
Ուրցաձորի` հրաժարական տված համայնքապետը վերընտրվել է
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում համայնքապետ է ընտրվել նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, ով գյուղացիների պահանջով 2018թ. հոկտեմբերին հրաժարական էր տվել:
Համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել էր հինգ թեկնածու: Հրաժարական տված համայնքապետի օգտին քվեարկել է Ուրցաձորի 2220 բնակչից 911-ը:
Համայնքում ընտրելու իրավունք ուներ 3081 քաղաքացի: Ձայների հաշվարկով երկրորդ տեղն է զբաղեցրել Գեւորգ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքում մոտ տասը օր տեւած բողոքի ակցիաների պատճառով հրաժարական տվեց: Նա հրաժարականի օրը ուրցաձորցիներին խոստացավ ընտրություններին կրկին առաջադրվել. «Ես պարզ ճակատով ասում եմ՝ կտամ հրաժարական ու նորից դիմում կտամ վերընտրելու, որովհետև պետության պահանջն է այսօր, նաև ձեր պահանջն է (համայնքապետը նկատի ունի հրաժարականի դիմումը-հեղ.): Եթե դուք ուզում եք, թող նորից լինի ընտրություն, ով կընտրվի, հալալ լինի իրան»,-ուրցաձորցիների հետ հանդիպմանը ասել էր Ռաֆիկ Անդրեասյանը: Վերջինս Ուրցաձորը ղեկավարում էր 1999 թվականից:
Մեկնաբանել