HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի դերը նորօրյա պետականության կառուցման գործում

Ավետիք Հարությունյան -Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման հիմնադիր նախագահ, Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս, Ի.գ.թ., դոցենտ

 

Ամփոփ կետեր

  • Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն Հայկական երկրորդ պետության իրավական մշակույթի կայացման համար ունի անգնահատելի դեր ինչպես պետականաստեղծման, այնպես էլ ժողովրդավարական ինստիտուտների հիմնադրման առումով:
  • Արցախի անկախության հանրաքվեն, որպես ԽՍՀՄ-ից Արցախի ինքնորոշման իրավական ակտ, միարժեքորեն համապատասխանել է ինչպես ԽՍՀՄ-ի օրենսդրությանը, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերին, ինչը հավաստվում է նաև նրանով, որ Արցախի անկախության հանրաքվեի անցկացման ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններն իրենց կազմած «ԼՂՀ անկախության մասին հանրաքվեի արդյունքների մասին» ակտում փաստել են, որ հանրաքվեի կազմակերպման և անցկացման ողջ գործընթացը տեղի է ունեցել ԽՍՀՄ Սահմանադրությանը, օրենսդրությանը, տեղական իրավական ակտերին, ինչպես նաև միջազգային իրավունքի տառին ու ոգուն խիստ համապատասխան:
  • Չնայած այն հանգամանքին, որ հանրաքվեի օրն ադրբեջանական ուժերը փորձել են խոչընդոտել համապետական կարևորագույն միջոցառման բնականոն ընթացքին, այդ թվում հրթիռակոծել են Արցախի տարածքը, արցախահայությունը, լի վճռականությամբ և տոգորված անկախությունը վերականգնելու ձգտումով, մասնակցել է հանրաքվեին:
  • Անկախության հանրաքվեից մի քանի օր անց` դեկտեմբերի 28-ին, Արցախում տեղի են ունեցել առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները, որով հիմք դրվեց օրենսդիր մարմնի ստեղծմանը։ Դրան հաջորդել է մինիստրների խորհրդի (կառավարության), իսկ 1994թ. դեկտեմբերի 22-ին Նախագահի ինստիտուտի ստեղծումը, որոնք ներհատուկ են միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող ժամանակակից պետություններին` հաշվի առնելով իշխանությունների տարանջատման սկզբունքը և որոնց վրա դրված էր այդ մարմիններին բնորոշ գործառույթներ, որոնք տարիների ընթացքում դիմակայելով ժամանակի փորձությանը և ավելի հստակորեն բաժանելով լիազորությունները՝ իրենց արտահայտությունն են գտել երկրի Հիմնական օրենքում։

Ներածություն 

Ժողովրդավարական ու իրավական պետությանը ներհատուկ ժողովրդաիշխանության սկզբունքը դրսևորվել է Արցախի Հանրապետության 27-ամյա պետականության ամբողջ ժամանակաշրջանում։ Այն սկիզբ է առել 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած անկախության հանրաքվեով, որի իրավական նշանակության բաղադրիչներին և դրանց հիմքերին անդրադարձ է արված ստորև։

Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի իրավական արժեքը և պետականության ամրապնդման գործում ունեցած դերակատարությունը բացահայտելու համար նպատակահարմար ենք համարում անդրադառնալ հանրաքվեի անցկացման իրավական հիմքերին, նախադրյալներին, ընթացքին և իրավասու կառույցների կողմից տրված գնահատականներին։   

 

Անկախության հանրաքվեի անցկացման իրավական հիմքը

Ինչպես հայտնի է, 1991թ. սեպտեմբերի 2-ին հրավիրված բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների Ժողովրդական պատգամավորների համատեղ նստաշրջանում որոշում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի ընդունման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին»[1]: Հաշվի առնելով այն, որ ԽՍՀՄ կազմից դուրս գալու գործընթացը պետք է լիներ խիստ կանոնակարգված ու ԽՍՀՄ գործող օրենսդրությանը համապատասխան և ղեկավարվելով «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 2-րդ հոդվածով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորների խորհուրդը 1991թ. նոյեմբերի 27-ի որոշման 1-ին կետով որոշեց. «1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնել հանրաքվե»[2]։ Ընդ որում, հանրաքվեի անցկացման համար հիմք է հանդիսացել նաև 1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքի 3-րդ հոդվածը, ըստ որի՝ «.... իր կազմի մեջ ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար շրջաններ ունեցող միութենական հանրապետություններում հանրաքվեն յուրաքանչյուր ինքնավարությունում անց է կացվում առանձին»[3]։ 

Հանրաքվեի կազմակերպման և անցկացման նպատակով 1991թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցած անդրանիկ նիստում որոշում է կայացվել ստեղծել նոր մարմին` Կենտրոնական ընտրական հանձնաժողով[4], որին վիճակված էր պատմական այդ պատասխանատու և վճռորոշ պահին իր վրա դրված առաքելությունը կատարել հնարավորինս անթերի։ Հիշյալ մարմնի գործունեության ամբողջ ընթացակարգը ներառում էր ենթակառուցվածքի ստեղծումը, հանձնաժողովների կազմավորումը, ընտրողների ցուցակների կազմումը, քվեարկության համար տեղամասերի ստեղծումը, ինչպես նաև քարոզչական և բացատրական աշխատանքները, քվեարկության ընթացակարգը, ձայների հաշվումը, հանրաքվեի արդյունքների որոշումը և այլն։ 

Որպես այդ ամբողջական շղթայի սկզբնական օղակ 1991թ. նոյեմբերի 27-ի որոշման 3-րդ կետով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորների ընտրությունների մասին» ժամանակավոր կանոնակարգի 12-րդ հոդվածի հիման վրա ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհրդի գործկոմին հանձնարարվեց 1991թ. նոյեմբերի 28-ից ոչ ուշ աշխատանքային կոլեկտիվներում, հասարակական կազմակերպություններում, պետական իշխանության մարմիններում կազմակերպել ժողովներ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում թեկնածուների առաջադրման նպատակով և 1991թ. նոյեմբերի 28-ին ներկայացնել նստաշրջանի հաստատմանը[5]։

 Հանրաքվեի նախապատրաստումը, կազմակերպումը եւ անցկացումը

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին» ժամանակավոր կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն` «ԼՂՀ հանրաքվեի նախապատրաստումը և անցկացումն իրականացնում էին հետևյալ հանձնաժողովները.

- ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական (հանրապետական) հանձնաժողով,

- ԼՂՀ հանրաքվեի շրջանային հանձնաժողովներ,

- ԼՂՀ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներ»։

Տեղերում հանրաքվեի աշխատանքները կազմակերպելու նպատակով յուրաքանչյուր ընտրատարածքում կազմավորվել են տարածքային ընտրական հանձնաժողովներ` 7-9 մարդու կազմով[6]։

Համաձայն 1991թ. նոյեմբերի 27-ի որոշման` հանրաքվեի դրվելիք հարցը սկզբնապես ձևակերպվել էր հետևյալ կերպ. «Համաձա՞յն եք Դուք ԽՍՀՄ կամ նրա իրավահաջորդի կազմում ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հետ» (Սատարու՞մ եք Դուք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումն Ադրբեջանի Հանրապետությունից դուրս)։ Սակայն հաշվի առնելով հանրաքվեի դրվող հարցի շտկման անհրաժեշտությունը՝ նույն որոշման 2-րդ կետով ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհրդի գործկոմին թույլատրվել է անհրաժեշտության դեպքում ճշգրտել հանրաքվեի դրվող հարցի ձևակերպումը և փոխանցել հանրաքվեի անցկացման Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` քվեաթերթիկի մեջ մտցնելու համար[7]։

Մինչև ԼՂՀ անկախության հանրաքվեի դրվող հարցի վերջնական տարբերակի ընդունումը տեղի են ունեցել բազմաշերտ քննարկումներ, որոնց արդյունքում առաջարկվել էին մոտ մեկ տասնյակ ձևակերպումներ[8]։ Վերջնական ընտրվել է այն տարբերակը, որի մեջ «խտացված էր» ժողովրդի հավաքական կամքի դրսևորման փիլիսոփայությունն ու անկախ պետություն ստեղծելու միջոցով խաղաղ գոյակցության պայմաններում ապրելու բնական իրավունքը։ ԼՂՀ ժողպատգամավորների խորհրդի գործկոմը 1991թ. դեկտեմբերի 4-ին ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի դրվող հարցի ճշգրտված ձևակերպման մասին» թիվ 4/151 որոշումը, որի 1-ին կետին համապատասխան` հաստատվեց հանրաքվեի դրվող հարցի վերջնական ձևակերպումը՝ հետևյալ խմբագրությամբ. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն՝ ինքնուրույն որոշելով համագործակցության ձևն ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»[9]։ Վերոհիշյալ որոշումը փոխանցվել է հանրաքվեի անցկացման Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` հարցը քվեաթերթիկի մեջ մտցնելու համար։

Հատկանշական է, որ «ԼՂՀ հռչակման մասին» Հռչակագրում, ինչպես նաև «ԼՂՀ հանրաքվեի մասին» ժամանակավոր կանոնակարգի 2-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված հավասարության և խտրականության ժխտման սկզբունքները հրապարակայնորեն և միջազգային դիտորդների ներկայությամբ կյանքի են կոչվել 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի ընթացքում, երբ ոչ միայն հանրաքվեի քվեաթերթիկներում է հարցը ձևակերպվել երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն), այլև քվեաթերթիկներն ուղարկվել են ադրբեջանաբնակ բնակավայրերի ընտրատարածքներ։ Հանրաքվեի կարևորագույն մասն էր նաև բնակչության շրջանում քարոզչության ու բացատրական աշխատանքների իրականացումը։ Այդ իսկ նպատակով «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությանը և ԼՂՀ հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման կոմիտեին հանձնարարվել էր մամուլի էջերում, տեղական ռադիոյով և հեռուստատեսությամբ ընդլայնել բացատրական աշխատանքների շրջանակն առաջիկա ընտրությունների և հանրաքվեի նշանակության մասին և հրապարակել համապատասխան խորհրդատվություն։ Այդ աշխատանքների վերահսկողությունը հանձնարարվել էր Ռոբերտ Քոչարյանին[10]։ Տեղերում օգնություն ցուցաբերելու և ընտրությունների նախապատրաստման ու հանրաքվեի անցկացման աշխատանքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ԼՂՀ գործկոմի անդամներին հանձնարարվել էր մեկնել շրջաններ։

Ա. Իսագուլովի խոսքերով՝ հանրաքվեի նախօրեին ԼՂՀ ժողպատգամավորների խորհրդի գործկոմի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական, ըստ որի` նա պետք է այցելեր Մարտակերտ շրջկենտրոն, շրջանի մյուս գյուղեր և հանդիպումներ ունենար տեղի բնակչության հետ։ Հանդիպումների նպատակն այն էր, որպեսզի ներկայացվեր հանրաքվեի կարևորությունը ժողովրդի և պետության կյանքում:

ԼՂՀ անկախության հանրաքվեի անցկացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կազմավորվել է 81 ընտրատարածք[11], սակայն, ինչպես վկայում են փաստերն ու ականատեսները[12], ընտրատարածքներից 11-ում այն չի կայացել։ Ընդ որում, եթե թիվ 25 ընտրատարածքը փակ է եղել[13], ապա մնացած 10-ն ընդգրկում էր ադրբեջանական բնակավայրերը, որոնք չեն մասնակցել հանրաքվեին։ Սա խոսում է այն հեռահար քաղաքականության մասին, որ ադրբեջանցիները դեռևս այդ փուլում խնդրահարույց հարցերը փորձել են լուծել ոչ թե ժողովրդավարական եղանակներով, այլ բացառապես ուժային ճնշումներով, նրանց համար խորթ է եղել մարդկության քաղաքակիրթ հատվածի կողմից մշակված և խաղաղություն երաշխավորող ճանապարհը։ Ընդսմին, հանրաքվեին չմասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ադրբեջանցիներ լինելու փաստն արձանագրել են նաև միջազգային դիտորդներն իրենց արձանագրություններում։ 

ԼՂՀ անկախության հանրաքվեի քվեարկությունը կազմակերպվել է նաև երկրի սահմաններից դուրս` Հայաստանի Հանրապետությունում` դրանով իսկ ապահովելով քաղաքացիների ընտրելու իրավունքի իրացումը։ Այդ նպատակով ԼՂՀ ժողպատգամավորների խորհրդի գործկոմը որոշել է. « .... քննարկելով ԼՂՀ բոլոր քաղաքացիների` ս.թ. դեկտեմբերի  10-ի հանրաքվեին մասնակցությունն ապահովելու հարցը, արձանագրելով, որ Հանրապետության օդատրանսպորտային շրջափակման պատճառով իրենց մշտական բնակության վայրից բռնատեղահանված շատ բնակիչներ զրկված են հանրաքվեին մասնակցելու հնարավորությունից, ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին» ժամանակավոր կանոնակարգի 5-րդ հոդվածով, ԼՂՀ քաղաքացիներ Յուրի Հովհաննիսյանին (Ասկերանի շրջանի Շոշ գյուղից), Հրանտ Ամիրյանին (Հադրութի շրջանի Հին Թաղլար գյուղից), որոնք այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, վերապահել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորություններ և նրանց հանձնարարել ստեղծել ընտրատեղամասեր ժամանակավոր բնակվող բռնատեղահանվածների, ուսանողների, գործուղվածների և Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԼՂՀ մյուս քաղաքացիների համար»[14]։

Ինչպես վկայում է Յուրի Հովհաննիսյանը, ԼՂՀ ժողպատգամավորների խորհրդի գործկոմի որոշումի ընդունումից հետո Երևան քաղաքում ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է պատշաճ ձևով կազմակերպեր հանրաքվեն։ Նշված հանձնաժողովի կազմում ընդգրկվել են խորհրդային շրջանի գործկոմի աշխատակից Սերգեյ Խալաֆյանը, ինչպես նաև Աիդա Մանուչարովան։ Հանձնաժողովը համակարգել է Սերգեյ Խալաֆյանը։ Քանի որ արցախահայության սփռվածությունը Հայաստանում բավականին լայն էր,  ստեղծվել է 12 ընտրատեղամաս, որոնցից առաջինն «Արցախ» հայրենակցական միությունում էր, 2-ը` օդանավակայաններում, ինչպես նաև երկաթգծի կայարանում, ավտոկայանում, Հրազդանում, Էջմիածնում, Արտաշատում, Արարատում, Կիրովականում և այլ քաղաքներում։ Հանրաքվեին մասնակցել են մի շարք միջազգային դիտորդներ՝ ռուսական «ԿՐԻԿ» կազմակերպությունից, Անդրեյ Նույկինը կնոջ հետ, ադմիրալ Թիմուր Գայդարը, Ելենա Բոնները, որոնք եղել են բոլոր 12 ընտրատեղամասերում և իրենց գնահատականները ներկայացրել արձանագրության մեջ։ Հանրաքվեի ավարտից հետո արդյունքները պարկով զմռսած վիճակում ուղարկվել են Ստեփանակերտ[15]։

 Միջազգային դիտորդների տված գնահատականը

Անկախության հանրաքվեն միջազգային չափանիշներին ու արտասահմանյան երկրների ներկայացուցիչների ներկայությամբ անցկացնելու նպատակով ԼՂՀ ժողպատգամավորների խորհրդի 1991թ. նոյեմբերի 27-ի որոշման 4-րդ կետով ամրագրվեց, որ «Համաձայն «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 5-րդ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի տարածք դիտորդներ հրավիրել միութենական հանրապետություններից, արտասահմանյան պետություններից և միջազգային կազմակերպություններից»[16]։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին» ժամանակավոր կանոնակարգի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Հանրաքվեի անցկացման ընթացքում ապահովվում է հրապարակայնությունը, հանրության և դիտորդների (այդ թվում՝ այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից) մասնակցությունը»։  

Դիտորդներ հրավիրելու գործընթացին ներգրավվել են բոլոր պետական կառույցներն ու Երևանում գործող կազմակերպությունները։ Այդ աշխատանքի կատարմանն իրենց մասնակցությունն են բերել նաև արտերկրի դեսպանատներն ու ներկայացուցչությունները, որոնք իրենց երկրների համապատասխան կառույցներին էին փոխանցում հանրաքվեին մասնակցելու ԼՂՀ իշխանությունների հրավերը։ Հետաքրքրականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հանրաքվեի և ընտրությունների հետ կապված միջազգային որևէ պարտավորություն չունենալով հանդերձ, այդ գործընթացները դիտարկելու հրավերներ է ուղարկում միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին։

ԼՂՀ անկախության հանրաքվեին մասնակցել են 50-ից ավելի միջազգային դիտորդներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ[17], որոնք հանրաքվեի ավարտից հետո կազմել են համատեղ արձանագրություն, իսկ նրանցից շատերն առանձին խմբերով եղել են տարբեր բնակավայրերում և կազմել առանձին ակտեր։ Այդ ակտերում առանձնակի շեշտադրվում է հանրաքվեի կազմակերպման և անցկացման համապատասխանությունը և՛ միջազգային իրավունքին, և՛ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին» ժամանակավոր կանոնակարգին, քվեաթերթիկները 3 լեզուներով կազմված լինելու, քվեարկությունը սահմանված ժամին սկսելու ու ավարտելու մասին և այլն։ Ընդ որում, Ստեփանակերտում, Մարտունիում, Հադրութում դիտորդներն արձանագրել են Ադրբեջանի կողմից գնդակոծության ներքո հանրաքվեին ընտրողների մասնակցության, ինչպես նաև դրանց արդյունքում քաղաքացիների սպանվելու փաստեր (ք. Ստեփանակերտ, գ. Ջրակուս)։ Հատկանշականն այն էր, որ Անկախության հանրաքվեի և ժողպատգամավորների ընտրություններից առաջ, նույն օրը և հաջորդող օրերին առանձնակի ակտիվանում էր ԼՂՀ ամբողջ տարածքն ադրբեջանական կողմից հրթիռահրետակոծելու երևույթը, ինչի մասին վկայում են 1991թ. ԼՂՀ ներքին գործերի վարչության օպերատիվ ամփոփագրերն[18] ու դիտորդների արձանագրած փաստերը։

Հանրաքվեի մասին պահպանվել են որոշ նյութեր, այդ թվում նաև կադրեր միջազգային դիտորդներ Յուրի Աֆանասևի և Վլադիմիր Սմիռնովի հարցազրույցից[19]։ Խոսելով հանրաքվեի օրվա և կարևորության մասին՝ Վլադիմիր Սմիռնովը տեսակետ է հայտնել. «.... հանրաքվեի օրվա ընտրությունն ամենևին էլ պատահական չէ, և հանրաքվեի կազմակերպիչներն այն զուգադիպեցրել են այդ խորհրդանշական օրվա հետ` մարդու իրավունքների պաշտպանության օրվան, որովհետև ուրիշ ոչ մի տեղ այնքան չեն ոտնահարվում այդ իրավունքները, որքան Ղարաբաղում»[20]։

Անկախության հանրաքվեի ավարտից հետո դիտորդները կազմել են «ԼՂՀ անկախության մասին հանրաքվեի արդյունքների մասին» ակտ, որում անդրադարձել են հանրաքվեի ողջ գործընթացին, որը տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին» ժամանակավոր կանոնակարգին համապատասխան։ Ըստ նրանց համատեղ կարծիքի՝ քվեարկության արարողակարգի, քվեաթերթիկների տրման, դրանց ձևակերպման, ձայների հաշվման ընթացակարգում դիտորդների կողմից խախտումներ չեն արձանագրվել[21]։

Հանրաքվեի արդյունքների որոշումը

Հանրաքվեի արդյունքների որոշման համար ամենից առաջ անհրաժեշտ է լուծել ժողովրդական քվեարկության անցկացման վավերականության մասին հարցը։ Ակնհայտ է, որ հանրաքվեի վավերականության ընդհանուր պայմաններն են դրա անցկացման ընթացքում այնպիսի խախտումների անթույլատրելիությունը, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա։ Միաժամանակ օրենսդրությունը երբեմն սահմանում է քվեարկությանն ընտրողների մասնակցության ստորին շեմը։ 

Հանրաքվեում սովորաբար ընդունված է համարվում այն որոշումը, որի օգտին տրված են քվեարկությանը մասնակցած ընտրողների վավեր ձայների պարզ մեծամասնությունը։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին» ժամանակավոր կանոնակարգի 13-րդ հոդվածի 3-րդ ենթակետի համաձայն՝ «Հանրաքվեի դրված հարցը համարվում է ընդունված, եթե քվեարկությանը մասնակցել են քվեարկության համար ցուցակներ մտցված անձանց կեսից ավելին, և հանրաքվեի արդյունքում դրան հավանություն են տվել քվեարկությանը մասնակցած բնակիչների 2/3-ը։ Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանրաքվեի Կենտրոնական հանձնաժողովի նիստում, ձևակերպվում են արձանագրության տեսքով, որը ստորագրում են հանձնաժողովի անդամները, և հրապարակվում է»։

Համաձայն 1989թ. համամիութենական մարդահամարի տվյալների` Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրում էր 189.029 մարդ, որոնցից 145.450-ը` հայեր, 40.632-ը` ադրբեջանցիներ և 2.417-ը` ռուսներ և ուկրաինացիներ[22]։  

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների` ԼՂՀ անկախության հանրաքվեին 132.328 ընտրողներից մասնակցել են 108.736-ը (82.2 %), որոնց ճնշող մեծամասնությունը` 108.615 մարդ կամ 99,89%-ը, կողմ է արտահայտվել ԼՂՀ անկախությանը։ Հանրաքվեին դրված հարցին դեմ են արտահայտվել 24 ընտրող կամ 0,02%-ը, իսկ անվավեր է ճանաչվել 95 քվեաթերթիկ կամ 0,09%-ը[23]։

Չնայած այն հանգամանքին, որ հանրաքվեի օրն ադրբեջանական ուժերը փորձել են խոչընդոտել համապետական կարևորագույն միջոցառման բնականոն ընթացքին, սակայն արցախահայությունը, լի վճռականությամբ և տոգորված անկախությունը վերականգնելու ձգտումով, մասնակցել է հանրաքվեին, իսկ հանրաքվեին չմասնակցած զանգվածը, ինչպես արդեն նշվեց, կազմել են ադրբեջանցիները։

Սույն աշխատանքի շրջանակներում մենք մեր առջև խնդիր չենք դրել իրավական գործընթացներին տալ քաղաքական գնահատական, սակայն ստիպված ենք անել հակառակը. քաղաքական որոշ խեղաթյուրված և անհիմն մեկնաբանություններին պետք է տանք իրավական գնահատական։ Այսպես, ադրբեջանցի որոշ «գիտնականներ» փորձում են «ապացուցել», թե իբր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեն անօրինական է, զուրկ որևէ իրավական հիմքից և այլն, սակայն չներկայացնելով կոնկրետ իրավական փաստարկներ։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը. «Լեռնային Ղարաբաղում 1991թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեի անցկացումը, որի արդյունքներով գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է անկախ պետություն, համարվում է ապօրինի և ինչ-որ իրավական հետևանքներ չի առաջացնում»[24]։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվական քաղաքականության վարչության ղեկավար Թաիր Տագիզադեի կարծիքով՝ «.... անիրական է խոսել հանրաքվեի անցկացման մասին, մինչև չվերականգնվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական կազմը, մինչև երկու համայնքների համար հավասար պայմաններ չստեղծվեն։ Դրան հավելած, Ադրբեջանի Սահմանադրությունը չի նախատեսում հանրաքվեի անցկացում առանձին վերցրած շրջանում։ Ըստ մեր երկրի գլխավոր օրենքի` հանրաքվեն կարող է լինել միայն համազգային և նրան պետք է մասնակցեն երկրի ամբողջ բնակչությունը»[25]։

Այստեղ տեղին է ներկայացնել ականավոր միջազգայնագետ, պրոֆեսոր Յու. Բարսեղովի հետևյալ  տեսակետը. «.... չնայած Ադրբեջանական ԽՍՀ կառավարության նպատակաուղղված ժողովրդագրական քաղաքականության արդյունքում նրանց թվաքանակը 20-րդ դարի 20-ական թվականների սկզբից մինչև ղարաբաղյան շարժման սկիզբը 7000-ից հասել է 30 հազարի, այն կազմել է ընդամենը 23 %, և, բնականաբար, հանրաքվեի արդյունքների վրա ազդել չէր կարող»[26], բացի այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի կողմից ստեղծվել էին բոլոր հավասար պայմանները, սակայն դրանից հրաժարվել են ադրբեջանցիները` չմասնակցելով հանրաքվեին։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովի խոսքերով՝ «.... անհնար է ճանաչել 1991թ. դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում անօրինական և ինքնակամ անցկացված, այսպես կոչված, հանրաքվեի արդյունքները, քանի որ այն, համաձայն իրավաբանների փորձագիտական եզրակացության, անց է կացվել ԽՍՀՄ օրենսդրության խախտմամբ, չի ունեցել իրավական հիմք` չխոսելով արդեն միջազգային իրավունքին համապատասխանելու մասին»[27]։

Հանրաքվեի վերաբերյալ ամբողջ նյութի մանրակրկիտ ու հետևողական ուսումնասիրությունից պարզ է, որ հանրաքվեի իրավաչափությունը ժխտող տեսակետները զուրկ են որևէ հիմնավորումից, դրանք սոսկ զգացմունքային հարթության վրա են, անտրամաբանական և ուղղակի հնարավոր չէ որպես փաստարկ դիտարկել։

Կարևոր է ուշադրություն դարձնել ևս մի կարևոր հանգամանքի, որը վերաբերում է Ադրբեջանում անցկացված հանրաքվեին։ Ինչպես հայտնի է, 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի ԽՍՀ գերագույն խորհուրդն ընդունել է Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին հռչակագիր, որին հաջորդել է հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետության ԳԽ-ի կողմից «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտի ընդունումը, իսկ դեկտեմբերի 29-ին Ադրբեջանում անց է կացվել համաժողովրդական քվեարկություն։ Ընդ որում, հանրաքվեի քվեաթերթիկներում մտցվել էր միայն մեկ հարց. «Դուք կո՞ղմ եք «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին»  սահմանադրական ակտին»։

Հիշյալ հանրաքվեն Ադրբեջանի անկախության վերականգնման ընթացքում կիրառված «իրավական» գործընթացներից ամենախայտառակն ու անիմաստն է, քանի որ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի գլխավոր պահանջն այն էր, որպեսզի միութենական հանրապետությունում անց կացվի հանրաքվե, իսկ Ադրբեջանի հանրաքվեն անց է կացվել 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի ԱՊՀ հռչակագրի ընդունումից 8 օր հետո, երբ արդեն ԽՍՀՄ-ը փաստացի և իրավաբանորեն գոյություն չուներ, և դրա անցկացումն անտրամաբանական ու անիմաստ էր։

Նախքան այդ հանարքվեն Ադրբեջանում անց է կացվել ևս մեկը։ 1991 թ. մարտի 17-ին ԽՍՀՄ տարածքում անց է կացվել ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվե, որի մասնակիցների 76.4 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ պահպանմանը։ Այդ հանրաքվեին մասնակցել է նաև Ադրբեջանի բնակչությունը, որի 93.3 %-ը նույնպես կողմ է արտահայտվել Միության պահպանմանը։ Ընդ որում, ինչպես այս հանրաքվեին, այնպես էլ սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին չի մասնակցել ԼՂՀ բնակչությունը։ Եթե ընտրությունների պարագայում ամեն ինչ պարզ է, քանի որ այդ ժամանակ ԼՂՀ-ն արդեն հռչակված պետություն էր, ապա հանրաքվեի պարագայում իրերի դրությունն անհասկանալի է։ 1991թ. մարտի 17-ի և դեկտեմբերի 29-ի հանրաքվեների միջև կա հակասություն, քանի որ առաջինի դեպքում ադրբեջանցիները կողմ են արտահայտվել ԽՍՀՄ պահպանմանը, իսկ երկրորդ դեպքում` հաստատել «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտը, որն ինքնին բացառում է նախորդի իրավական հետևանքները։ Ընդ որում, դա միջազգային պրակտիկայում եզակի դեպք է։ Ի դեպ, ԽՍՀՄ պահպանման հանրաքվեին չեն մասնակցել Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Մերձբալթյան հանրապետությունները։ 

 

Եզրահանգումներ

Ամփոփելով վերոշարադրյալ նյութը՝ նպատակահարմար ենք համարում առաջադրել հետևյալ եզրահանգումները՝

- Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի իրավական արժեքը, նախ և առաջ, այն է, որ դրա արդյունքում ժողովրդի միաձայն քվեի միջոցով իրավաբանորեն հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կառուցման հայեցակարգը, այսինքն այդ պետաիրավական ակտը բավարար հիմք է հանդիսացել անկախ պետականություն հիմնադրելու համար,

- անկախության հանրաքվեի իրավական արժեքը նաև այն է, որ, չնայած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանրաքվեի և ընտրությունների հետ կապված որևէ միջազգային պարտավորություն չուներ և հիմա էլ չունի, այնուհանդերձ, դրա անցկացման ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ է ուղարկել միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին, իսկ վերջիններս իրենց կազմած «ԼՂՀ անկախության մասին հանրաքվեի արդյունքների մասին» ակտում փաստել են, որ քվեարկության արարողակարգի, քվեաթերթիկների տրման, դրանց ձևակերպման, ձայների հաշվման ընթացակարգում դիտորդների կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, ինչը ենթադրում է, որ ամբողջ գործընթացը տեղի է ունեցել ԽՍՀՄ Սահմանադրությանը, օրենսդրությանը, տեղական իրավական ակտերին, ինչպես նաև միջազգային իրավունքի տառին ու ոգուն խիստ համապատասխան,

- հանրաքվեի իրավական արժեքը նաև այն է, թե որքանով է իրագործվում դրա միջոցով ընդունված որոշումը, քանի որ պատմությանը հայտնի են դեպքեր, երբ քաղաքացիները վստահությունը կորցնում են այդ ինստիտուտի նկատմամբ` ընդունված որոշումը չիրացվելու պատճառով[28],

- Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն նոր իրողություն ու մշակույթ դարձավ արցախահայության իրավական կենցաղում և նպաստավոր հիմք հանդիսացավ ԼՂՀ-ում անմիջական ժողովրդավարության ձևավորման ու արմատավորման, ինչպես նաև նոր ինստիտուտի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ստեղծման համար, որը պետք է համակարգեր այդ բոլոր գործընթացները։ Տարիներ անց վստահաբար կարելի է ասել, որ ԼՂՀ իրավաքաղաքական պատմության մեջ խոշորագույն միջոցառում համարվող Անկախության հանրաքվեի և ԼՂՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի ընտրությունների անցկացման նպատակով ստեղծված Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր առաքելությունը կատարել է անբասիր ձևով, 

- ԼՂՀ ժողովրդական պատգամավորների Խորհրդի գործկոմի ընդունած որոշումների ուսումնասիրությունն անառարկելիորեն վկայում է, որ մի կողմից դրանց հիմքում ընկած էին միջազգային իրավունքի դրույթները, ԽՍՀՄ Սահմանադրությունը և օրենսդրությունը, որոնք «ԼՂՀ հռչակման մասին» Հռչակագրի եզրափակիչ մասի համաձայն «չեն հակասում սույն Հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին և Հանրապետության առանձնահատկություններին», իսկ մյուս կողմից հետևողական վերաբերմունք կար այդ որոշումները հանրության սեփականությունը դարձնելու, տվյալ պարագայում՝ «Խորհրդային Ղարաբաղ»[29] («Սովետսկի Կարաբախ») թերթի և զանգվածային լրատվության այլ միջոցներով բնակչությանը հասու դարձնելու[30] ուղղությամբ,

- ԼՂՀ հռչակման օրվանից սկսած՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂՀ-ին առնչվող ցանկացած հակաօրինական քայլի տրվում էր համարժեք իրավական պատասխան, որն էլ ստանում էր իր օրենսդրական ձևակերպումը, մասնավորապես` եթե 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունել է հռչակագիր «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին», ապա դրան 3 օր անց հաջորդել է Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների ժողովրդական պատգամավորների կողմից «ԼՂՀ հռչակման մասին» Հռչակագրի ընդունումը, եթե 1991թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի ԳԽ որոշում է ընդունում «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը» լուծարելու մասին[31], ապա հաջորդ օրը գումարվում է ԼՂՀ ժողպատգամավորների Խորհրդի նիստ, որտեղ որոշում է ընդունվում դեկտեմբերի 10-ին անցկացնել անկախության հանրաքվե, իսկ դեկտեմբերի 28-ին` ժողպատգամավորների ընտրություններ, իսկ նոյեմբերի 28-ի որոշմամբ կազմավորվում է ԼՂՀ Սահմանադրության մշակման հանձնաժողով։ Եթե վերոհիշյալ դեպքերում Ադրբեջանի ձեռնարկած քայլերից հետո էր ԼՂՀ-ը համարժեք պատասխան տալիս, ապա ԼՂՀ-ում հայտարարված անկախության հանրաքվեից որոշ ժամանակ անց է միայն Ադրբեջանում կայանում հանրաքվե։ Տարօրինակն այն է, որ Ադրբեջանում անկախության տոնը նշվում է հոկտեմբերի 18-ին` սահմանադրական ակտի ընդունման օրը, այլ ոչ թե հանրաքվեի օրը, որը, ի դեպ, բազմաթիվ գրականություններում չի հիշատակվում կամ հպանցիկ են անդրադառնում,

- Անկախության հանրաքվեից մի քանի օր անց` դեկտեմբերի 28-ին, ԼՂՀ-ում տեղի են ունեցել ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները, որով հիմք դրվեց օրենսդիր մարմնի ստեղծմանը։ Դրան հաջորդել է մինիստրների խորհրդի (կառավարության), իսկ 1994թ. դեկտեմբերի 22-ին՝ Նախագահի ինստիտուտի ստեղծումը, որոնք ներհատուկ են միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող ժամանակակից պետություններին` հաշվի առնելով իշխանությունների տարանջատման սկզբունքը, և որոնց վրա դրված էր այդ մարմիններին բնորոշ գործառույթներ, որոնք, տարիների ընթացքում դիմակայելով ժամանակի փորձությանը և ավելի հստակորեն իրար միջև բաժանելով լիազորությունները, իրենց արտահայտությունն են գտել երկրի Հիմնական օրենքում։

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

[1] Տե՛ս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ (այսուհետ՝ ԼՂՀ ՊԱ), ֆ. 1, ց. 2, կ. 28, պ. մ. 309, թ. 61-62։

[2] Տե՛ս ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 1, կ. 50, պ. մ. 296, թ. 1։ 

[3] Տե՛ս Օրենքը http://sevkrimrus.narod.ru/ZAKON/1990.htm (դիմելու ամսաթիվը՝ 11.11.2016)։

[4] Ընդհանրապես հանրաքվեի կազմակերպման համար ստեղծվող հիմնական հանձնաժողովը կոչվում է հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով (ինչն ամրագրված էր «ԼՂՀ հանրաքվեի անցկացման մասին» ժամանակավոր կանոնակարգի 7-րդ հոդվածում): Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ հանրաքվեի, թե՛ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար մշտապես գործող պետական մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, ինչպես նաև այն, որ 1991թ. դեկտեմբերի 28-ին պետք է անցկացվեր ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրություններ, նպատակահարմար էր ստեղծել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը միաժամանակ կիրականացներ նաև հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի գործառույթները։

[5] ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 1, կ. 50, պ. մ. 296, թ. 1։

[6] ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 2, կ. 28, պ. մ. 331, թ. 16։

[7] ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 1, կ. 50, պ. մ. 296, թ. 1։

[8] ԼՂՀ, ՊԱ, ֆ. 1, ց. 3, կ. 11, պ. մ. 62, թ. 18։

[9] ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 2, կ. 28, պ. մ. 331, թ.65։

[10] ԼՂՀ ՊԱ, ֆ.1, ց.2, կ.28, պ.մ.331, թ.63-64։

[11] ԼՂՀ ՊԱ, ֆ.1, ց.2, կ.28, պ.մ.331, թ.4։

[12] Այդ մասին տե՛ս Օհանջանյան Մ. Անկախության քայլերը. «Սոնա» գրահրատարակչություն, 1998թ., էջ 4, ինչպես նաև Անկախության հանրաքվեից հետո միջազգային դիտորդների կազմած Ակտը։ Այդ մասին վկայում են նաև Էդուարդ Պետրոսյանը, Ռայա Թարխանյանը և այլք։

[13] ԼՂՀ ՊԱ, ֆ.1, ց.2, կ.28, պ.մ.331, թ.7։

[14] ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 2, կ. 28, պ. մ. 331, թ. 63-64։

[15] Այս զարգացումների մասին հեղինակներին պատմել է Յուրի Հովհաննիսյանը, ով այդ ժամանակ եղել է «Արցախ» հայրենակցական միության նախագահը։

[16] ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 1, կ. 50, պ. մ. 296, թ. 1։

[17] Դիտորդների թվում էին նախկին Խորհրդային Հանրապետությունների ներկայացուցիչներ, ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության, Մոսխորհրդի պատգամավորներ, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ու օտար պետությունների ներկայացուցիչներ։

[18] Տե՛ս ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության արխիվ։

[19] Տե՛ս Վարդգես Բաղրյան. Տեսադաշտ։ 1988-1994 (ղարաբաղյան ազատամարտ), Ստեփանակերտ, «Սոնա» գրատուն, 2011, էջ 98, տեսանյութը` Վարդգես Բաղրյանի «Թերթելով պատմության էջերը» ֆիլմաշարի սկավառակ 1, Կողմ Ա, հաղորդում 9։

[20] Տե՛ս Վարդգես Բաղրյան. Տեսադաշտ։ 1988-1994 (ղարաբաղյան ազատամարտ), Ստեփանակերտ, «Սոնա» գրատուն, 2011, էջ 98։ 

[21] Տե՛ս Օհանջանյան Մ., Անկախության քայլերը. «Սոնա» գրահրատարակչություն, 1998, էջ 8։

[22] Де-факто образования постсоветского пространства։ двадцать лет государственного строительства, Аналитические доклады Института Кавказа, №5, январь 2012, С.Маркедонов; Науч. ред. А.Искандарян, Ер., Институт Кавказа, 2012, էջ 120։

[23] http://cecnkr.am

[24] Տե՛ս Армяно-азербайджанский конфликт։ история, право, посредничество / И.М.Маммадов, Т.Ф.Мусаев. 2-е изд.-Тула։ Гриф и К, 2007. - с. 69.

[25] Տե՛ս Карабахский конфликт։ азербайджанский взгляд։ Сборник/сост.։ ИА REGNUM.-М.։ Издательство «Европа», 2006.-с.149

[26] Տե՛ս Ю. Барсегов. Исторические и правовые основания разрешения проблемы Нагорного Карабаха. էջ 13։

[27] Տե՛ս Азербайджан исключил признание результатов референдума 1991 года в Нагорном Карабахе // http://www.vestikavkaza.ru/news/politika/oppoz/32125.html, 27.01.2017.

[28] Խոսքն այն մասին է, որ 1991թ. մարտի 17-ին անց է կացվել հանրաքվե` ԽՍՀՄ` որպես ինքնիշխան հանրապետությունների բարեփոխված դաշնության պահպանման նպատակով, որին մասնակցած ընտրողների ճնշող մեծամասնությունը (70,12 %-ը) կողմ է արտահայտվել։ Սակայն 1991թ. դեկտեմբերին դադարեց գոյություն ունենալ ԽՍՀՄ-ը։ Արդյունքում քաղաքացիները թերահավատորեն էին մոտենում հանրաքվեի` որպես պետական նշանակության հարցերով որոշում ընդունելուն ազդելու միջոցի արդյունավետությանը։ Այս մասին ավելի մանրամասն տե՛ս Каденко В.В. Институт референдума в процессе политико-правовой легитимации основного закона России / Юристь – Правовед, 2009, № 5, էջ 23.

[29] Ադրբեջանի կողմից 1992թ. փետրվարի 16-ին  Ստեփանակերտ  մայրաքաղաքը գնդակոծելու հետևանքով ոչնչացվել է մարզային պետական արխիվի այն մասը, որտեղ պահվում էին նաև «Խորհրդային Ղարաբաղ» թերթի համարները։ Հիշյալ թերթի 1991թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների համարները երկար պրպտումներից հետո չենք գտել նաև ՀՀ ազգային գրադարանում։ Սակայն ԼՂՀ ժողպատգամավորների Խորհրդի գործկոմի որոշումները, ինչպես նաև «ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու մասին» Ժամանակավոր կանոնակարգով պարտադիր հրապարակման ենթակա նյութերը թերթի հայերեն և ռուսերեն համարներում տպագրվելու մասին վկայել են Մաքսիմ Հովհաննիսյանը, Արտաշես Գասպարյանը, Վարդգես Բաղրյանը` նրանց հետ ունեցած զրույցի ժամանակ։

[30] Մասնավորապես տե'ս ԼՂՀ ժողովրդական պատգամավորների Խորհրդի գործոմի թիվ 5/147 որոշումը, 3/150 որոշման 2-րդ կետը, 6/153 որոշման 2-րդ կետը, 1/154 որոշման 2-րդ կետը և այլն։

[31] Այդ որոշումից 2 օր անց ԽՍՀՄ Պետխորհրդի 1991թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ այն ճանաչվել է հակասահմանադրական, ինչը նշանակում էր, որ հիշյալ որոշումը չունի որևէ իրավաբանական ուժ։ Այս մասին տե՛ս «Известия», 28.11.1991г.; А.Манасяан, «Конфликт между Азербайджаном и НКР в прававом контексте распада СССР», «Голос Армении», 16.07.1993г.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter