HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

Կանաչ տարածքների վերականգնում Հայաստանի անտառ կորցրած մարզերում

Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Ազատամարտիկների պուրակում մարտի 29-ին ԱՄՆ ՄԶԳ-ի եւ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համայնքների բնապահպանական խմբեր» ծրագրի շրջանակներում Իջեւանի քաղաքապետարանի եւ ուսանողական կամավորական խմբի մասնակցությամբ կազմակերպվել էր ծառատունկ:

«Պուրակի հենց սկզբում վարդեր են լինելու, ողջ եզրերով' որպես կենդանի պարիսպ, խուզվող թփեր, խաչքարը շրջապատվելու է վարդերով ու տարբեր ծաղիկներով, իսկ պուրակի ներսում սոճիներ ու տույաներ են տնկվելու: Պուրակում նախատեսվում է տնկել 100 ծառ եւ 1300 թուփ»,-ասաց Իջեւանի քաղաքապետարանի կանաչապատման մասնագետ Աթաբեկ Աբազյանը:

10 օր առաջ նույն կամավորների խումբը 250 ծառ է տնկել քաղաքի մուտքի շրջակայքում:

Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը նշեց, որ ուրախալի է այն փաստը, որ բացի իջեւանցիներից հասարակական կազմակերպություններն էլ են հետաքրքրված Իջեւանի կանաչ տարածքների պահպանմամբ: «Հուսով եմ, որ գոնե այս անգամ ժողովուրդն ըմբռնումով կմոտենա այդ հարցին, ավելի հետեւողական կլինի, եւ հաջորդ անգամ արդեն պուրակի ձեւավորմամբ կզբաղվենք»,-նշեց քաղաքապետը:

Քաղաքապետարանը խոստացել է անձամբ իրականացնել ծառերի եւ թփերի պահպանման եւ խնամքի աշխատանքները' առանց ակնկալելու բնակիչների աջակցությունը: Ոչ նախկինում անցկացված ծառատունկերի ժամանակ, եւ ոչ էլ հիմա պուրակին հարող շենքերից ոչ մի բնակիչ չհետաքրքվեց, թե ինչ է կատարվում իրենց բակում, նույնիսկ պատշգամբից չէին հետեւում աշխատանքներին: «3 տարի է, ինչ փորձում ենք այս պուրակը տեսքի բերել: Անցած տարի մոտ 500 թուփ ենք տեղադրել, 50 տոկոս կպչողականություն կար, բայց ներկայումս ընդամենը մի քանի ծառ է կանգուն: Նույնիսկ շենքի երեխաների անուններով ծառեր տնկեցին, որ յուրաքանչյուրն իր անունը կրող ծառը խնամի, բայց ոչ մի արդյունքի չհասանք: Անցումային տարիների ճգնաժամից հետո մարդիկ փոխվեցին, անտարբեր դարձան, իրենց հոգսերով են շրջապատված, դրսի խնդիրներն էլ նրանց արդեն քիչ են հետաքրքրում»,- ասաց քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի վարիչ Գառնիկ Բլբուլյանը:

Իջեւանի կենտրոնական Աբովյան փողոցը ժամանակին գրեթե ամբողջությամբ կանաչապատ էր, սակայն հիմա ծառերի տեղերում խանութներ են: Իսկ կանգուն մնացած նոճիներն էլ լուրջ հիվանդ են եւ հատման կարիք ունեն: Իջեւանի ղեկավարությունը քաղաքում փոքր եւ միջին բիզնեսը զարգացնելու նպատակով գործարարներին կենտրոնական փողոցներում խանութների համար տարածքներ է հատկացրել: Գառնիկ Բլբուլյանը հավաստիացնում է, որ մինչ ծառահատումն իրականացնելն ու օբյեկտի տեղադրումը պարտադիր կերպով համապատասխան վարչությունից թույլատրող եզրակացություն են ստանում, իսկ յուրաքանչյուր հատված ծառի համար, ըստ պայմանագրի, գործարարը պարտավորվում է քաղաքապետարանի հատկացրած տարածքում 1.5 մինչեւ 2 մետրի հասնող նոր 20 մշտադալար տնկի տեղադրել: Հենց այդպես է Աբովյան փողոցի վերին հատվածն ամբողջությամբ տնկիներով պատվել:

Իջեւան ք աղաքի արդեն 80%-ը եւ մերձակա գյուղերի հիմնական մասը գազաֆիկացված է: Դրա շնորհիվ վերջին 2-3 տարիներին Իջեւանի եւ հարակից գյուղերի բնակիչների հոսքը դեպի անտառներ նվազել է: Սակայն քաղաքի ղեկավարությունը մտավախություն ունի, որ գազի թանկացումը նորից նույն խնդրի առաջ կկանգնեցնի:

«Մի 15 տարի առաջ անտառախիտ տարածք ենք ունեցել, սակայն հանրապետության շատ մարզեր այստեղի ծառերի հաշվին են գոյատեւել: Իսկ գազի թանկացումը, անկասկած, մարդկանց դեպի անտառները կտանի: Ինչքան էլ արգելենք, եթե գումար չունենան գազ գնելու, պետք է փայտ կտրեն: Մեր անտառները նորից վտանգվում են»,-ասաց պրն Բլբուլյանը:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի մասնագետների ուղղորդմամբ' Գոշի բնապահպանական խմբերը, որոնք 7-ից 10-րդ դասարանցիներից են կազմված, 2005թ.-ի աշնանից դարավանդավորել են Գոշավանքի ետնամասի լանջի մեկ հատվածը, ծառատունկ կազմակերպել, չոր ճյուղերով ցանկապատել տարածքը, կաղնու եւ ընկույզի սերմերի ցանքս կատարել, մոտակա անտառի մի տարածք մաքրել չորուկներից եւ ճյուղերից: Այսպես կոչված' դպրոցական էկոջոկատները, որոնք բնապահպանական հերթապահություն են կազմակերպում, հետեւում են գյուղի փողոցների մաքրությանը, բնակչությանը քարոզում մաքուր պահել համայնքը: Որպես թափոնների օգտագործման այլընտրանքային տարբերակ' երեխաները, հետագայում վերատնկելու եւ անվնաս ծառեր աճեցնելու նպատակով, հյութերի օգտագործված շշերի մեջ ցանել են տարբեր ծառատեսակների սերմեր:

«Երեխաները մեծ բավականությամբ են մասնակցում այս աշխատանքներին: Նրանք շատ լավ գիտակցում են, որ լանջերի կանաչապատումը շատ կարեւոր է, քանի որ տնկված ծառերը հետագայում պաշտպանական գործառույթ պետք է կատարեն' կանխելով սողանքը, ինչպես նաեւ քամու եւ անձրեւաջրերի հարվածը բնակավայրերին»,-ասաց «Համայնքների բնապահպանական խմբեր» ծրագրի կոորդինատորի օգնական Մհեր Շառոյանը:

Գոշ գյուղն իր շրջակայքով առանձնահատուկ է նաեւ նրանով, որ հենց այստեղ են աճում կենի կոչվող ծառերը: Կենիները Կարմիր գրքում գրանցված այն հազվագյուտ ծառերից են, որոնց պաշտպանությամբ են զբաղվում ոչ միայն տեղի, այլեւ ամբողջ աշխարհի բնապահպանները: Տեղի բնակիչները պատմում են, որ կենուց պոկված ճյուղը տասնյակ տարիներ կարող է առողջ մնալ: Բացի այդ, ըստ մասնագետների, կենին աշխարհում միակ օզոն արտադրող ծառատեսակն է: Հայաստանում շատ քիչ վայրերում է կենի աճում: «Մեր գյուղին կից տարածքներում մի քանի կենիներ կան, որոնց շատ լավ հետեւում ենք: Թեպետ ոչ մեկը նույնիսկ փորձ էլ չի կատարում դրանց վնասել, քանի որ կենիները շատ ամուր ծառեր են, եւ նույնիսկ կացնով դրանք կտրելն անհնարին է: Վերջերս այդ հսկաների կողքին հայտնաբերել ենք մեծ քանակությամբ փոքր կենիներ, որոնք լուրջ պահպանության կարիք ունեն, քանի որ դրանք արհեստական պայմաններում չեն աճում: Ներկայումս երեխաների հետ պատրաստվում ենք պարսպապատել կենիները, որպեսզի կենդանիները չփչացնեն տնկիները»,-պատմեց Գոշի աշխատանքային ջոկատի խմբավար Սուրեն Գրիգորյանը:

«Համայնքների բնապահպանական խմբեր» ծրագրի շրջանակներում ընտրվել է 10 համայնք Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Վայոց Ձորի մարզերից: Դրանցից յուրաքանչյուրում կազմված մեկ կամ մի քանի Համայնքային բնապահպանական խմբերի ուսումնասիրած խնդիրները հիմնականում ներառում են ջրի եւ օդի աղտոտվածությունը, անտառների վիճակն ու աղբահանությունը: «Հետագայում շատ հնարավոր է, որ թափոնների, այսինքն' աղբի տեսակավորման առաջին փորձը հենց Իջեւանում անցկացնենք: Սակայն, քանի դեռ գարուն է, կանաչապատման հարցն ավելի ենք կարեւորում»,-ասում է ծրագրի կոորդինատոր Արման Վերմիշյանը:

Մինչեւ ծրագրի ավարտը' 2007-ի հունիսը, նախատեսվում է վերականգնել նաեւ Մարտունիի եւ Սեւանի պուրակները, իսկ Ստեփանավանում եւ æերմուկում' հիմնել նորերը:

Լուս.` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter