HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է ավագանու անդամներին թույլ տալ պաշտոն զբաղեցնել պետական կամ ՏԻՄ մարմիններում

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում, որի համաձայն ավագանու անդամները կարող են զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում և առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը գործող օրենքով արգելված է:

Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի միասնական E-draft.am կայքում: Նպատակն է ապահովել համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող՝ հասարակական հիմունքներով աշխատող հանրային պաշտոնյաների կողմից վճարովի այլ աշխատանք կատարելու իրավունքի իրականացումը, ինչպես նաև հնարավորություն ընձեռել հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին ընդգրկել 50 և ավելի տոկոս համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում:

Նախագծի հիմնավորումներում հղում է արվում «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածին, ըստ որի հանրային ծառայողի հիմնական իրավունքներից է աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալը, սակայն Երևան քաղաքում ՏԻՄ օրենքի համաձայն՝ ավագանու անդամը չի կարող աշխատել քաղաքապետարանի կամ որևէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, լինել Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավար, լինել վարչական շրջանի ղեկավար, աշխատել ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, լինել դատավոր, Սահմանադրական դատարանի դատավոր, զինծառայող, դատական ծառայող, դատախազության մարմիններում ծառայող: Նշված պաշտոնները գործող օրենքի համաձայն համարվում են անհամատեղելի ավագանու պաշտոնի հետ, նախագծով առաջարկվում է վերացնել անհամատեղելիությունը:

ՏԻՄ օրենքի համաձայն էլ՝ համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ զբաղեցնել որևէ պաշտոն աշխատակազմում և համայնքային ենթակայության կազմակերպություններում, լինել համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կամ վարչական ղեկավար, աշխատել իրավապահ, ազգային անվտանգության և դատական մարմիններում:

Առաջարկվում է օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասը ևս խմբագրել, որի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ նախագահի, պատգամավորի, կառավարության անդամի, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի) կամ հանրային ծառայողը կարող է ընդգրկվել 50 և ավելի տոկոս ՀՀ կամ համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ` առանց վարձատրության կամ որևէ այլ ձևով փոխհատուցում ստանալու կամ հանրային պաշտոն չզբաղեցնող անձանց կամ ոչ հանրային ծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներից կամ այլ ծառայություններից կամ արտոնություններից օգտվելու իրավունքի:

Գործող օրենքում ամրագրված է միայն ՀՀ մասնակցությամբ տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելը, ինչը, ըստ նախագծի հեղինակների, սահմանափակել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի իրավունքը 50 և ավելի տոկոս համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու իրավունքը:

«Իսկ խոշոր համայնքները ունեն բազմաթիվ առևտրային կազմակերպություններ, որոնց գործունեության ընդհանուր ղեկավարման անհրաժեշտությունից ելնելով՝ կարևորվում է նշված պաշտոնյաների ընդգրկումը խորհուրդների կազմում»,- նշված է նախագծում: 

Նախագիծը մշակել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունը:

Հիշեցնենք, որ E-draft.am-ը նախարարությունների նախագծերի հրապարակման միասնական հարթակն է, և փոփոխություննեը կարող են կյանքի կոչվել միայն կառավարության, ապա խորհրդարանի հավանություն ստանալուց հետո:

Լուսանկարը՝ Yerevan.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter