HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալ չեմ, պատանդ եմ. անգամ դատարանի շենքում ծեծում էին մեղքը չընդունելու համար

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Սիրելի ընթերցողներ, այս անգամ Ձեզ կներկայացնեմ որոշ փաստեր անցած դարի 90-ականների ոստիկանական, քրեակատարողական և առհասարակ դատաիրավական համակարգերի գործունեության մասին: Այս ամենի ներկայացումը կլինի շարունակական` մինչև ներկայիս իշխանությունները գիտակցեն, որ անհապաղ պետք է անցնել անցումային արդարադատության իրականացմանը: Այսօրվա պես հիշում եմ դիպլոմային աշխատանքիս պաշտպանության օրը տեսախցիկների առաջ ոգևորված կոչ էի անում սատարել Նիկոլ Փաշինյանին: Նորից ու նորից նայում եմ պատմական դարձած այն կադրերը, որտեղ նա մեր` Նոր Նորքի թաղերում քարոզարշավ անելիս մայրիկիս ասում է, որ հանդիպել է ինձ բանտում: Հիշում եմ մեր այդ խոստումնալից հանդիպումը, որ մի օր մահապատժի ու ցմահ դատապարտվածների բազմաչարչար հարցը կստանա օրինական լուծում:

Անգամ շատ երիտասարդ իրավաբաններ, փաստաբաններ հիմա չեն էլ պատկերացնում 1990-ականների դատաիրավական համակարգը, չեն պատկերացնում, թե ինչ դժվարություններ պետք է անցներ փաստաբանը իր պաշտպանյալի հետ առանձին հնդիպում ունենալու համար: Գիտե՞ք, որ 90-ականներին փաստաբանը (պաշտպանը) իր պաշտպանյալի հետ առանձին հանդիպում կարող էր ունենալ դատախազի թույլտվությամբ: Հա՛, մի՛ զարմացեք, 1996-ին «Նուբարաշեն» բանտի առաջին հարկի քննչական սենյակների դիմաց`միջանցքում կանգնած, ինձ ու պաշտպանիս քննիչը չէր թողնում իրար մոտենալ, զրուցել, իսկ արդեն սենյակում պարտադրում էր միայն բարձր խոսել, որ ինքն ամեն ինչ լսի: Նոր փաստաբանների համար նման բանն աներևակայելի է, քանի որ դա կդիտվի կասկածյալի, մեղադրյալի հիմնարար իրավունքների կոպիտ խախտում: Բայց այն, ինչն այսօր համարվում է մարդու, քաղաքացու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում, 90-ականներին սովորական երևույթ էր ոստիկանական բաժանմունքներում, ՔԿՀ-ներում: Պարտադիր ծեծը «բնական» երևույթ էր, հետո, ըստ պահանջի, շղթայում էին մի տեղից կամ ձեռքերը հետևից, որ չկարողանաս դիմադրել ու սկսում էին «մշակել», ոտքերով, ձեռքերով, մահակներով հարվածում էին այն տեղերին և այնպես, որ արտաքինից գրեթե ոչինչ չերևա` մահակով բոբիկ ոտքերի տակ (ցավն անտանելի է), ողնաշարին, բաց ափով ծոծրակին ու գլխի այլ մասերին, բռունցքով լյարդին ու երիկամներին, սրտի շրջանում և այլ նման դաժանություններ: Այս ամենը արվում էր ցանկալի պատասխաններ ստանալու համար`ցուցմունքներ կորզելու նպատակով: Այս ամենի միջով անցել եմ նաև ես: Երբ հաջորդ օրը ոստիականական բաժանմունքում քննիչն ու փաստաբանը եկան, սենյակ մտցնելուց առաջ ոստիկաններն ասում էին.

-Ոնց սովորացրել ենք, տենց կասես:

Ես էլ այս մասին պատմեցի քննիչին, նա էլ խորհուրդ տվեց, որ 3 օր դիմանամ, իբր, կտանեն բանտ ու այնտեղ ոստիկաններն արդեն մուտք չեն ունենա: 3 օր դիմացա, որևէ անգամ ինքնախոստովանական ցուցմունք չտվեցի: Հենց սա է պատճառը, որ ձեզ կիսատ-պռատ ներկայացրած խորհրդային շրջանի ոստիկանական բաժնում անօրեն կատարված տեսագրությունը տեղ չի գտել քրեական գործի նյութերում և ապացույց չի ճանաչվել: Դա առանց պաշտպանի, առանց քննիչի ներկայության, առանց դատավարական կարգավիճակի կորզված մի բան է՝ առանց իրավաբանական ուժի: Դրանից հետո արդեն ոստիկանական բաժնում ինձ այցելող և հենց Արամի կողմից իր բնակարանում սպանություն կատարելու վերաբերյալ քրեական գործ հարուցած քննիչին, ցավոք, արագ փոխարինեցին այլ քննիչով: Նա ոչ միայն չէր թողնում, որ հանդիպումներ ունենամ պաշտպանիս հետ, այլ մի աժդահայի հետ այցելում էր բանտ ու ինձ ոչ միայն ծեծի էին ենթարկում, այլև հոսանք տալիս, բայց դիմացա ու երբևէ ինքնախոստովանական ցուցմունք չտվեցի:

Իսկ գիտե՞ք՝ ինչ էին անում դատարան մտցնելուց առաջ. 1996թ-ին դատարանի դահլիճ մտնելուց առաջ պարտադրում էին, սպառնում, որ հանկարծ գլուխներս չբարձրացնենք, ոչ ոքի աչքերի մեջ չնայենք, դահլիճի կողմ գլուխներս չթեքենք: Դատարանի շենքում աշխատակիցները ծեծում էին հատկապես ինձ միայն այն պատճառով, որ չեմ ընդունում մեղքը: Անցնելով այս դժոխքի միջով՝ ես հայտարարում եմ, որ դատապարտյալ չեմ, այլ՝ պատանդ, ում անօրեն կերպով բանտում են պահում որպես մեկ ընտանիքի վրեժխնդրության գործիք օգտագործելով նախկին իշխանությունների դատարաններն, այժմ էլ նոր իշխանություններին ու տարօրինակ կերպով խուսափելով արդար դատաքննությունից: 

Բայց պայքարը անարդարի, անօրինություների, հակաիրավականության դեմ շարունակվում է: Սիրո ու Արդարության առաջ բացվելու են բոլոր դռները:

Հ.Գ. Գիտեմ, որ երեք օր Մաշտոցի պուրակում Զարուհին ու մեր ընկերները Սիրո, ինչպես նաև Գիրք նվիրելու օրվա առթիվ Մաշտոցի պուրակում վաճառվելու են Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը»՝ իմ ռուսերեն թարգմանությամբ և վերջին գիրքս՝ «Զգացմունքների պետությունը»: «Բանտիս օրագրի» վաճառքից ստացված գումարը մերոնք փոխանցել ու փոխանցում են վիրավոր զինվորներին, իսկ «Զգացմունքների պետությունը» ծառայելու է նոր գրքիս տպագրության համար: Նորը Սիրո, այսինքն, ճշմարիտի ու արդարի մասին է, իմ կնոջ մասին: Վերնագրել եմ «Երջանկությունը բանտում կամ Կին-Աղջիկը»:

Մեկնաբանություններ (1)

Նարինե
Ուժեղը նա չէ, ով հաղթում է, այլ նա է, ով չի հեռանում պարտությունից հետո… Դու ուժեղ ես, Մհեր ջան... Մնում է հավատալ արդարադատությա'նը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter