HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թատրոնի և կինոյի ինստիտուտում առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու գործով վերականգնվել է պետությանը պատճառված վնասը

Կրթության և գիտության նախարարության «Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012 թվականից մինչ օրս նույն ՊՈԱԿ-ի ղեկավար պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, շահադիտական դրդումներով, պաշտոնական փաստաթղթերում կեղծ գրառումներ կատարելու եղանակով վատնել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Գլխավոր դատախազությունը մանրամասնում է, որ 2012-2016 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի գործող ռեկտորները հաջորդաբար որպես անգլերեն լեզու առարկայի դասավանդող են հրամանագրել ներկայիս անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորին: Սակայն վերջինիս կողմից նշված ժամանակահատվածում փաստացի դասավանդում չիրականացնելու պայմաններում նրա անվամբ որպես աշխատավարձ դուրս գրելու եղանակով վատնվել է առանձնապես խոշոր չափերի 3 500 410 դրամ։

Դեպքի առթիվ դեռևս 2018թ. սեպտեմբերի 14-ին ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունում քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

2019թ. փետրվարի 8-ին «Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նախկին ռեկտոր Դ. Մ.-ն քրեական օրենգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության երկու դրվագ կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նույն ինստիտուտի նախկին պրոռեկտոր Հ. Ա.-ն 2019թ. փետրվարի 11-ին ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

2019թ. փետրվարի 15-ին վերջինս հրավիրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն ու նախազգուշացվել պետության շահերին հասցված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ։

Արդյունքում փետրվարի 16-ին նա վարչական շրջանների դատախազություն է ներկայացրել վճարային հանձնարարական, համաձայն որի՝ դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 3 500 410 դրամ՝ այդ կերպ վերականգնելով պետությանը պատճառված վնասը։

Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ 2018թ-ի սեպտեմբերին ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում էին այլ չարաշահումներ ևս, որոնցով վատնված գումարը գերազանցում էր 9 մլն դրամը: Այս դրվագների մասին դատախազությունը մանրամասներ չի հաղորդել:

լուսանկարը՝ wikipedia.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter