HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Թռիչքներ ու վայրէջքներ՝ հանքարդյունաբերության խոշոր հարկատուների շարքում

2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն (ԶՊՄԿ)  է։ Այս մասին է վկայում Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2018 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը։  

Այս ցանկում հանրապետության առաջին 100 խոշորագույն հարկատուներից 8-ը մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններ են։

ԶՊՄԿ-ն 2018 թվականին (հունվար-դեկտեմբեր) պետական բյուջե է վճարել 41  մլրդ դրամի հարկեր և խոշոր ցանկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ 2017 թվականի համեմատ ընկերությունը հարկերի թռիչքային աճ է գրանցել։ Աճը կազմել է 22.4 մլրդ դրամ կամ 2.2 անգամ։  Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն տեղակայված է Քաջարան քաղաքում և շահագործում է մոլիբդենի և պղնձի հանքավայրը:

Հանքարդյունաբերության ոլորտի մյուս խոշոր հարկատուն 2018 թվականի տվյալներով «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունն է, որը շահագործում է Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրը։ Տարվա ընթացքում պետբյուջե է վճարել շուրջ 16.82 մլրդ դրամի հարկեր։ 2017 թվականի համեմատ հարկերն աճել են 3.4 մլրդ դրամով կամ 25 %-ով։ Ընկերությունը խոշորների ցանկում այս անգամ հինգերորդ տեղում է։

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը 2018 թվականին վճարել է շուրջ 7.9 մլրդ դրամի հարկեր ու խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է 14-րդ տեղում։ 2017 թվականի համեմատ հարկերն աճել են 1.4 մլրդ դրամով կամ 22 %-ով։

Խոշոր հարկատուների ցանկի 26-րդ տեղում է հայտնվել «Արմենիան քափըր փրոգրամ» («Էյ-Սի-Փի») ընկերությունը՝ 5.695 մլրդ դրամի հարկերով։ Այս ընկերության հարկերը կտրուկ ավելացել են՝ 6.3 անգամ։ Արդյունքում «Արմենիան քափըր փրոգրամ»-ը, որը 2017 թվականին խոշորների ցանկում 158-րդն էր, այս անգամ հայտնվել է առաջին եռյակում։ 

Հանքարդյունաբերության ոլորտի մյուս հարկատուն «Լիդիան Արմենիա» ընկերությունն է։ Այն 33-րդ տեղում է՝ 4.715 մլրդ դրամի հարկերով։ 2017 թվականի համեմատ հարկերը կրճատվել են 3.1 մլրդ դրամով կամ 40 %-ով։ Հիշեցնենք, որ  2018 թվականի հունիսից մի խումբ բնապահպաններ ու ակտիվիստներ փակել են դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ այդպիսով ներկայացնելով իրենց բողոքն ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման, որը ծրագրել է «Լիդիան Արմենիա» -ն։

Խոշոր հարկատուների ցանկի 42-րդ տեղում է «Թեղուտ»-ը։ Նախորդ տարվա ընթացքում ընկերությունը պետական բյուջե է վճարել 3.973 մլրդ դրամի հարկեր, որը 2017 թվականի համեմատ եռակի կրճատվել է։ «Թեղուտ»-ի աշխատանքները ևս նախորդ տարվանից դադարեցված են։

Հայաստանի հանքարդյունաբերության հաջորդ խոշոր հարկատուն «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» ընկերությունն  է (գործում է Քաջարանում)։ Այն 2018 թվականին վճարել է 3.75 մլրդ դրամի հարկեր ու հանրապետության խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 44-րդ տեղը։ Նախորդող տարվա համեմատ ընկերության հարկերն ավելացել են 1.6 մլրդ դրամով կամ 76 %-ով։

Խոշորների ցանկում 55-րդ տեղում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ շուրջ 3.1 մլրդ դրամի հարկերով։ Այս ընկերությունը ևս զգալիորեն ավելացրել է հարկերը (4.5 անգամ):

Հաջորդը «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ն է, որի վճարած հարկերի ծավալը 2018 թվականին կազմել է շուրջ 1 մլրդ դրամ՝ 467 մլն դրամով ավելին, քան 2017 թվականին։ Նշված ընկերությունը խոշորների ցանկում զբաղեցրել է 167-րդ տեղը։

Խոշոր հարկատուների ցանկում են ներգրավված նաև ընկերություններ, որոնք փոխկապակցված են մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններին։ Օրինակ «Մաքուր երկաթի գործարան»-ը, որը զբաղվում է մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ։ Այս ընկերությունը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներառված են գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խմբի մեջ։ «Մաքուր երկաթի գործարան»-ը խոշոր հարկատուների ցանկում է՝ 52-րդ տեղում է։ Վճարած հարկերի ծավալը կազմել է շուրջ 3.1 մլրդ դրամ։ Աճը՝ մոտ 1.3 մլրդ դրամ կամ 72 %:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին 2018 թվականին պետական բյուջե են վճարել մոտ 926.8 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ 2017 թվականի համեմատ նրանց հարկերի ծավալն աճել է 119.4 մլդ դրամով կամ 14.8 %-ով։ Հանրապետության խոշորագույն հարկատուն ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ընկերությունն է՝ 42.2 մլրդ դրամ հարկերով։

Մեկնաբանություններ (1)

Վազգեն
Հարգելի Հետք, դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները փակել են ոչ թե ակտիվիստներն ու բնապահպանները, այլ Ջերմուկ համայնքի բնակիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter