HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Էլեկտրոնային Հայաստան. երազը իրականություն դարձնելու ճանապարհին

Արդեն տասը տարի «արդարություն» եւ «ժողովրդավարություն» բառերը նորից ու նորից վերաձեւակերպվում եւ վերախմբագրվում են տասնյակ ծրագրերում, որոնք կոչված են Հայաստանում իրականություն դարձնելու էլեկտրոնային կառավարության վառ երազը: Բայց դրանից առանձնապես բան չի փոխվում: Նոր ծրագրերը հնարավորություն են տալիս շրջանառության մեջ դնել հսկայական գումարներ (ընդ որում` վարկ կամ դրամաշնորհ)` նոր լիցքեր հաղորդելով ժողովրդավարության եւ արդարության պատկերացումներին ու հերթական «կարեւոր գործի» պատրանքը ստեղծելով: 

Այսպիսով` տասը տարիների ընթացքում Հայաստանում գործող տարբեր միջազգային կազմակերպություններ օժանդակել, իսկ հաճախ էլ նախաձեռնել ու իրականացրել են պետական կառավարման համակարգում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման տարբեր նախագծեր։ Բայց արդյունքում ... «Այն գումարներով, որոնք մինչ այժմ ծախսվել են Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգ ստեղծելու համար, կարելի էր ստեղծել մի քանի էլեկտրոնային կառավարություն»,-ասում է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: 

Հիմա էլ Եվրամիության նախաձեռնությամբ պատրաստվող «Հայաստանի էլեկտրոնային կառավարման ռազմավարության մշակում» նոր փաստաթուղթը հավակնում է ամբողջացնել, միացնել ու լրացնել այն, ինչ արդեն արված է: Նորից սկսում ենք նույն շրջապտույտը ... 

Եվ այդպես՝ տասը տարի շարունակ ... 

«Հայաստանում այս տեսակի ծրագրերի մասին խոսում էին դեռեւս 1997 թվականից, համարյա տասը տարվա պատմություն ունենք, բայց դրանք դատարկ պտույտի տարիներ են, որովհետեւ գրեթե ոչինչ չփոխվեց»,- ասում է Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Հրաչ Բայադյանը: 

Փորձ առաջին 

ՀՀ կառավարության 1999 թվականի մարտի 16-ի թիվ 152 որոշումը բովանդակում էր «Պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման եւ ներդրման հիմունքները»: Որոշման համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովը մշակել էր ծրագիր, որով հաշվարկվել եւ գնահատվել էին Հայաստանում էլեկտրոնային միջոցները կառավարման համակարգում ներդնելու առկա հնարավորությունները: Սակայն այս բավական ծավալուն փաստաթղթին, որը 2001թ.-ին ներկայացվել էր Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցության խորհրդի քննարկմանը, բացասական գնահատական էր տրվել: Ծրագիրը շատ ծախսատար էր: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ հեղինակները հետագայում կրճատեցին նախատեսված ծախսերը՝ 100 մլն դրամից հասցնելով 26 մլն-ի, էականորեն չփոխեց ծրագրի գործունակության մասին գնահատականները: 

2000թ.-ից սկսած՝ էլեկտրոնային կառավարության ծրագրերը ստեղծվում էին աննկարագրելի ոգեւորվածությամբ: Կառավարության սեղանին մեկը մյուսի ետեւից դրվում էին «Էլեկտրոնային Հայաստան» անվանումով ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրի արժողությունը 10-50 հազար ԱՄՆ դոլար էր: Ամեն մի նոր ծրագրի հետեւում էին հերթական քննարկումները, միջազգային փորձն ուսումնասիրելու առաջարկները, հնչում էին նոր գաղափարներ, մշակվում հայեցակարգեր, նոր ոգեւորությամբ ու ներշնչանքով խոսվում էր նոր աշխատանքային խմբերի, վերահսկող կառույցների ու նոր պաշտոնների ստեղծման անհրաժեշտության մասին: Որոշ ծրագրեր ընթացք էին ստանում, մյուսները` դուրս մնում տարբեր հիմնավորումներով: Սակայն աշխատանքների արդյունքները մնում էին աղոտ եւ թերի: 

Փորձ երկրորդ 

ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի գրասենյակը (UNDP) ՀՀ կառավարության հետ նախաձեռնել եւ իրականացրել է լայնածավալ նախագիծ` «Է-Կառավարման (էլեկտրոնային կառավարման) համակարգ տարածքային վարչարարության համար» (2002-2004թթ.): 

Սեղծվել է Հայաստանի տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգ (www.region.am): www.region.am-ը համակարգչային (վեբ սերվերների) ցանց է, որը կապում է Տարածքային կառավարման նախարարությունը մարզկենտրոնների, հետագայում՝ միգուցե նաեւ որոշ քաղաքների հետ։ Յուրաքանչյուր մարզ ունի իր կայքն Ինտերնետում։ Այստեղ կարելի է գտնել տվյալներ ու տեղեկություններ մարզի ու մարզպետարանի մասին, կարդալ օրենքներ ու որոշումներ, գրանցվելով՝ նամակ ուղարկել որեւէ տեղական պաշտոնյայի։ Սա հնարավոր դարձնելու համար մարզերում հիմնվել են Ինտերնետի մատչելիության կենտրոններ, իրականացվել դասընթացներ բնակիչների համար։ Ծրագրի իրականացման համար Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության գործակալությունը տրամադրել է 525 հազար ԱՄՆ դոլար եւ 300 հազար շվեյցարական ֆրանկ: 

Սակայն շուտով պարզվեց, որ ոչ բոլոր մարզերում եւ ոչ միշտ են լուրջ եւ պատասխանատու վերաբերվում արված գործին: Լավագույն դեպքում մարզային կայքերում միայն հատուկենտ եւ ընտրովի որոշումներ, կարգադրություններ եւ հաշվետվություններ են տեղադրվում: Օրինակ՝ Լոռու www.lori.am կայքում «Որոշումներ, իրավական ակտեր» բաժնի «ՀՀ օրենքներ» հատվածում վերջին թարմացումը «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի տեսքով արվել է 2004թ.-ին: 

Կոտայքի տարածքային կառավարման համակարգի այս բաժնում տեղադրված են դեռեւս 2004թ.-ին ընդունված օրենքներ, կառավարության որոշումներ եւ ծրագրեր: Վայոց Ձորի կայքում էլ տեղադրված է ընդամենը ՀՀ կառավարության 2005թ.-ին կայացրած 4 որոշում եւ մեկ հաշվետվություն: 

Արմավիրի մարզի տարածքային կառավարման համակարգի պատասխանատու Մարինե Հովակիմյանի խոսքերով` իրենց կայքի համապատասխան բաժնում թարմացումներն արվում են քարտուղարության պետի եւ աշխատակազմի ղեկավարի ընտրությամբ, եւ տեղադրվում են այն որոշումներն ու կարգադրությունները, որոնք, նրանց ենթադրությամբ, կարող են հետաքրքրել մարզի բնակիչներին: 

2005թ.-ին Տարածքային կառավարման նախարարի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ մարզպետարաններին հատկացվեց տեղեկատվական տեխնոլոգիաները համակարգողի հաստիք, բայց սա, այնուամենայնիվ, չփոխեց կայքերի բովանդակությունը: 

Ստացվում է, որ էլեկտրոնային կառավարումն իր խոստումներով մի բան է, իրականությունը՝ մեկ այլ։ Փորձը հաստատում է, որ է-կառավարման ցանկացած նախաձեռնություն, որում չեն գործում քաղաքացին ու պետական կառույցի աշխատակիցը, գրեթե ինքնանպատակ մի բան է։ Հիմա բոլորովին չի երեւում, որ արդեն իսկ քիչ թե շատ արդյունավետությամբ գործող համակարգն ինչ-որ ձեւով փոխել է պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները: Գրեթե անհնար է պատկերացնել, որ որեւէ մարզի բնակիչ Ինտերնետով նամակ ուղարկի պաշտոնյային եւ հույս ունենա ճանապարհով կարգավորել իր գործը: 

Ակնհայտ է, որ այսօրվա կառավարման գրասենյակներում աշխատող մարդիկ էլ առանձնապես շահագրգռված չեն նոր ձեւով աշխատել: Ստացվում է, որ կառավարությունը ոչ մի դերակատարում չունի իր համակարգի բարեփոխման գործում։ Ուստի արդեն պարզ է, որ միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվող հանրային ծրագրերը հաճախ դուրս են պետական քաղաքականության, պատասխանատվության եւ վերահսկողության տիրույթներից: Սա երեւում է հենց մարզերի կայքերից: 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գնահատման գրասենյակի կողմից պատրաստված եւ է-կառավարմանը նվիրված «Հիմունքներ» պարբերականում (15 ապրիլի, 2004թ.) գրված է. «Առանց հստակ միջնաժամկետ եւ հեռաժամկետ ազգային քաղաքականության եւ դրան կցված մանրամասն կարճաժամկետ գործողությունների պլանի, կառավարության ոչ պաշտոնական աջակցությունը բավարար չէ Հայաստանի կայուն տեխնոլոգիական զարգացման համար։ Այս նվազ, քան խրախուսական պայմաններում տարբեր խմբերի եւ կազմակերպությունների, ներառյալ միջազգային համայնքի աջակցությամբ իրականացվող ցանկացած նախաձեռնություն համակարգված չի լինի...»։ 

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստերում շատ է քննարկվել այս հարցի վերահսկողության համար նոր կառույց ստեղծելու խնդիրը, սակայն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մերժել է նոր միջնախարարական կառույցի ստեղծման առաջարկը՝ նշելով, որ նման կառույցներ արդեն իսկ գործում են. «Այսօր մենք ունենք կառավարական երկու կառույց` ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունում «Հեռահաղորդակցության գործակալությունը» եւ Հայկական զարգացման գործակալության «Էլեկտրոնային Հայաստան» հիմնադրամը: Ի՞նչ իմաստ ունի այս մի ծրագրի համար ստեղծել երրորդը»: Իհարկե, ի՞նչ իմաստ ունի, ի՞նչ կարող են անել գործակալություններն ու հիմնադրամները, եթե չկա հստակ պետական քաղաքականություն եւ հատուկ պատասխանատու կառույց: 

«Այդ դեպքում հարց է առաջանում` ինչի՞ համար են գրվում այս ծրագրերը, ո՞ւմ է պետք այս ամենը: Համակարգերի օրինակներ կան, բայց դրանք պետք չեն ո՛չ քաղաքացուն, ո՛չ էլ իշխանավորին: Ի վերջո, մենք կարոտ չենք եղել այս ամենին, բայց ծրագրեր համառորեն շարունակում են գրվել եւ իրագործվել: Սա պարտադրված ուղի է, աշխարհն այս ճանապարհով է գնում եւ մեզ էլ տանում այս ուղղությամբ: Առայժ սա պետք է ձեւական մի բան լինի, որը հետո իր համար քիչ-քիչ ճանապարհ կհարթի թե՛ մարդկանց մտքում, թե՛ կյանքում: Այնպես չէ, որ տեխնոլոգիաները ներդրվելուց հետո մարդիկ սկսում են խանդավառված կիրառել դրանք: Գուցե մի քանի տարի հետո սա իրոք անհրաժեշտ լինի: Բայց դա չի նշանակում, որ հիմա պետք է անիմաստ ժամանակ կորցնել, ինչն արվել է մինչ այժմ: Պետք է գործել՝ մտածելով, որ դա ավելի բարեկեցիկ կդարձնի մարդկանց կյանքը, որ մեր երկիրը գոնե որոշակի համեմատության եզրեր կունենա զարգացած երկրների հետ»,-ասում է Հրաչ Բայադյանը: 

Փորձ երրորդ 

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում IT.am ծրագրի շրջանակներում ներկայումս անցկացվում է էլ-կառավարման համակարգի եւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծրագրի փորձարկում, որը իրականացվում է Եվրամիության տրամադրած 1,2 մլն եվրո դրամաշնորհով: Բոլոր ծրագրերի ձեւակերպումները հիմնականում նույնն են` տեխնիկական հագեցվածություն, մասնագետների վերապատրաստում, փաստաթղթաշրջանառության ձեւերի մշակում, հետո` ժողովրդավարություն, թափանցիկ կառավարում եւ այլն: Ի դեպ, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում 2002 թվականից գործում է Ինտերնետով վիզա տրամադրելու համակարգը, ինչը նույնպես էլ-կառավարման մի հանգույց է: Այս ծառայությունը մատուցվում է նախարարության կայքից (www.armeniaforeignministry.com): Նշված նախագիծը, ինչպես եւ մյուսները, հավակնում է օրինակ դառնալ «Էլեկտրոնային Հայաստան» երազի իրականացման ճանապարհին: 

Սա, իհարկե, էլեկտրոնային Հայաստան ստեղծելու մեր վերջին փորձառությունը չէ: Կարելի է անվերջ շարունակել: Այս տարիների ընթացքում բազմաթիվ գերատեսչություններ տարբեր կազմակերպությունների ֆինանսական օժանդակությամբ եւ վարկերի շնորհիվ որոշ չափով բարելավել են իրենց գրասենյակային պայմանները` կահավորել նոր համակարգիչներով, ավելի ներկայանալի լինելու համար` բացել կայքեր, որոնք չեն նորացվում, օն-լայն ռեժիմով ծառայություններ չեն մատուցում, քաղաքացիների հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն, բացարձակապես հարցեր չեն լուծում եւ կամ ուղղակի դատարկ են: Բայց այս ընթացքում շարունակում են խոսել էլեկտրոնային կառավարության եւ կառավարման մասին եւ նոր խանդավառությամբ ողջունում հերթական ծրագիրը ... 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter