HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Բաղրամյան 26»-ից հրահանգներ չեն տրվելու, դատարաններն  այլեւս անկախ են

Կառավարության ծրագրի տրամաբանությամբ՝ դատական համակարգում այլեւս անելիք չունենք: Դատական իշխանության անկախության միակ սպառալիքը «Բաղրամյան 26»-ից իջեցվող հրահանգներն էին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտարարել է, որ գործադիր իշխանությունն այլեւս հրահանգներ չի տալու:

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դատական համակարգի անկախության հիմնական խոչընդոտը եղել է իշխանության օղակներից դատարաններին իջեցվող ապօրինի հրահանգները։ Հրահանգավորման այս մեխանիզմը դատավորներին հնարավորություն է տվել պատասխանատվություն չկրել դատական վճիռների համար, որովհետեւ այդ վճիռներն, ըստ էության, կայացվել են իշխանության ամենավերին օղակներում, իսկ դատավորները փաստացի միայն ստորագրել են դրանք։ Կառավարությունը բացառում է իշխանական կամ որեւէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը ...»,- դատական իշխանության վերաբերյալ միայն այս միտքն է գրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում:

Դատական համակարգում գործունեություն իրականացնողներն ասում են, որ վերջին 20 տարիներին դատարանն այդքան կաշկանդված չի եղել, որքան այս կառավարության շրջանում: Հանրապետության հրապարակից վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորներին ուղղված սպառնալիքները՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք» եւ այլ արտահայտություններ, ոչ այլ ինչ էին, քան դատավորներին ուղղված հրահանգ: Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնազեղծված  հեռախոսազրույցները թերահավատների մոտ անգամ կասկած չթողեցին, որ հրահանգները դատարանին շարունակվելու են:

Ասվածը համարենք սյուբեկտիվ տեսակետ եւ սպասենք դատական համակարգում միջազգային կազմակերպությունների առաջիկայում իրականացնելիք մոնիտորինգի արդյունքներին: Շուտով Համաշխարհային բանկը մոնիտորինգ կսկսի Հայաստանի դատական համակարգում՝ դատական իշխանության անկախության աստիճանը հասկանալու համար: Այն իրականացնելու է արտասահմանյան կազմակերպություն՝ բազմաթիվ այլ երկրներում կիրառված խիստ մասնագիտական մեթոդաբանությամբ:

Նախորդ տարիներին դատական համակարգում բարեփոխումներ սկսելու ամեն փուլից առաջ եւ հետո միջազգային եւ տեղական կազմակերպությունների հետազոտություններով գնահատվել է դատարանների գործունեությունը, ձեւակերպվել են համակարգային խնդիրները: Վերջին գնահատման արդյունքներով՝ անկախ, ինքնուրույն եւ հաշվետու դատական իշխանության կայացմանը հասնելու համար պետք է ապահովել՝

  • դատարանի մատչելիությունը,
  • դատավարության արագությունը,
  • դատական ակտերի վերանայման արդյունավետությունը եւ ամենակարեւորը՝
  • բեռնաթափել ընդհանուր իրավասության դատարանները:

Արդարադատության արդյունավետության բարձրացում

Դատական համակարգում արված մոնիտորինգներն արձանագրել են ցածր արդյունավետություն, որի հիմնական պատճառներից մեկը դատարանների գերծանրաբեռնվածությունն է: Մեկ նիստից մյուսն ընկած ընդմիջումներն այնքան երկար են տեւում, որ կողմերը մոռանում են, թե ինչ է քննվել նախորդ նիստում եւ որտեղից պետք է շարունակել։ Արդյունքում՝ խախտվում են դատական գործերի քննության ողջամիտ ժամկետները, որի հիմքով դատավորները նաեւ կարգապահական պատասխանատվության են ենթարկվում:

Բնականաբար, դատավորներն օրինազանցությունից խուսափելու ելքեր են որոնում: Օրվա մեջ մեկ դատավորի վարույթում 30 եւ ավելի գործ է քննվում, աշխատանքային օրվա ավարտից 5 րոպե առաջ նիստ է նշանակվում: Դա արվում է ոչ թե գործը քննելու, այլ միմիայն քննության ողջամիտ ժամկետը չխախտելու համար: Բայց, շատ հաճախ նախորդ նիստը չեն էլ հասցնում այնպես ավարտել, որպեսզի հաջորդ նիստի մասնակիցներին դահլիճ հրավիրելով կարողանան մինչեւ 18:00-ն նիստը բացված եւ փակված հայտարարել։ Պատկերացրեք հարյուրավոր կիլոմետր հեռավորությունից ժամանած դատավարության մասնակիցների վիճակը, որոնք դահլիճ չեն հասցնում մտնել եւ ձեռնունայն վերադառնում են:

Դատավորները ակտերը չեն հասցնում սահմանված ժամկետում գրել, ժամանակ շահելու համար, առանց հիմնավորման, դատաքննությունը վերսկսկելու մասին որոշումներ են կայացնում, որպեսզի դատական ակտը կայացնելու օրենքով սահմանված ժամկետը չխախտեն։ Բայց, միեւնույնն է, այս մանեւրումների արդյունքում, միշտ էլ մի օրենք խախտվում է։

Դատարանների, նաեւ արդարադատություն ապահովող համակարգի այլ կառույցների բեռի մի զգալի մասը բաժին է ընկնում վարչական տուգանքի ենթարկելու պահանջի մասին կամ տուգանքի որոշումների իրավաչափությունը գնահատելու մասին գործերին: Յուրաքանչյուր տարի Հայաստանում կայացվում է մի քանի հարյուր հազար տուգանքի որոշում, իսկ որոշ տվյալների համաձայն` միայն Ճանապարհային ոստիկանությունը 1 միլիոնից ավելի տուգանքի որոշում է կայացնում։ Դատարանները ողջ օրը քննում են առեւտրային բանկերին բնակչության ունեցած վարկային պարտավորությունները չկատարելու գործերը:

Դատարանները բեռնաթափելու համար վերջին տարիներին որոշվեց տեսչական վարույթներն առանց քննելու ուղարկել հարկադիր կատարման, վճարման կարգադրություններ արձակելու պարտավորությունը նույնպես փոխանցվեց Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը (ԴԱՀԿ): Իրավաբանները հայտարարեցին, որ դրանով խախտվեց քաղաքացու արդար դատաքննության իրավունքը: Սակայն, ի՞նչ անել, որ չխախտվի քաղաքացու իրավունքը, միաժամանակ չծարաբեռնվի դատարանը: Երկար քննարկվում էր այն առաջարկը, որ պետք է ավելացնել դատավորների եւ հանրային պաշտպանների թիվը: Այն իր հերթին մեծացնելու էր բյուջեի ծախսերը, սակայն դատարաններին չէր ապահովագրելու ծանրաբեռնվելու վտանգից: Այդ պատճառով նախորդ կառավարությունը խուսափեց այս տարբերակից, միաժամանակ, դատարանները բեռնաթափելու հիմնավոր լուծումներ չտվեց:

Հայտնի է, որ պետության ոչ մի օղակ արդյունավետ չի գործում, անգամ համատիրության հետ գործ ունենալու դեպքում, ամենաչնչին հարցով կարող ես հայտնվել դատարանում։ Ծանրաբեռնված դատավորը գործի հանգամանքների մեջ խորանալու, որակյալ դատական ակտ կայացնելու հնարավորություն չունի, ավելի հաճախ մոտավոր լուծում է ամրագրում դատական ակտում: Դրանով ծանրաբեռնում է մյուս դատական ատյանները՝ բողոքարկումների թիվը բավականին մեծ է։

Ներկա կառավարությունն իր ծրագրում պետք է պատասխաններ փնտրեր այս հարցին՝ ինչպես բարձրացնել գործադիր իշխանության կառավարման արդյունավետությունը, որպեսզի ապահովվի արդարադատության արդյունավետությունը: Ի՞նչ անել, որպեսզի տուգանքներ գանձելու գործառույթ իրականացնողից դատարաններն անցում կատարեն իրավական վեճերի լուծմանը, իրավական միտքն սկսի զարգանալ:

Դատարանների անկախությունը

Մինչեւ այսօր գործադիրն ակնհայտ միջամտել է դատարանների գործունեությանը՝ քաղաքական իրավիճակներով պայմանավորված անձանց (հետընտրական բողոքի ակցիաների մասնակիցներ) քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերում: Նաեւ՝ Կառավարության ներդրումային ծրագրերն իրականություն դարձնելու ժամանակ, երբ որոշակի տարածքներ հանրային գերակա շահ են ճանաչվել, եւ քաղաքացու սեփականության իրավունքը խախտելով վերցրել են նրանից կամ ունեցվածքը համաչափ չի գնահատվել (Հյուսիային պողոտայի կառուցումը, Թեղուտի հանքավայրի շահագործումը եւ այլն): Նշված դեպքերում զանգվածաբար բողոքներ են ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), կայացված վճիռներով հաստատվել է իրավունքի խախտումը:

Բայց ընդունենք, որ դատարաններն ամեն օր այդպիսի գործեր չեն քննում եւ բոլոր դատարանները չէ, որ այդպիսի գործեր են քննում: Ուրեմն, դատարանի անկախությունը խախտելու պատճառները նաեւ այլ տեղում պետք է որոնել: Օրինակ, ապահովվա՞ծ է դատավորների տնտեսական անկախությունը, իսկ դատարանների՞ տնտեսական անկախությունը: Վերջին շրջանում փաստաբաններին զայրացնում էր այն հանգամանքը, որ հայցերն ամսով վարույթ չէին ընդունում, ծանուցումներ չէին ուղարկում կողմերին թուղթ, դրոշմանիշ չլինելու պատճառաբանությամբ: Ավելի քան 10-ը տարի առաջ էր այդ վիճակը՝ դատավորին էր թողնված դատավարական կանոնավոր պրոցես ապահովելու բոլոր ծախսերը՝ գրենական պիտույքներ, քարտրիջի լիցքավորում, ընդհուպ՝ քարտուղարի վարձատրությունը: Ադքանից հետո հնարավո՞ր էր կանխել կաշառակերությունը: Վերլուծությունների արդյունքում արմատական փոփոխություններ կատարվեց դատական համակարգում եւ վիճակը շտկվեց: Այսօր դարձյալ նույն իրավիճակի կրկնվելու վտանգը կա:

Նախորդ իշխանությունների կառավարման շրջանում հարցեր էին բերվում օրակարգ, խնդիրները ձեւակերպվում էին ներքեւից եւ հասարակական կազմակերպությունների համառ ու հետեւողական աշխատանքի արդյունքում դրանք դժվարությամբ, բայց փուլ առ փուլ առաջ էին մղվում։ Ինչպես օրինակ, երկար տարիներ չարչրկված արդարադատության խորհրդի կառուցվածքային փոփոխության հարցը՝ հստակ խնդիր դնելով այն նախագահի աշխատակազմից առանձնացնելը եւ դատարանի ինքնակառավարման բարձրագույն մարմին ճանաչելը։ Արդարադատության խորհուրդն արդեն տարանջատված է գործադիրից՝ այսօր այդ մարմինը Բարձրագույն դատական իշխանությունն է: Բայց դատավորների նշանակումը շարունակում է հանրապետության նախագահի մենաշնորհը մնալ։

Խափանման միջոց կալանքների պրակտիկան մշտապես ամենաշատ քննադատվածն է եղել եւ այլընտրանքային մեխանիզմների ներդրումն արդեն օրենքով ամրագրված է:

Եթե նախորդ տարիներին ոչ մի խնդիր չձեւակերպվեր, ո՞րն էր լինելու մեր տեսլականը, թե ինչպիսի դատական համակարգ ենք ուզում ունենալ։ Նոր կառավարությունը կարող էր շարունակել այնտեղից, որտեղ ընդհատվել էր դատական համակարգի քսանամյա բարեփոխումը: Սակայն, նոր Կառավարությունը հայտարարել է՝ չկա խնդիր, հետեւաբար չկա եւ անելիք:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter