
Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործը 76 հատոր է
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործը 76 հատոր է: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը: Նշենք, որ Քոչարյանի պաշտպանական խումբը 70 աշխատանքային օրից ավելի է պահանջել գործի նյութերին ծանոթանալու համար, այսինքն՝ յուրաքանչյուր հատորի համար մոտ մեկ աշխատանքային օր:
Հիշեցնենք, որ Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի վերաբերյալ գործն անջատվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող Մարտի 1-ի գործից, և հայտարարվել նախաքննության ավարտ:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Սեյրան Օհանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Յուրի Խաչատուրովը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Արմեն Գևորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Մեկնաբանել