HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սարատակի դպրոցում բռնկված հրդեհը դիտավորությա՞ն, թե՞ պատահականության հետևանք է

Շիրակի մարզի Սարատակ գյուղում փետրվարի 11-ի լուսաբացը ծխահոտ էր, իսկ դպրոցի ճամփան՝ մարդաշատ: Կիրակի, լույս երկուշաբթի գիշերը` ժամը 4-ից 5-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել գյուղի դպրոցում: Դեպքի մասին 911 ծառայություն ահազանգ էր ստացվել ժամը 04:57-ին: Հրդեհը բռնկվել էր տնօրենի սենյակում, տարածվել հարեւանությամբ գտնվող արխիվային փաստաթղթերի պահման սենյակ եւ սանհանգույց՝ ընդհանուր առմամբ վնասելով 50 քմ տարածք: Կրակի բաժին էին դարձել երկու սենյակներում պահվող փաստաթղթերը, գույքը, չհրկիզվող պահարանում պահվող կարեւորագույն փաստաթղթերը եւս ոչնչացել էին: Հրդեհը կարողացել էին մեկուսացնել ժամը 05:51-ին, մարել ամբողջությամբ՝ ժամը 06:46-ին:

Դիտավորություն, թե՞ պատահականություն է կատարվածը՝ Սարատակի դպրոցում բռնկված հրդեհի բուն պատճառների վերաբերյալ ոստիկանությունն առայժմ որեւէ պաշտոնական գնահատական չի հնչեցրել: «Սպասում ենք Երեւանից փորձագետներ պիտի գան,- հանդիպման ժամանակ ասաց դպրոցի փոխտնօրեն Միքայել Ղաբուզյանը,-երեւի էդ ժամանակ էլ պարզ կլինի, թե իրականում ինչից է բռնկվել հրդեհը»: Միքայել Ղաբուզյանն նկատում է, որ եթե աշխատանքային օր լիներ, գուցե հնարավոր լիներ «մեղքը գցել» էլեկտրալարերի վրա, սակայն դեպքին նախորդել են երկու ոչ աշխատանքային օրեր:

«Ուրբաթ օրն էլ տնօրենի աշխատասենյակում ոչ սոլյարայուղի վառարանը, ոչ էլեկտրական վառարանը չեն վառվել, որ ասենք, հա, մոռացել միացրած է թողել: Տնօրենն էլ է ասում, որ ոչ մի բան աշխատասենյակում միացրած չի եղել, եթե լիներ, ուրեմն վարդակների մեջ էդ հալված երկաթե մասերը կմնային, բայց չկար, բացի դրանից՝ էլեկտրական շիթն էլ է անվնաս մնացել: Սկզբում մտածում էինք, թե գուցե տանիքից լինի, բայց չէ՝ ապացուցվեց, որ հրդեհը հենց առաջին հարկից է սկսվել»,- ասում է Միքայել Ղաբուզյանը:

Հրդեհից հետո երեք օրով դպրոցում դադարեցվել էին դասերը առաջին եւ երկրորդ հարկերում տարածված ծխի հետեւանքները մաքրելու նպատակով: Մաքրման աշխատանքներն իրականացվել են ավագ դասարանների աշակերտների, ծնողների եւ ուսուցիչների մասնակցությամբ:

«Ամբողջությամբ կարգի չենք բերել տարածքը, բայց դե հիմա էն, ինչ տեսնում եք, առաջին օրվա հետ չես համեմատի: Երկուշաբթի օրը նորանշանակ մարզպետն էլ եղավ դպրոցում՝ խոստացավ աջակցել, համայնքապետարանն է օգնում իր կարողությունների չափով, հավանական է՝ պետական աջակցություն կունենանք հրդեհի վնասներն ամբողջությամբ հաշվարկելուց հետո»,- նշում է զրուցակիցս:

Դպրոցում ցուրտ է, դասասենյակներում ջերմաստիճանը չի գերազանցում +11 աստիճանը: Աշակերտներն ու ուսուցիչները դասի են նստում վերարկուներով: Երկհարկանի կառույցը լոկալ ջեռուցումով ապահովելու նպատակով կառուցված կաթսայատունը 20 տարուց ավելի է՝ չի գործածվում: Փոխտնօրենի խոսքերով, միջին ճնշման գազի 800 մ խողովակ է անհրաժեշտ խնդիրը վերջապես կարգավորելու համար: Տարիներ շարունակ, ձմռան ամիսներին, դասասենյակները տաքացնում են սոլյարայուղի, որոշ սենյակներ՝ էլեկտրական վառարանների օգնությամբ:

Դպրոցում պետական միջոցներով վերանորոգման որեւէ աշխատանք չի իրականացվել: 2004թ.-ին միջանցքները սալիկապատվել են բարերար Քրիստափոր Պետրոսյանի աջակցությամբ, նույն բարերարն այս տարի հոգացել էր, որ ամբողջությամբ փոխվի շենքի տանիքը, որի աշխատանքներն ավարտվել էին հրդեհի նախորդ օրը: Անցած տարի էլի, կրկին ոչ պետական աջակցությամբ, փոխվել էր դպրոցի պատուհանների մի մասը:

Սարատակի դպրոցը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվել էր նաեւ 2018թ. հունվարին` կապված տնօրենի պաշտոնակատարի նշանակման հետ: Սարատակցիներն անցած տարի հունվարին հասել էին անգամ Երեւան՝ իրենց բողոքն անձամբ կառավարությանը ներկայացնելու համար: 2017թ. դեկտեմբերին Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Հոռոմ գյուղից ուսուցչուհի Արեւիկ Մուրադյանին: Վերջինս դաշնակցական, նախկին ԱԺ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանի ազգականն է:

Պաշտոնակատարի նշանակման դեմ ընդվզել էր ոչ միան դպրոցի աշխատակազմը, այլեւ՝ աշակերտներն ու ծնողները: Սարատակցիներին վրդովեցրել էր Արեւիկ Մուրադյանի հայտարարությունները, որ ինքը ՀՅԴ անդամ է եւ իր թիկունքում են դաշնակցական մարզպետն ու ԱԺ պատգամավորը: Ասում են՝ դպրոցում դաշնակցական է անգամ հավաքարարը, մանկավարժներից երկուսը, եւ թեկնածուի հարցում ուղղորդում է Ռոմիկ Մանուկյանի որդին, որը ծնողական խորհրդի անդամ է: Բողոքող կողմը հայտարարել էր, որ դեմ է դպրոցը կուսակցական շտաբի վերածելուն:

2017թ. դեկտեմբերի 19-ին կայացած մրցույթում Արեւիկ Մանուկյանը չէր ընտրվել՝ 3 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ, այնուամենայնիվ նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար:

Մեկ տարի առաջ` 2018թ. փետրվարի 18-ին, Սարատակի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար նշանակված մրցույթը չկայացավ: Տնօրենի երեք թեկնածուներից, փոխվարչապետի ընտրությամբ, տնօրեն նշանակվեց Էդվարդ Գրիգորյանը, որը նախկինում աշխատել էր Գյումրու թիվ 2 եւ թիվ 5 դպրոցներում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Էդվարդ Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ փորձեցինք ճշտել, թե կարող էր  արդյոք դպրոցի հրդեհը կապ ունենալ մեկ տարի առաջ տնօրենի պաշտոնի շուրջ եղած խմորումների հետ: «Ես ուզում եմ զերծ մնալ գնահատականներ տալուց, մինչեւ կլինի պաշտոնական եզրակացություն,- շեշտեց Էդվարդ Գրիգորյանը,- չեմ ուզում մտածել, որ ինչ-որ մեկն ուզեցել է վատություն անել դպրոցին»:

Էդվարդ Գրիգորյանի փոխանցմամբ, հրդեհից փրկվել են դպրոցի կնիքն ու ֆինանսական փաստաթղթերը, որ եղել են հաշվապահի չհրկիզվող պահարանում: «Մնացած ամեն ինչը, որ հրդեհը ոչնչացրել է՝ ենթակա է վերականգնման, բացի հրամանագրքերից»,- հավելեց զրուցակիցս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter