HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգելու գործով ցուցմունք տվեց ամբաստանյալը. նա պնդում է, որ կալանավորին չի ծեծել

30-ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց եւ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է խոշտանգման, իսկ 4 ամիս հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված։

Կալանավորին խոշտանգելու գործը գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Դավիթ Բալայանի վարույթում։

Այսօրվա նիստին ցուցմունք տվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակից, ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ նախկինում տուժող Արմեն Աղաջանյանին չի ճանաչել, թեև իմացել է, որ վերջինս նախկինում ևս նույն ՔԿՀ-ում է եղել:

Ըստ Արմեն Հովհաննիսյանի՝ երբ տուժողին կալանավայր են տեղափոխել, նա դուռը փակելուց հետո հայտարարել է, թե «բերդը ահագին փոխվել ա», իսկ զննության սենյակ ուղեկցելու ժամանակ ՔԿՀ-ի աշխատակիցներին ասել է, որ իրենց հետ հավասար կալանք են կրում:  «Ասացի, որ մենք գնալու ենք, իրենք՝ մնան, նա հարցրեց, թե ինչպես պիտի ինքը մնա, հետո քննիչի կողմից ընտրված կալանքի մասին իմանալով, սկսեց հայհոյել քննիչին»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:

Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը տուժողի բժշկական թղթերից նախապես տեղեկացել է, որ կալանավորը որովայնի ձախ հատվածում բժշկական պարկ ունի ամրացված՝ արտաթորանքը հեռացնելու նպատակով, քանի որ ունի հաստ աղիքի խնդիր: Երբ կալանավորին տեղափոխել են խուց, Արմեն Աղաջանյանը, ըստ նրա, ագրեսիվ պահվածք է ցուցաբերել, սկսել է անհասցե հայհոյանքներ հնչեցնել:

«Տուժողը ձեռքը սկսեց թափ տալ, ես էլ, ձեռնամարտի հնարք կիրառելով, նրան կռացրած պահեցի, իսկ մյուս ուղեկիցները ձեռքերը բռնեցին և աթոռին նստեցրին»,- վկայության մեջ նշեց ամբաստանյալը:

Ըստ Արմեն Հովհաննիսյանի՝ ինքը և ՔԿՀ-ի մյուս աշխատակիցները Արմեն Աղաջանյանին չեն ծեծել և խոշտանգման չեն ենթարկել:

Ամբաստանյալը նշեց, որ Արմեն Աղաջանյանը ցանկացել է մենակ մնալ խցում, ըստ նրա, սա է եղել ցուցաբերած ագրեսիվության հիմնական պատճառ:

Տուժողի իրավահաջորդ Գայանե Աղաջանյանը, սակայն պմդում է, որ իր տղան ՔԿՀ մտնելիս ագրեսիվության որևէ նշան չի ցուցաբերել:

Հիշեցնենք, որ Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով  իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2018թ․ մարտի 16-ին «Նուբարաշեն»-ում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո մի խումբ պաշտոնատար անձանց հետ կատարել է պաշտոնեական կեղծիք։

Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 13-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter