HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

BBC-ն խոստովանել է, որ դրամաշնորհներ է ստանում Եվրոպական Միությունից

BBC հեռուստառադիոկորպորացիան խոստովանել է, որ վերջին 4 տարվա ընթացքում Եվրոպական Միությունից ստացել է մոտ 3 միլիոն ֆունտ ստերլինգի հասնող դրամաշնորհներ: Ինչպես հայտնում է lenta-ru-ն՝ վկայակոչելով The Daily Telegraph-ի տվյալները, բացի դրանից՝ 2003 թ.-ից սկսած՝ ընկերությունը եվրոպական ներդրումային բանկից վերցրել է ավելի քան 141 միլիոն ֆունտի հասնող վարկ:

Մեծ Բրիտանիայում մտավախություն կա, որ եվրոպական ֆինանսավորումը կարող է ազդել BBC-ի կողմից Եվրոպայի քաղաքական իրադարձությունների լուսաբանման օբյեկտիվության վրա: «Պահպանողական» կուսակցության անդամ, պատգամավոր Դոմինիկ Ռաաբի կարծիքով Եվրոպական Միության կողմից դրամական փոխհատուցում ստանալը կասկածի տակ է դնում BBC-ի խմբագրական քաղաքականության անկախությունը:

Սակայն կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ԵՄ-ից ստացվող գումարները նախատեսված են եղել հետազոտական ծրագրերի ֆինանսավորման համար և կազմել են ստացված բոլոր դրամաշնորհների աննշան մասը: Ինչ վերաբերում է եվրոպական բանկի վարկերին, ապա նրա խոսքերով դրանք բացառապես առևտրային հիմք ունեն և ոչ մի կերպ չեն ազդում խմբագրական քաղաքականության վրա:

«Ինֆորմացիայի տրամադրման օբյեկտիվությունը և հավասարակշռվածությունը BBC-ի համար եղել են, կան և կլինեն առաջնահերթ խնդիր»,- նշել է ընկերության ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ լուրերի ծառայությունը ԵՄ-ից գումար չի ստացել:

BBC կորպորացիան հասարակական կազմակերպություն է, որը գործում է հիմնականում գովազդի և հեռարձակման լիցենզիայի վաճառքի եկամուտների, նաև բրիտանական կառավարությունից ստացվող դրամաշնորհների հաշվին: Մեկ տարի առաջ բրիտանական կառավարությունը 16 տոկոսով կրճատել էր BBC-ին հատկացվող դրամաշնորհը, որի առնչությամբ ընկերությունը որոշում ընդունեց փակել որոշ լեզուներով ծառայություններ և կրճատել աշխատակազմը:

BBC-ն ունի երկու խոշոր հեռուստաալիք, ինչպես նաև կաբելային ալիքներ և 10 խոշոր ռադիոկայան: Ընկերության ընթացիկ ծախսերը կազմում են տարեկան շուրջ 4.2 միլիարդ ֆունտ: Այս ցուցանիշով BBC-ն Բրիտանիայում զիջում է միայն British Sky Broadcasting ընկերությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter