
Քամին վնասել է ջերմոցները
Փետրվարի 18-19-ին արձանագրված ուժեղ քամիների հետեւանքով Արմավիրի մարզի բնակիչներն ու ջերմոցատերերը լուրջ վնասներ են կրել:
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացրել էր, որ փետրվարի 18-ին Հայաստանի տարածքում հնարավոր է քամու ուժգնացում, հյուսիսային հատվածներում քամու արագությունը կարող է հասնել 15-20 մ/վ-ի:
Սակայն, ոչ միայն հյուսիսային հատվածներում, այլև Արմավիրի մարզում քամին ուժգին է եղել և անակնկալի բերել գյուղացիներին: Հատկապես վնասվել են պոլիէթիլենային տոպրակներով կառուցված ջերմոցները, ինչի հետևանքով ցրտահարվել է ջերմոցում աճող բանջարեղենը:
Արագած գյուղի բնակիչ Գևորգը պատմեց, որ երկու օր է` 16-ամյա որդու հետ գիշերում է դաշտում, ավտոմեքենայի մեջ: Իրենց հետ վերցրել են պոլիէթիլենային տոպրակներ, որպեսզի պատռվելու դեպքում անմիջապես վերանորոգեն:
«Ես արդեն կրկնակի ծախս եմ արել: 1000 քմ թարխունի ջերմոց եմ ծածկել: Շշերը «պռակատով» եմ վերցրել, ցելաֆոնն էլ` կեսը կանխիկ, կեսը նիսյայով եմ առել: Մինչև հասցրեցի պատռածը կպցնել իրար, քամին թարխունը խաշեց: Մի քանի օրից արդեն քաղելու ժամանակն էր: Ես ահագին հետ ընկա: Ու ոչ մեկի մտքով չի անցնի, որ գյուղացին վնաս է կրել, մի քիչ օգնենք, ոտքի կանգնի: Նման բան չկա, չենք լսել»,- ասում է Գևորգը:
Մարզի Աղավնատուն, Արագած, Դողս գյուղերում ջերմոցներին հասցված վնասը մեծ է: Համայնքապետարանները դեռ չեն հաշվարկել վնասի չափը: Ամբողջական պատկեր ստանալ այս պահին հնարավոր չէ, քանի որ մնացած բերքը չկորցնելու համար գյուղացիները նոր պոլիէթիլենային տոպրակներ են գնել և վերանորոգել քամու պատռածը:
Մեկնաբանել