
Պատերազմ, թե խաղաղություն
Վերջին շրջանում տարբեր պաշտոնյաների կողմից սկսվեց խոսվել խաղաղության պատրաստվելու մասին, նույնիսկ հայտարարություններ եղան, որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է: Կարծում եմ չկա ողջամիտ մի էակ, ով չցանկանա խաղաղություն: Ավելին՝ աշխարհում սպառազինությունների վրա մսխված միջոցները բավարար կլինեին, որ աշխարհում ոչ մի երեխա քաղցած չմնար, որ բոլորի համար ապահովվեր ամենաբարձր մակարդակով կրթություն, որ …. ցանկը կալերի է անվերջ շարունակել: Այնուամենայնիվ խաղաղությունն ունի իր գինը: Օրինակ անցյալ դարի սկզբին, Կարսում ունենալով մարտունակ զորք, բայց մենք ընտրեցինք «խաղաղությունը», և Կարսում չունեցանք ճակատամարտ, բայց և Կարսը չունեցանք: Ի հակառակ դրան, էլի 20-րդ դարի սկզբին, մենք չընտրեցինք «խաղաղությունը» և արդյունքում ունեցանք Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտը, բայց նաև ունեցանք Հայաստան: Նժդեհը նույնպես չընտրեց «խաղաղություն» և ապստամբեց Կարմիր բանակի դեմ և մենք ունեցանք Սյունիք, որի շնորհիվ նաև այսօր Արցախ:
Վստահ եմ, որ թե Հայաստանի, և թե Արցախի ժողովուրդը ոչ միայն պատրաստ է խաղաղության, այլև հանուն խաղաղության անում է ամեն բան: Սակայն Սումգաիթի և Բաքվի ջարդերից հետո, Սաֆարովի սպանությունից և նրան ներում շնորհելուց ու Ադրբեջանի հասարակության հրճվանքից հետո, ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորականների կողմից Արցախի խաղաղ բնակիչներին խոշտանգելուց և սպանելուց հետո, ակնհայտ է, որ ուղղակիորեն վտանգված է Արցախի ժողովրդի ամենակարևոր և ամենաֆունդամենտալ իրավունքը՝ կյանքի իրավունքը: Էլ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար՝ դրանից բխող հետևանքներով: Այս փաստերը խոսում են այն մասին, որ Արցախը որևէ կերպ և ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախի բնակչության միակ երաշխավորը դա Հայաստանի հասարակությունն է և հայկական զինուժըէ, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի խաղաղարար ուժ, ոչ մի այլ բան չի կարող երաշխավորել Արցախի բնակչության անվտանգությունը:
Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից կայծակնային արագությամբ սպառազինության ավելացումը լուրջ մտահոգությունների առիթ է հանդիսանում և այդ մտահոգությունից ելնելով փորձ է արվում խաղաղության շուրջ ընդհանուր հայտարարի գալ: Սակայն Ադրբեջանի աճող ռազմական բյուջեի ֆոնին, միամտություն կլինի սպասել, որ վերջինս կարող է ինչ-որ զիջումների գնալ, իսկ քանի դեռ Ադրբեջանը Արցախի անխակությունը ճանաչելու պատրաստակամություն չի հայտնել, ապա կարծում եմ խաղաղություն ունենալու միակ ճանապարհը մնացել է հզոր և մարտունակ բանակ ունենալը: Ես ռազմական փորձագետ չեմ, սակայն կա մի պարզ ճշմարտություն, հակառակորդին ռազմական գործողությունների դիմելուց զսպելու գործոնը կայանում է նրանում, թե ինչպիսի վնասներ կարող ես նրան պատճառել: Թերևս այս հանգամանքն էր, որ Ադրբեջանին զերծ պահեց ապրիլյան պատերազմի ժամանակ ամենածանր զինատեսակները կիրառելուց, հասկանալով, որ Հայաստանի կողմից կլինի համարժեք պատասխան: Էլ չեմ խոսում այն մասին, որ նախորդ տարվա օգոստոսին Ադրբեջանի «Մինչեգաուր» ՀԷԿ-ի վթարի պատճառով, այդ երկրի ամբողջ էներգոհամակարգը կաթվածահար եղավ: Այդ հանգամանքը բացահայտ ցույց տվեց Ադրբեջանի խոցելի լինելը, ի հակառակ իրենց ռազմական քարոզչաբանության և աճող սպառազինության:
Հիմա հարց. Հայաստանը արդյոք ունակ է ստեղծելու այնպիսի պաշտպանական համակարգ, որը հակառակորդի ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում, ի վիճակի կլինի շարքից հանել այդ երկրի տնտեսությունը (վնասելով էլեկտրոկայանները, կապի հանգույցները, կենսական նշանակության այլ օբյեկտները): Իմ կարծիքով, բավականաչափ կամք դրսևորելու դեպքում, մենք կարող ենք ունենալ այնպիսի պաշտպանություն, որը զերծ կպահի ոչ միայն Ադրբեջանին, այլև իր մերձավոր դաշնակցին Հայաստանի նկատմամբ ռազմական և ագրեսիվ գործողություններից ու երրորդ երկրների պաշտպանության կարիքը չենք ունենա, ու Իսրայել Օրու պես չենք ընկնի դռնեդուռ՝ աղերսելով մեզ խղճալ և փրկել: Իսկ ինչպես ցույց է տվել պատմությունը, սեփական ուժերից բացի որևէ մեկին ապավինել չենք կարող: Պատմության փորձությանը դիմանալու համար մեր առջև պետք է հստակ խնդիր դնենք, լինել հզոր, ազդեցիկ և ապահով պետություն: Մենք դա կարող ենք:
Ռոբերտ Ռևազյան
Մեկնաբանել