HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխանական, թե դատական արդարադատություն

Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում դատական համակարգը միշտ եղել է գործադիր իշխանության հսկողության ներքո: Առաջին երեք նախագահները թույլ չեն տվել, որ դատարանները լինեն անկախ, ավելին՝ ստեղծել են այնպիսի պայմաններ, որ դատավորներն անմիջապես լինեն իրենց ազդեցության տակ: Նման պայմաններում կար մի դատավոր, ով 2008թ. մարտի 1-ի գործերով ունեցել է ամենաշատ արդարացումները (հաշվի առնելով, որ այդ գործերով եղել են եզակի արդարացվածներ):

Կարծում եմ դժվար չէ պատկերացնել, թե տվյալ դատավորն ինչպիսի համարձակություն պետք է ունենար, որ այդ գործերով կայացներ արդարացման դատավճիռներ: Հետագայում, այլ գործերով նույնպես, այդ դատավորը ունեցել է բազմաթիվ արդարացման դատավճիռներ:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված աղմկահարույց գործով, որի ժամանակ սպանվել էր Ավետիք Բուդաղյանը, քննիչը Բուդաղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը (սպանության փորձ) կարճել էր մահվան հիմքով, հետագայում վերաքննիչ դատարանը վերացրել էր այդ որոշումը՝ նշելով, որ քննիչը պետք է Ավետիք Բուդաղյանի վերաբերյալ գործը կարճեր արդարացման հիմքով, այլ ոչ թե իր որոշմամբ անձի մեղավորության հարցը լուծեր: Վերաքննիչի այդ դատավորը հենց նույն՝ մարտի 1-ի գործերով ամենաշատ արդարացում ունեցող դատավորն էր: Հնարավոր է շատերի մոտ հարց առաջանա, ով էր այդ համարձակ դատավորը, ով նման որոշումներ էր կայացնում: Այդ դատավորը Ալեքսանդր Ազարյանն էր: Այն նույն դատավորը, ում նկատմամբ հասարակական մեծ ճնշում կիրառվեց Ռոբերտ Քոչարյանի գործի պատճառով: Մեկ այլ դատավոր ևս՝ Դավիթ Բալայանը, ով ամենաշատ արդարացման դատավճիռ կայացրած դատավորներից է, հասարակության կողմից նույնպես ենթարկվեց շատ սուր քննադատության Յուրի Խաճատուրովի և Մանվել Գրիգորյանի գործերի պատճառով: Առհասարակ, նախկին պաշտոնյաների վերաբերյալ քննվող գործերով, եթե դատարանները չեն բավարարում նախաքննական մարմինների կամ դատախազության միջնորդությունները, ենթարկվում են սուր քննադատության:

Նախ, ցանկանում եմ նշել, որ բացառում եմ նախկին պաշտոնյաների կողմից տվյալ դատավորների նկատմամբ ճնշումները, եթե ներկա դրությամբ կա որևէ մեկը, ով կարող է ճնշում գործադրել դատավորների նկատմամբ, ապա դա գործող իշխանությունն է: Այստեղից հետևություն՝ այդ դատավորները գործել են համաձայն իրենց խղճի և ներքին համոզման, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նշված դատավորները նախկին իշխանությունների ժամանակ նույնպես փորձել են լինել անկախ, որքանով, որ հնարավոր է եղել նախկինների օրոք: Թերևս նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ դատավորները փորձում են չդառնալ գործադիր իշխանության գործիքը և նվաճել իրենց անկախությունը: Անկախ նրանից, համաձայն ենք այդ դատական ակտերի հետ, թե ոչ, սխալվել է դատավորը, թե ոչ, այստեղ կա շատ կարևոր գործոն, այն դատավորը, ով ունակ է դիմակայել նման հսկայական ճնշումների և կայացնել իր խղճի ու համոզմունքի համաձայն դատական ակտ, այդ դատավորը անգնահատելի է, նման դատավորներին պետք է աչքի լույսի պես պահել: Այդ դատավորներն են լինելու այն սյունաքարը, որի շուրջ պետք է ձևավորվի անխան և արդար դատական համակարգը: Իսկ այն դատավորները, ովքեր հլու-հնազանդ կատարել են նախկին իշխանությունների կամքը, նույնիսկ չեն փորձել լինել անկախ, այսօր էլ կատարելու են գործող իշխանությունների կամքը, իսկ եթե վաղը իշխանությունը փոխվի, նույն տրամաբանության շարունակելու են կատարել ապագա իշխանության կամքը:

Հիմա շրջադարձային պահ է: Եթե այսօր հանկարծ ջարդենք այն դատավորներին, ովքեր գիտակցում են ԴԱՏԱՎՈՐԻ առաքելության կարևորությունը, ապա երբ կրքերը հանդարտվեն, հայտնվելու ենք փշրանքների առջև, հետագայում մենք դատարաններից արդարություն ենք պահանջելու, բայց արդեն ուշ է լինելու: Դատավորի նկատմամբ ցանկացած ճնշում, եթե նույնիսկ դա սխալ դատական ակտի արդյունք է, դա լինելու է ճնշում ամբողջ դատական համակարգի նկատմամբ: Արդյոք դատական ոլորտում պետք են բարեփոխումներ, միանշանակ, նույնիսկ անձերի փոփոխություն է պետք, սակայն դրա արդյունքում պետք է ունենանք դատարանի անկախություն, այլ ոչ թե դատավորներին ավելի կախվածության մեջ դնենք գործադիր մարմիններից: Դատավորների անկախությունը ուժեղ, ժողովրդավար և երջանիկ երկիր ունենալու նախապայմանն է, առանց որի հնարավոր չէ կառուցել մեր երազած երկիրը:

Ես ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել այն դատավորներին, ովքեր գիտակցում են իրենց կոչման կարևորությունը, ովքեր վճռական են արդար դատական ակտեր կայացնելու, ովքեր պատրաստ են դիմակայել ցանկացած ճնշումների: Ինքս նախկինում տարբեր թե քաղաքական բնույթ ունեցող, թե այլ գործերով ներգրավված լինելով, միշտ հիասթափություն եմ զգացել այն երևույթից, երբ դատավորները իրենց խղճին և օրենքին դեմ գնալով կատարել են քննիչների և դատախազների կամքը (նախկին իշխանությունների թեթև ձեռքի շնորհիվ): Ես չեմ ցանկանում, որ նոր Հայաստանում այլևս լինեն կամակատար դատավորներ, ցանկանում եմ, որ դատավորները գործեն օրենքին և իրենց խղճին համահունչ:     

Ռոբերտ Ռևազյան, փաստաբան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter