրելն է»,-ասաց խորհրդարանականը:

Վլադիմիր Կազիմիրովը համաձայն է՝ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակից չլինելը ձգձգում է գործընթացը: «Ես միշտ այն տեսակետին եմ եղել, որն, ի դեպ, ընդունված է ԵԱՀԿ-ի կողմից դեռ 1994թ. Բուդապեշտի գագաթաժողովում, որ այս հակամարտությունն ունի ոչ թե երկու, այլ երեք կողմ»,-ասաց նա: Ռուս դիվանագետը բնական է համարում, որ Ռամբույեի բանակցություններն արդյունք չտվեցին. «Արդյունքներ չեն եղել նաեւ 1994թ. մայիսին կնքված հրադադարին հաջորդած 12 տարիներին: Բայց պետք է շարունակել բանակցությունները եւ խուսափել նախագահների կամ արտգործնախարարների հանդիպումների նախօրեին դրանց շուրջ աղմուկ ստեղծելուց, ինչպես արվում է: Այս շոուն պետք է դադարեցնել, սա աբսուրդի թատրոն է: Պետք է հանդիպումները հետեւեն մեկը մյուսին, բայց դրանց շուրջ չստեղծել աղմուկ, երբեմն պետք է հանդիպումները գաղտնի կազմակերպել»,-ասաց Կազիմիրովը:

Ի դեպ, Միջազգային ճգնաժամային խումբը եւս ղարաբաղյան կարգավորման իր զեկույցներում կարեւորում է Ստեփանակերտի ներգրավումը բանակցային գործընթացում:

ԼՂ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ պետք է կարեւորվի «մի՛ վնասիր» պատվիրանը. «Եվրոպական կառույցների' սեփական անվտանգության նպատակներով Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման մեջ խորանալու ձգտումը հասկանալի է, սակայն ՄՃԽ- ի զեկույցում ներկայացված այդ նպատակներին հասնելու մեխանիզմը իրագործելի չի թվում, քանզի այն չի արտահայտում ղարաբաղյան հակամարտության էությունը: Զեկույցի դրական կողմն այն է, որ նշվում է ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացին Հարավային Կովկասի չճանաչված երկրներին մասնակից դարձնելու անհրաժեշտությունը»:

Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում շեշտվում է, որ տարածաշրջանի երեք հակամարտությունների կարգավորման հարցում առավել խորն ընդգրկվելու հարցում ԵՄ-ն պետք է օգտագործի «Նոր հարեւանության քաղաքականության» նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ 2004թ. հունիսին Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը ընդգրկվել են ԵՄ հարեւանության քաղաքականության ծրագրում, որը, ինչպես նշում են Բրյուսելի պաշտոնյաները, կովկասյան երեք երկրների համար ԵՄ անդամակցության տոմս չէ, բայց հեռանկար է:

Ինչպես ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին, որի մաս են կազմում կովկասյան երեք երկրները, իսկ Վրաստանն արդեն հայտարարում է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու իր հավակնությունների մասին, այնպես էլ ԵՄ-ի Նոր հարեւանության նախաձեռնությանը Կրեմլում բացասաբար են վերաբերվում: Մոսկվայի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Արեւմուտքը, ի դեմս ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի, օր-օրի ավելացնում է իր քաղաքական, ռազմական եւ տնտեսական ներկայությունը մի տարածաշրջանում, որը տասնամյակներ ուղղակի կամ անուղղակի եղել է Ռուսաստանի կենսական շահերի գոտի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter