HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Իրանցի ամուսինները օրգանիզմում թմրանյութեր են տեղափոխել․ գործը դատարանում է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան թմրանյութ տեղափոխած Ահադ Ամանիի, Շոհրեհ Շաքուրիի և Սերժիկ Բաղումյան-Սանգբարանիի գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում Ահմադ Ամանին չընդունեց առաջադրված մեղադրանքը, իսկ Շոհրեհ Շաքուրին ու Սերժիկ Բաղումյանը հրաժարվեցին պատասխանել։

Դատախազ Հակոբ Ենոքյանը հրապարակեց առաջադրված մեղադրանքի եզրափակիչ մասը։ Սերժիկ Բաղումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն, փորձել է առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց:

Ըստ մեղադրանքի՝ Սերժիկ Բաղումյանը 2018-ի մարտին ծանոթացել է ամուսիններ Ահմադ Ամանիի և Շոհրեհ Շաքուրիի հետ, համաձայնության եկել թմրամիջոցները Իրամի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխելու համար։ Թմրամիջոցները հայտնաբերվել են 2018-ի ապրիլին, երբ իրանցի ամուսինները Թեհրան-Երևան չվերթով մուտք են գործել Հայաստան։

Ահմադ Ամանին և Շոհրեհ Շաքուրին թմրամիջոցները թաքցրել են ինչպես հագուստի մեջ, այնպես էլ հետանցքում։ Շոհրեհ Շաքուրիին բերման ենթարկելիս հայտնաբերվել է մոտ 193 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց, 90,299 գրամ հաստատուն քաշով մեթամֆետամին, ընդհանուր 70,94 գրամ ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոց։ Թմրամիջոցների 50,98գ -ը հայտնաբերվել է բժշկական միջամտությունից հետո։

Սերժիկ Բաղումյանի, Ահմադ Ամանիի և Շոհրեհ Շաքուրիի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում գործի վերաբերյալ առկա տեղեկությունների՝ իրանցի ամուսիններին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266 հոդվածի մաս 3-ի 2-րդ կետի և 2671 հոդվածի մաս 4-ի 1-ին կետով՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և իրացնելու նպատակի, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պահելու և փոխադրելու համար։

Նիստի ընթացքում Սերժիկ Բաղումյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի հեռախոսազանգերի վրա դրված սահմանափակումները։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց միջնորդությունը։

Այսօրվա նիստը սկսվեց մեկ ժամ ուշ, քանի որ պաշտպան Գայանե Գրիգորյանը դատական նիստի մասին ծանուցված չէր, իսկ դատավորի՝ մեկ այլ նիստ ունենալու պատճառով նիստը հետաձգվեց։

Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 4-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter