
Գարգառ գետակից ոռոգման ջուր կմղվի դեպի Գարգառ գյուղի 120 հա վարելահողեր
Լոռու մարզն իր հողային հաշվեկշռում ունի 9555 հա ոռոգելի հող: «Լոռի» ՋՕԸ-ի հաշվետվությամբ՝ մարզում ոռոգվում է 2000-2500 հա վարելահող: «Ոռոգման համակարգի քայքայված լինելու պատճառով 7055 հա հող չի ոռոգվում: Մարզը նաև ջրամբար չունի»,- ասում է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը:
Մարզի շատ համայնքներում հողը անմշակ է: Կառավարությունը հողը մշակելու համար առաջարկում է ոռոգման ջրի տարածման ու հասանելի դառնալու ռազմավարական ծրագիր:
Գյուլագարակ համայնքի մեջ մտնող Գարգառը Լոռու մարզի ոռոգման ջուր չունեցող գյուղերից մեկն է: Այստեղ 700 հա վարելահողերից մշակվում է 150 հա-ը: Գյուղը 1500 բնակիչ ունի:
«Թեև գյուղամիջով հոսում է Դեբեդի վտակ Գարգառ գետակը, բայց գյուղը երբեք ոռոգման համակարգ չի ունեցել»,- ասում է Գարգառի վարչական ներկայացուցիչ Կարեն Զալինյանը:
Բնակավայրի վարչական շենքի մոտ կանգնած գյուղացիներից Գառնիկ Քալաշյանը հողը մշակելը անհույս գործ համարեց: Նա երկու հողաբաժին ՝ 1 հա 600 մետր հող ունի, բայց հողը չի մշակում:
«Եթե ոռոգման ջուրը քաշեն, մենակ դա չի, էդ արդեն տեխնիկա էլ է պետք: Առանց տեխնիկա ոնց տենք հողը մշակիլ: Ջուրն ունեցանք՝ սերմ, տրակտոր, դիզվառելիք որդիան տենք ունենալ: Հլա գները գրի ու հաշվի: Իմ հողերի մեջ լավն էլ կա, վատն էլ: Երեք հազար մետր է լավ հողս, ինչ տեմ էնտեղ ցանի: Մշակելու համար պետք է տակից ֆինանս ու դիզվառելիք ունենաս: Մթոմ թե բերում են պետականորեն էժան դիզվառելիք են տալիս: Անցած տարի փողը տվի, որ պարարտանյութ տան, ամառը բերեցին փողը հետ տվին: Ինչիս էր պետքը»,- ասաց Գառնիկը:
Հրաչյա Մելքումյանն ասում է՝ հողը սիրող մարդը չի կարող հողը չմշակել: Հրաչյան օրինակ է բերում ֆերմեր Վռամ Գյուլզադյանին, ով 400 հա հող է մշակում: «Եթե Գարգառում ոռոգման ջուր քաշվի, իհարկե, մենք էլ կմշակենք: Ասենք աշխատող մարդն աշխատում է, չաշխատողն էլ պատճառներ է փնտրում: Վարկերը, որ լինի, գյուղացին կփրկվի»,- բացատրեց Հրաչյան:
«Մեր գյուղացիները հող մշակել չեն սիրում: Եթե 3 հա վարելահող ունեցող գյուղացուն 30 հազար դրամ աշխատավարձով պահակի գործ առաջարկես, նա իր հողը թողած՝ վազելով գնում է պահակություն անելու: Կառավարությունը զուտ բիզնես հետաքրքրությունների համար պետք է հողերը խոշորացնի»,- ասում է Վռամ Գյուլզադյանը:
Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը համամիտ չէ Վռամ Գյուլզադյանի առաջարկին:
«Վռամն իր շահերից ելնելով է նման առաջարկություն անում: Մեր խելքն էլ հասնում, որ խոշորացված հողերը հեշտ կառավարելի են, բայց գյուղացիները, հողը խոտհարք օգտագործելով, կով են պահում և հանապազօրյա հաց են վաստակում: Բացի դա, արտերկրում ապրող մեր հողատերերի հողը մշակում են նրանց հարազատները և հարկերը վճարվում են»,- ասաց Մ. Գևորգյանը:
Կարեն Զալինյանը 25 տարի աշխատել է որպես Գարգառի գյուղապետ: Գարգառը 1-ին կարգի վարելահող չունի, 2-5-րդ կարգի են: Խորհրդային տարիներին Գարգառում մոտ 80 հա-ի կարտոֆիլ և արմատապտուղներ են մշակվել: Գարգառի վարելահողերը այդ տարիներին մեծ դժվարություններով ոռոգվել են դիզելային պոմպերով: Կարեն Զալինյանը այս պահին դիզելային պոմպերով Գարգառի դաշտեր ջուր մղելը անհնարին է համարում: Նա նույնպես հողը չմշակելու պատճառը միան ոռոգման ջուրը չի համարում: Գարգառը համամետաբար լավ և վատ հողեր ունի:
«Վատը նա է, որ լավ հողերն էլ են որպես խոտհարք օգտագործում: Ցանքաշրջանառության համար մեր հողերը միավորել է պետք»,- ասում է վարչական ղեկավարը: Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման (ԵՀԳԳԶԾ/ENPARD) ծրագրի աջակցությամբ Գարգառում բրոկոլիի, պռասա սոխի, ծնեբեկի և ոչ ավանդական այլ մշակաբույսերի արտադրության ծրագիր է իրականացվել:
Ծրագրով ոչ ավանդական մշակաբույսերի արտադրության համար 4 կանայք կոոպերատիվ են ստեղծել: Խմբում ընդգրկել են նաև մեկ տղամարդ: «Հողից բոլորս մասնաբաժին ունենք: Սկզբում մշակությունը սկսել ենք 200 քմ հողի, հետո հասցրել ենք 0,5 հա –ի: Բրոկոլիի իրացման շուկա ունենք Ստեփանավանի տարածաշրջանում, Վանաձորում, վաճառքի ենք հանում նաև մայրաքաղաքի սուպերմարկետներին»,- պատմեց կոոպերատիվի ղեկավար Արմինե Մուրադյանը: Արմինեի ասելով՝ ոչ ավանդական մշակաբույսերի մշակությունն իրականացնելիս կոոպերատիվի բոլոր անդամները հավասար ներդրում են կատարում: ENPARD-ի ծրագրի աջակցությամբ գյուղում նաև ջերմոց է կառուցվել: Կոոպերատիվի անդամներից Անուշ Ղուկասյանը ավելի շատ փորձ ունի ջերմոցային սերմնաբուծարանում աշխատելու:
«Մենք հիմա սերմը աճեցնում ենք ջերմոցում, գարնան վերջում տեղափոխոխելու ենք դաշտ: Այս տարի մեր հողամասում անպայման բրոկոլի ենք ցանելու, հիմա նախ պետք է մի քիչ վերականգնենք մեր ջերմոցը, աշխատանքները կսկսենք մարտի կեսերից»,- պատմեց կոոպերատիվի ղեկավարը:
Ոչ ավանդական մշակաբույսերի դաշտը ոռոգելու համար կոոպերատիվի անդամները Գարգառ գետակից մեծ դժվարությամբ պոմպով ջուր են հասցրել ջերմոց և բրոկոլիի դաշտ:
«Մենք միայն բրոկոլի չենք մշակում, ծնեբեկ, պռասա սոխ ենք մշակում, մեր դաշտում նույնիսկ նախորդ տարի մինչև 3 կգ ձմերուկ աճեց»,- հայտնեց Արմինեն:
«Նախորդ տարի համարյա երկու հազար մետրի վրա բրոկոլիի մշակություն դրեցինք: Մեկ տարի բրոկոլիի մշակություն դնելուց հետո երեք տարի այդ նույն հողի վրա բրոկոլի չենք կարող մշակել: Ոչ ավանդական մշակաբույսերի հողն անընդհատ պետք է փոխել: Ոչ արմատական մշակաբույսերը լավ են աճում Գարգառում»,- ասում է կոոպերատիվի անդամ Անուշ Ղուկասյանը:
Մինչ համայնքների խոշորացումը, Կարեն Զալինյանը Գարգառի վարելահողերի ոռոգման ջրի համար ծրագիր է ներկայացրել Լոռու մարզպետարան: ՄԱԿ-ի կողմից 50 հազար դոլար ներդրումով Գարգառ գետակից ոռոգման ջուր կմղվի դեպի գյուղի 120 հա վարելահողեր:
«Մենք այդ տարածքում 1,5 հա-ի վրա ոչ ավանդական մշակաբույսերի աճեցման դաշտ ենք ստեղծում: Շուկայում ոչ ավանդական մշակաբույսերի պահանջարկը ավելանալու դեպքում մենք կավելացնենք դրանց մշակությունը»,- ասաց Կարեն Զալինյանը:
Մեկնաբանել