HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Պատրաստ եմ իմ գիտելիքներն ու փորձը կիրառել մեր երկրում, եթե ինձ այդ հնարավորությունը տրվի»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հունվարի 31-ի կարգադրությամբ ստեղծվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ։ Այն մինչեւ մարտի 15-ը պետք է ՍԴ դատավորի թեկնածուի յուրաքանչյուր հավակնորդի հետ անհատական զրույց անցկացնի եւ մինչև մարտի 20-ը խորհրդատվական կարծիքները ներկայացնի Հանրապետության նախագահին: Դատավորի թեկնածուներին առաջադրվելու համար մինչեւ փետրվարի 28-ը ժամանակ է տրված։ Առայժմ միայն մեկ թեկնածու է ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարել իր առաջադրվելու մասին՝ Բեռլինի Հումբոլդտի անվան Համալսարանի կողմից սահմանադրական իրավունքի ոլորտում իրավաբանական գիտությունների դոկտորի (Doctor iuris) աստիճանի արժանացած Գոռ Հովհաննիսյանը։

Պրն Հովհաննիսյան, Դուք դիմել եք ՀՀ նախագահին՝ Ձեր թեկնածությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի պաշտոնում առաջադրելու համար: Ինչո՞ւ եք ձգտում ՍԴ դատավոր դառնալ Հայաստանում:

Իմ նպատակը մեկն է՝ նպաստել հայկական իրավունքի զարգացմանը։ Ես կարող եմ դա անել, որովհետև ստացել եմ լավ կրթություն, ունեմ հարուստ մասնագիտական աշխատանքային փորձ և՛ գիտության ոլորտում, և՛ պրակտիկայում։

Որպես գերմանական իրավունքի մասնագետ՝ շատ լավ ծանոթ եմ նաև գերմանական փորձին, որով այսօր առաջնորդվում է հայկական իրավունքը։ Այսօրվա գլոբալ աշխարհում իրավահամեմատությունը նաև հանրային իրավունքի ոլորտում դարձել է պարզապես անխուսափելի։ Դժվար է պատկերացնել մի բարձրագույն դատարան, որն այսօր որոշումներ ընդունի առանց նախապես օտարերկրյա իրավունքի փորձն ուսումնասիրելու։ Զարգացնել հայրենական իրավունքը, առանց զարգացած օտարերկրյա իրավունքի հետ համեմատության, ուղղակի աներևակայելի է։ Այդ համեմատությունը շատ ավելի հեշտ ու արդյունավետ է, երբ դրանով զբաղվում է միաժամանակ օտարերկրյա իրավունքի մասնագետ հանդիսացող դատավորը։

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատանքն առաջարկում է լավագույն պայմանները նշված նպատակին՝ հայրենական իրավունքի զարգացմանը հասնելու համար։ Մի բան է գիտական հոդվածներ ու դասագրքեր գրելը, որոնք ոմանք կկարդան, ոմանք՝ ոչ, մեկ այլ բան է սահմանադրական դատարանի որոշումների ընդունման վրա անմիջական ազդեցություն ունենալը, որոնց կատարումը պարտադիր է ողջ պետության տարածքում։ Այդ պատճառով մտածում եմ, որ սահմանադրական դատարանում դատավոր աշխատելը նշված նպատակին հասնելու ամենակարճ ու ամենաարդյունավետ ճանապարհն է։

Դուք Գերմանիայում բավականին հաջող կարիերա ունեք, նման խստապահանջ երկրում հաջողությունների հասնելուց հետո, արդյոք, Ձեզ կգոհացնի՞ Հայաստանի բարձրագույն դատական համակարգում աշխատանքը:

Ես դա կկարողանամ գնահատել միայն որոշ ժամանակ աշխատելուց հետո։ Երկար տարիներ աշխատել եմ ՀՀ Սահմանադրական դատարանում, պրակտիկա եմ անցել նաև Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանում և ունեմ համեմատելու հնարավորություն։ Նյութատեխնիկական պայմաններն, անշուշտ, նույնը չեն, բայց դատավորի աշխատանքի բնույթը նույնն է։ Ես պատրաստ եմ իմ գիտելիքներն ու փորձը կիրառել մեր երկրում, եթե ինձ այդ հնարավորությունը տրվի։

Հաճախ եք քննադատել ՍԴ որոշումները ասելով, որ դրանք վիճարկվող օրենքների սահմանադրականության հարցին չեն պատասխանում, այլ վերլուծություններ են: Ի՞նչ դերակատարություն կարող եք ունենալ ՍԴ որոշումների որակական փոփոխությունների հարցում:

Նախ՝ Սահմանադրական դատարանի որոշումների քննադատության մասին։ Իրավական պետությունում Սահմանադրական դատարանի որոշումների քննադատությունը թույլատրելի է և անհրաժեշտ, և ՍԴ-ն պետք է հանդուրժի դա։ Քանի որ գոյություն չունի Սահմանադրական դատարանին վերադաս դատարան, որը կվերանայեր նրա որոշումները և սխալների դեպքում կուղղեր դրանք, ուստի ՍԴ-ին զսպող միակ բանը նրա որոշումների գիտական քննադատությունն է։ Անվերահսկելի վերահսկողությունն անհամատեղելի կլիներ սահմանադրական կարգի հետ։ Հենց գիտական քննադատական վերլուծությունն է ծառայում իրավունքի զարգացմանը, և յուրաքանչյուր իրավաբանի համար ինքնին հասկանալի բան է։

ՍԴ-ի որոշումների քննադատության հնարավորություն նախատեսված է նաև օրենքով հենց սահմանադրական դատարանի դատավորի համար։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ ՍԴ-ի դատավորը կարող է ներկայացնել հատուկ կարծիք որոշման կամ եզրակացության ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ։ Հատուկ կարծիք ներկայացվում է, բնականաբար, այն դեպքում, երբ դատավորը համամիտ չէ մեծամասնության որոշման հետ։ Հետևաբար, հատուկ կարծիքն այլ բան չէ, քան Սահմանադրական դատարանի որոշման պաշտոնական քննադատություն։ Այդ հատուկ կարծիքը ենթակա է հրապարակման ՍԴ-ի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև հրապարակվում է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով և Սահմանադրական դատարանի տեղեկագրում:

Ես մտածում եմ, որ լուրջ դերակատարություն կարող եմ ունենալ ՍԴ-ի որոշումների որակական փոփոխության հարցում, և հենց այդ նպատակով է, որ ուզում եմ աշխատել ՍԴ-ում։ Այդպես մտածելուս պատճառը հետևյալն է հայկական իրավակարգը գնալով ավելի ու ավելի շատ է առաջնորդվում գերմանական իրավունքով։ Եթե նախկինում միայն սահմանադրական ու վարչական իրավունքի ոլորտի հայկական օրենքներն էին մշակվում գերմանական իրավունքի հիման վրա, ապա այսօր այդ մոտեցումը նկատելի է իրավունքի բոլոր ոլորտներում։ Մշակվում է նոր Քրեական օրենսգրքի նախագիծ ամբողջությամբ գերմանական քրեական իրավունքի մոտեցումների հիման վրա, հայկական Քաղաքացիական օրենսգրքի վերջին շրջանի փոփոխությունները կատարվում են գերմանական քաղաքացիական իրավունքի օրինակով։

Եվ վերջապես, 2015 թ․-ի սահմանադրական բարեփոխումների հիմքում դրվել է Գերմանիայի Հիմնական օրենքը։ Ես կարող եմ վերցնել մեր Սահմանադրությունն ու ասել, թե որ հոդվածը գերմանական սահմանադրության որ հոդվածից է վերցված։ Նույն կերպ հայկական սահմանադրական դատարանի լիազորությունների ու վարույթների հիմքում ընկած է Գերմանական դաշնային սահմանադրական դատարանի փորձը։

Սակայն օրենքի մակարդակով առաջադեմ կարգավորումներ նախատեսելը մի բան է, դրանք ճիշտ հասկանալն ու ճիշտ կիրառելը՝ մեկ այլ բան։ Այսօրվա հայկական օրենքները ճիշտ մեկնաբանել ու ճիշտ կիրառել հնարավոր չէ առանց գերմանական իրավունքի իմացության։ Որովհետև ինչպե՞ս կարելի է Հայաստանում ստանալ նույն արդյունքը, ինչ որ կա Գերմանիայում, եթե գերմանական իրավունքից վերցված իրավանորմերը մեկնաբանվում ու կիրառվում են այլ իմաստով, քան այնտեղ։ Բայց չէ՞ որ այդ իրավանորմերն ընդօրինակելն ինքնանպատակ չեն։ Դրա միակ նպատակը նույն արդյունքի հասնելն է, ինչ որ գերանական իրավունքում։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե գերմանական իրավունքից վերցված դրույթները մեկնաբանվում ու կիրառվում են ճիշտ նույն իմաստով, ինչ որ Գերմանիայում։ Հակառակ դեպքում դրանք արտագրելու կարիք ամենևին չկա։ Իսկ այդ նորմերի ճիշտ մեկնաբանումն ու կիրառումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գիտես, թե դրանք ինչ իմաստ ունեն գերմանական իրավունքում։

Եւ հենց այս կարևորագույն հարցում է, որ ես կարող եմ ունենալ չափազանց լուրջ դերակատարություն՝ իբրև նաև գերմանական իրավունքի մասնագետ։ Ես կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, թե ինչպես գերմանական իրավունքից վերցված կարգավորումները քաղաքացիների կյանքում բացարձակապես ոչինչ չեն փոխել, քանի որ մեկնաբանվում ու կիրառվում են դեռևս պահպանվող խորհրդային իրավաընկալման լույսի ներքո։ Այդ նորմերը թեև վերցվել են մի նպատակով՝ զարգացնել պետության իրավունքը և բարելավել հասարակական հարաբերությունների կարգավորման վիճակը, սակայն ամենևին չեն ծառայում իրենց նպատակին։

Ամենացայտուն օրինակը Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթն է, որը սահմանում է, որ հիմնական իրավունքներով կաշկանդված է պետությունը։ Այս դրույթը գրեթե բառացիորեն արտագրված է Գերմանիայի Հիմնական օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասից և ամրագրվել է հայկական Սահմանադրության մեջ արդեն 2005 թվականին, բայց մինչև այսօր՝ արդեն 14 տարի անց, դեռ ճիշտ չի հասկացվում ու ճիշտ չի կիրառվում դատարանների կողմից։ Սահմանադրական դատարանն ինքը իր մի քանի որոշումներում հիմնական իրավունքներով կաշկանդված է համարում ոչ միայն պետությանը, այլև՝ քաղաքացիներին։ Դրանով հիմնական իրավունքները գլխիվայր շուռ են գալիս և քաղաքացիների ազատությունը պետական միջամտություններից պաշտպանող գործիքից վերածվում են ճիշտ իրենց հակադրությանը՝ քաղաքացիների ազատությունը սահմանափակող գործիքի։

Թեև ես 2009 թ․-ից՝ արդեն 10 տարի շարունակ, բազմաթիվ գիտական հոդվածներ եմ տպագրել այս հարցի վերաբերյալ, սակայն երկրում ոչ մի լուրջ բան չի փոխվել։ Բայց ամեն բան այլ կլիներ, եթե ես հնարավորություն ունենայի իմ այդ հոդվածներում շարադրված մոտեցումներն ամրագրելու ՍԴ-ի որոշումներում։

Իմ խորին համոզմամբ՝ իմ դերակատարությունը Սահմանադրական դատարանի որոշումների որակի բարձրացման հարցում շատ մեծ կլինի։

Դուք երկրորդ անգամն եք դիմում ՀՀ նախագահին, Ձեր առաջին դիմումին նա չարձագանքեց, պարզել եք, թե ինչո՞ւ եւ ի՞նչ սպասելիքներ ունենք այս անգամ:

Ցավոք, այդպես էլ չկարողացա իմանալ, թե Նախագահն ինչ հիմնավորմամբ է որոշել նախորդ անգամ չառաջադրել իմ թեկնածությունը։ Ես շատ կուզենայի իմանալ նրա նկատառումները։ Այս անգամվա ակնկալիքների մասին խոսելը երևի դեռ վաղ է, որովհետև Նախագահին դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվում է փետրվարի 28-ին։ Մինչ այդ կարող են բազմաթիվ մարդիկ դիմել։

Բացի այդ, այս պահի դրությամբ ևս ես տեղյակ չեմ, թե ովքեր են դիմել։ Նախագահին ուղղված դիմումում հնարավորություն կա նշելու, որ չհրապարակվի դիմելու փաստը։ Ես, բնականաբար, տվել իմ համաձայնությունը, որ Նախագահը հրապարակի իմ դիմելու փաստը, ու ինքս էլ արդեն հրապարակել եմ դա։ Բայց, ինչպես արդեն ասացի, դեռ տեղյակ չեմ, թե ինձնից բացի ուրիշ ովքեր են դիմել։ Հետևաբար, դեռ ոչինչ չեմ կարող ասել, թե ինչ կարելի է ակնկալել այս անգամ։

Իմ միակ ցանկությունը մրցույթը Սահմանադրության ու օրենքի պահանջների պահպանմամբ անցկացնել է, այնպես որ թեկնածուի ընտրության հարցում որոշիչ լինեն բացառապես օրենքով նշված նախապայմանները՝ մասնագիտական բարձր որակ, բարոյական բարձր հատկանիշներ, տարիք, քաղաքացիություն և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter