HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չհայտարարված այց «Նուբարաշեն» ՔԿՀ. առանձնազրույցներ ջրադուլ և հացադուլ հայտարարած անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 14-ին այց է իրականացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 5 անձի հետ։

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանի և Արամ Խաչիկյանի հետ, ովքեր անժամկետ հացադուլ են հայտարարել փետրվարի 12-ից: Նրանք դժգոհել են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտից, բարձրացրել են Արդարադատության նախարարության իրավասության շրջանակում գտնվող հարցեր։ Նրանք առողջական վիճակի հետ կապված գանգատներ չեն հայտնել, գտնվել են բժշկական հսկողության ներքո. չափվել են արյան զարկերակային ճնշումը և սրտի զարկերը: Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ հացադուլի ընթացքում Արամ Խաչատրյանի մոտ արյան զարկերակային ճնշումը ցածր է:

ՔԿՀ-ում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել հացադուլ և ջրադուլ հայտարարած Կարեն Եղիազարյանի հետ:  Վերջինս հրաժարվել է սննդի և ջրի ընդունումից փետրվարի 11-ից: Նրա պահանջը կապված է քրեական գործի հետ։ Կարեն Եղիազարյանը հրաժարվել է բժշկական զննությունից և առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել, սակայն նրա բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ վերջինս ունի ուղեկցող հիվանդություններ և կարիք ունի մշտական բժշկական հսկողության:

Ազատությունից զրկված մյուս երկու անձինք հացադուլ են հայտարարել փետրվարի 11-ից:

Ուսումնասիրվել են հացադուլ իրականացնող անձանց բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ բժշկական քարտերը: Նրանց առողջական վիճակի և դրա նկատմամբ բժշկական վերահսկողության հարցերը քննարկվել են ՔԿՀ-ի բուժանձնակազմի հետ:

Հացադուլ հայտարարած անձանց պարզաբանվել են առողջության համար սննդից հրաժարվելու բացասական հետևանքները:

Հացադուլ հայտարարած անձանց կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ նաև համապատասխան գրություններ կհասցեագրվեն Արդարադատության նախարարություն:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Բողոքների հիմնական մասը վերաբերել է առողջական խնդիրներին և այդ կապակցությամբ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելուն:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter