Սահմանամերձ Վազաշենում ոսկի որոնելու հայտ է ներկայացրել գյուղի մշակույթի տանը գրանցված ընկերությունը
Տավուշի մարզի Վազաշեն գյուղի մշակույթի տանը գրանցված «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ն Բնապահպանության նախարարություն է ներկայացրել Վազաշենի Կարմիր քար, ժանգոտ ձոր և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախագիծ: Ոսկի-բազմամետաղներ են որոնելու սահմանամերձ Վազաշենում:
Վազաշենի հանքերևակման տեղամասը գտնվում է գյուղից 1,5-4 կմ արևելք-հարավ-արևելք և Հախում գյուղից 3-6 կմ հյուսիս-արևմուտք: Տեղամասի հյուսիսային հատվածը՝ ՀՀ պետական սահմանից 0,5-1 կմ հեռավորության վրա է:
Մասնավորապես, 2019-2021թթ. Կարմիր քարի տեղամասում հետախուզական, իսկ Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերում որոնողահետախուզական աշխատանքներ են կատարելու ոսկու-բազմամետաղների պաշարների հաշվարկներ և գնահատում իրականացնելու նպատակով:
Սկզբից Կարմիր քարի տեղամասում են մանրակրկիտ հետախուզական աշխատանքներ իրականացվելու՝ առաջնահերթ շահագործման մեջ ընդգրկելու համար: Իսկ Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերում հորատումների միջոցով հանքայնացումները կուսումնասիրվեն, որի արդյունքում կգնահատվի դրանց հեռանկարայնությունը:
Նախագծի համաձայն՝ տարածքը թփուտապատ է, սակայն փորվածքներն արվելու են անտառազուրկ հատվածներում: Բնության և մշակութային հուշարձաններ, հատուկ պահպանվող տարածքներ չկան տեղանքում:
«Բացառվելու է անտառային ծածկի (ծառերի, թփերի) հատման հնարավորությունը, քանի որ նախատեսվում է հանքավայրի հետագա շահագործումն իրականացնել ստորգետնյա արդյունահանման եղանակով»,- նշվում է նախագծում
«Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017թ. դեկտեմբերի 18-ին: Վազաշենի համայնքապետ Լորիկ Բադիրյանը արդեն 2018թ. հունվարի 11-ին տեղեկանք է տրամադրել ընկերությանը՝ հայտնելով, որ Վազաշեն համայնքն իր նախնական համաձայնությունն է տալիս ընկերության ոսկի-բազմամետաղային հանքերևակման սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելուն:
2018թ. մայիսին էլ հանրային լսումների արձանագրություն է կազմվել՝ ստորագրված 13 անձի կողմից: Ստորագրողների մեջ է նաև ինքը՝ գյուղապետ Բադիրյանը, ինչպես նաև Վազաշենի ավագանու անդամ Արտակ Գյոզալյանը:
Այդ տեղեկանքում նաև նշվել է, որ աշխատանքային ծրագրով նախատեսվել է օրենքով սահմանված կարգով կատարել փոխհատուցում հողօգտագործման համար, իրականացնել սոցիալական ծրագրեր ազդակիր համայնքների համար: Ընկերությունն ընդհանուր առմամբ խոստացել է 150 նոր աշխատատեղ ստեղծել հանքավայրում և նույնքան էլ՝ հարստացուցիչ ֆաբրիկայում: Բացի դրանից, հանրային լսումներին ընկերությունը խոստացել է վերանորոգել ճանապարհները:
Համայնքապետը հաստատել է, որ հայցվող տարածքն իրենք մասնակի են օգտագործում՝ որպես արոտավայր, ուստի այդ տեղում հետախուզական բնույթի աշխատանքների իրականացումը որևէ առարկություն չի հարուցում, քանի որ ընկերությունը նախատեսում է փոխհատուցել պատճառված վնասը:
Վազաշենի համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե որքան և ինչ հողեր են ընկնում հայցվող տարածքում, Լորիկ Բադիրյանը նշեց, որ այդ հողերն «անպիտան բաներ են», հետո էլ ստորգետնյա են շահագործելու: «Պարզ չի, էդ թիվը ես չունեմ»,- տարածքի չափերի մասին ասաց համայնքի ղեկավարը:
Համաձայն Արդարադատության նախարարության ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրը Կանադայի քաղաքացիություն ունեցող Վահագն Ժայռենց Գայայանն է: Իսկ ընկերության իրավաբանական և գործունեության հասցեն նշված է Վազաշեն գյուղը՝ 1-ին փողոց, 40 տուն:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից արտահանեցինք այդ հասցեի սեփականատիրության մասին փաստաթուղթը և պարզվեց, որ այն Վազաշեն գյուղական համայնքին է պատկանում՝ մշակույթի տունն է:
«Ընդամենը հասցեն են վերցրել,- գրանցման մասին մեր հարցադրմանն արձագանքեց գյուղապետ Բադիրյանը: - Իրենց փաստաթղթերը գալու, գնալու, օգտվելու, մի ժամանակ աշխատել էլ են մեր մոտ, դրա համար ենք տվել»:
Գյուղապետը հաստատեց, որ իրենց համաձայնությամբ է ընկերությունը գրանցվել համայնքի բալանսում գտնվող մշակույթի տանը: Սակայն ավագանու նիստ կամ որոշում դրա վերաբերյալ չի եղել:
«Ի՞նչ մութ բան կա էդտեղ, ֆինանսական գործեր են կատարել, բան են արել, ընդամենը նամակ էինք ստանում: Մեր օպերատորն է նայել, իրենց ասել, իրենք առանձնապես բան չեն արել»,- արդարացավ գյուղապետը:
Գյուղապետի ասելով՝ մի ժամանակ հանքի հետ կապված աշխատանքներ են տարվել մեկ այլ ընկերությամբ, սակայն պարզվել է, որ «փողերի վատնում է եղել, բան է եղել», դատաքննչական մարմիններն են սկսել զբաղվել դրանով:
Գյուղապետի ասելով՝ դա ուրիշ ընկերություն էր, սակայն գլխավորը նույնն էր, բայց գործադիր տնօրենն ուրիշ մարդ էր, որի պատճառով իրենց գյուղն այդքան հետ է ընկել: «Արի դրա մասին չխոսենք»,- զրույցն ավարտեց Լ. Բադիրյանը:
Նշենք, որ Էներգետիկայի նախարարությունը 2012-2015թթ.-ին նույն տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու արտոնագիր է տրամադրել «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ-ին, որի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2017թ. նոյեմբերի 6-ը: Այս ընկերության բաժնետերերը կանադական «Ասեսմենթ Սիսթեմս Կորպորացիա»-ն է՝ 80 % և արդեն իսկ գործունեությունը դադարեցրած հայկական «Ստիմուլ» ՍՊԸ-ն՝ 20 %: «Պոլիմետ կորպորացիա»-ի գրանցման հասցեն ևս Վազաշեն համայնքն է՝ առանց հստակ տան: Ներկայիս տնօրենը նույն Վահագն Ժայռենց Գայայանն է: Ընկերությունը, համաձայն պետռեգիստրի, լուծարված չէ, սակայն դատական քաշքշուկների մեջ է եղել նախկին տնօրեն Իշխան Հովհաննիսյանի հայցերով:
Փետրվարի 27-ին Վազաշենում հանրային քննարկում է նախատեսված, գյուղապետի ասելով՝ արդեն երրորդը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել