HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ Վազաշենում ոսկի որոնելու հայտ է ներկայացրել գյուղի մշակույթի տանը գրանցված ընկերությունը

Տավուշի մարզի Վազաշեն գյուղի մշակույթի տանը գրանցված «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ն Բնապահպանության նախարարություն է ներկայացրել Վազաշենի Կարմիր քար, ժանգոտ ձոր և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախագիծ: Ոսկի-բազմամետաղներ են որոնելու սահմանամերձ Վազաշենում:

Վազաշենի հանքերևակման տեղամասը գտնվում է գյուղից 1,5-4 կմ արևելք-հարավ-արևելք  և Հախում գյուղից 3-6 կմ հյուսիս-արևմուտք: Տեղամասի հյուսիսային հատվածը՝ ՀՀ պետական սահմանից 0,5-1 կմ հեռավորության վրա է:

Մասնավորապես, 2019-2021թթ. Կարմիր քարի տեղամասում հետախուզական, իսկ Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերում որոնողահետախուզական աշխատանքներ են կատարելու ոսկու-բազմամետաղների պաշարների հաշվարկներ և գնահատում իրականացնելու նպատակով:

Սկզբից Կարմիր քարի տեղամասում են մանրակրկիտ հետախուզական աշխատանքներ իրականացվելու՝ առաջնահերթ շահագործման մեջ ընդգրկելու համար: Իսկ Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերում հորատումների միջոցով հանքայնացումները կուսումնասիրվեն, որի արդյունքում կգնահատվի դրանց հեռանկարայնությունը:

Նախագծի  համաձայն՝ տարածքը թփուտապատ է, սակայն փորվածքներն արվելու են անտառազուրկ հատվածներում: Բնության և մշակութային հուշարձաններ, հատուկ պահպանվող տարածքներ չկան տեղանքում:

«Բացառվելու է անտառային ծածկի (ծառերի, թփերի) հատման հնարավորությունը, քանի որ նախատեսվում է հանքավայրի հետագա շահագործումն իրականացնել ստորգետնյա արդյունահանման եղանակով»,- նշվում է նախագծում

«Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017թ. դեկտեմբերի 18-ին: Վազաշենի համայնքապետ Լորիկ Բադիրյանը արդեն 2018թ. հունվարի 11-ին տեղեկանք է տրամադրել ընկերությանը՝ հայտնելով, որ Վազաշեն համայնքն իր նախնական համաձայնությունն է տալիս ընկերության ոսկի-բազմամետաղային հանքերևակման սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելուն:

2018թ. մայիսին էլ հանրային լսումների արձանագրություն է կազմվել՝ ստորագրված 13 անձի կողմից: Ստորագրողների մեջ է նաև ինքը՝ գյուղապետ Բադիրյանը, ինչպես նաև Վազաշենի ավագանու անդամ Արտակ Գյոզալյանը:

Այդ տեղեկանքում նաև նշվել է, որ աշխատանքային ծրագրով նախատեսվել է օրենքով սահմանված կարգով կատարել փոխհատուցում հողօգտագործման համար, իրականացնել սոցիալական ծրագրեր ազդակիր համայնքների համար: Ընկերությունն ընդհանուր առմամբ խոստացել է 150 նոր աշխատատեղ ստեղծել հանքավայրում և նույնքան էլ՝ հարստացուցիչ ֆաբրիկայում: Բացի դրանից, հանրային լսումներին ընկերությունը խոստացել է վերանորոգել ճանապարհները:

Համայնքապետը հաստատել է, որ հայցվող տարածքն իրենք մասնակի են օգտագործում՝ որպես արոտավայր, ուստի այդ տեղում հետախուզական բնույթի աշխատանքների իրականացումը որևէ առարկություն չի հարուցում, քանի որ ընկերությունը նախատեսում է փոխհատուցել պատճառված վնասը:

Վազաշենի համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե որքան և ինչ հողեր են ընկնում հայցվող տարածքում, Լորիկ Բադիրյանը նշեց, որ այդ հողերն «անպիտան բաներ են», հետո էլ ստորգետնյա են շահագործելու: «Պարզ չի, էդ թիվը ես չունեմ»,- տարածքի չափերի մասին ասաց համայնքի ղեկավարը:  

Համաձայն Արդարադատության նախարարության ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրը Կանադայի քաղաքացիություն ունեցող Վահագն Ժայռենց Գայայանն է: Իսկ ընկերության իրավաբանական և գործունեության հասցեն նշված է Վազաշեն գյուղը՝ 1-ին փողոց, 40 տուն:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից արտահանեցինք այդ հասցեի սեփականատիրության մասին փաստաթուղթը և պարզվեց, որ այն Վազաշեն գյուղական համայնքին է պատկանում՝ մշակույթի տունն է:

«Ընդամենը հասցեն են վերցրել,- գրանցման մասին մեր հարցադրմանն արձագանքեց գյուղապետ Բադիրյանը: - Իրենց փաստաթղթերը գալու, գնալու, օգտվելու, մի ժամանակ աշխատել էլ են մեր մոտ, դրա համար ենք տվել»:

Գյուղապետը հաստատեց, որ իրենց համաձայնությամբ է ընկերությունը գրանցվել համայնքի բալանսում գտնվող մշակույթի տանը: Սակայն ավագանու նիստ կամ որոշում դրա վերաբերյալ չի եղել:

«Ի՞նչ մութ բան կա էդտեղ, ֆինանսական գործեր են կատարել, բան են արել, ընդամենը նամակ էինք ստանում: Մեր օպերատորն է նայել, իրենց ասել, իրենք առանձնապես բան չեն արել»,- արդարացավ գյուղապետը:

Գյուղապետի ասելով՝ մի ժամանակ հանքի հետ կապված աշխատանքներ են տարվել մեկ այլ ընկերությամբ, սակայն պարզվել է, որ «փողերի վատնում է եղել, բան է եղել», դատաքննչական մարմիններն են սկսել զբաղվել դրանով:

Գյուղապետի ասելով՝ դա ուրիշ ընկերություն էր, սակայն գլխավորը նույնն էր, բայց գործադիր տնօրենն ուրիշ մարդ էր, որի պատճառով իրենց գյուղն այդքան հետ է ընկել: «Արի դրա մասին չխոսենք»,- զրույցն ավարտեց Լ. Բադիրյանը:

Նշենք, որ Էներգետիկայի նախարարությունը 2012-2015թթ.-ին նույն տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու արտոնագիր է տրամադրել «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ-ին, որի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2017թ. նոյեմբերի 6-ը: Այս ընկերության բաժնետերերը կանադական «Ասեսմենթ Սիսթեմս Կորպորացիա»-ն է՝ 80 % և արդեն իսկ գործունեությունը դադարեցրած հայկական «Ստիմուլ» ՍՊԸ-ն՝ 20 %: «Պոլիմետ կորպորացիա»-ի գրանցման հասցեն ևս Վազաշեն համայնքն է՝ առանց հստակ տան: Ներկայիս տնօրենը նույն Վահագն Ժայռենց Գայայանն է:  Ընկերությունը, համաձայն պետռեգիստրի, լուծարված չէ, սակայն դատական քաշքշուկների մեջ է եղել նախկին տնօրեն Իշխան Հովհաննիսյանի հայցերով: 

Փետրվարի 27-ին Վազաշենում հանրային քննարկում է նախատեսված, գյուղապետի ասելով՝ արդեն երրորդը: 

Մեկնաբանություններ (2)

Մինաս 2019-02-24T19:02:40+04:00
Տավուշցիներն իրենց վճռական խոսքն արդեն ասել են՝ իրենց երկիրը չեն թույլատրելու ավերել։ Հիմա շատ տարօրինակ ու անհասկանալի է երևում այդ մարդկանց գործնեությունը։ Իրենց բախտն են փո՞րձում, Տավուշցիների թասիբն են ստու՞գում, գելի սիրտ են կե՞րել, թե՞ հատուկ տեղից ,,դուխ,, են առել։
Ի՞նչ է կատարվում, միթե անձրևից չազատված, կարկուտի տակ ենք ըն 2019-02-19T21:16:31+04:00
Որքան հիշում ենք մոտ մի տարի առաջ Տավուշում մարզային մակարդակով ստորագրահավաք և որոշում կայացվեց վճռականորեն մերժել հանքարդյունաբերությունն ընդհանրապես, ի շահ մաքուր կենսոլորտի։ Հիմա շատ զարմանալի է այդ Բանդիրյան ասվածի ու մյուսների հանդգնությունը կամ գուցե և անտեղակությունը։ Կարելի է ավելի շատ զարմանալ բննախի հին ու հանցավոր գործելաոճի պահպանման վրա։ Կարող է էտ մարդիկ ոչ մի լուր չունեն Թեղուտի, Ամուլսարի, Ախթալայի, Սյունիքի և բազմաթիվ այլ հանքերի հետ կապված ահռելի խնդիրների մասին։ Իսկ եթե նրանցից մի տասը քսանի վրա հոդվածներ լիներ դրված, երկրին վիթխարի ու անդառնալի վնասներ պատճառելու համար, հիմա տարատեսակ անուղեղ ավանտյուրիստների ճամփան փակ կլիներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։