HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2011-ին նախորդ տարվա համեմատ անչափահասներն ավելի շատ հանցանքներ են գործել

2010 թվականի համեմատ 2011-ին ավելացել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները: Եթե 2010-ին 452 անչափահաս կատարել է 509 հանցագործություն, ապա 2011-ին 453 անչափահասի կողմից կատարված հանցագործությունների թիվը հասնում է 527-ի:

«2010 թվականին անչափահասների կողմից սպանության 3 դեպք է գրանցվել, իսկ 2011-ին նման դեպք չի եղել»,- այսօր անչափահասների հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ հայտնեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Նախորդ տարի համեմատաբար մեծ է եղել նաև թրաֆիքինգի ենթարկված անչափահասների թիվը: 2010-ին գրանցվել է նման 3 դեպք, իսկ 2011թ. այս ցուցանիշն ավելացել է 2-ով՝ հասնելով 5-ի:

Անչափահասների նկատմամբ կատարված սեռական բռնություններն իրականում ավելի շատ են, քանի հայտնի դարձող դեպքերը, քանի որ բարձրաձայնվում է միայն դրանց մի մասը: Պատճառն այն է, որ սեռական բռնության ենթարկված երեխաների ծնողներն այդ հարցը համարում են ներընտանեկան:

«Մեր ժողովուրդը չի ուզում, որ նման խնդիրները տնից դուրս գան»,- ասաց Նելլի Դուրյանը: 2011 թ. գրանցվել է անչափահասներին սեռական բռնության ենթարկելու 54 դեպք՝ նախորդ տարվա 60-ի համեմատ:

Մուրացկանությունը կամ գումար վաստակելը հանցագործություն չի համարվում: Այսօր մայրաքաղաքում կան երեխաներ, ովքեր ծաղիկներ, նկարներ վաճառելով, գումար են վաստակում: Ոստիկանություը տեղյակ է այդ երեխաների մասին և շատ անգամ այդ թեմայով զրուցել է թե երեխաների, թե նրանց ծնողների հետ:

«Երեք եղբայրներ են նրանք, որոնք իրենց նկարներն են վաճառում իրենց ամենօրյա կարիքները հոգալու համար: Նրանք ներկայացել են ոստիկանության կենտրոնական բաժին: Նրանց հետ երկար զրույց ենք ունեցել: Մեզ համար կարևոր է, որ այդ երեխաները հաճախեն դպրոց և դա չանեն իրենց դասերի հաշվին»,- ասաց Նելլի Դուրյանը:

Ինքնասպանության փորձեր հիմնականում կատարում են 16-17 տարեկան դեռահասները: Դրանցից ամենափոքր երեխան եղել է 14 տարեկան: 2011 թ. ինքնասպանության փորձ կատարել է 45 դեռահաս՝ 9 մահվան ելքով, իսկ 2010-ին՝ 41: Նրանց մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչ է:

Նարինե Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter