
Դատախազի օգնականը կավատի հովանավո՞ր
ՀՀ ոստիկանությունից 2006թ. մարտին Գլխավոր դատախազություն ուղարկված մի գործում քույրեր Գ.-ն եւ Ս.-ն ցուցմունք են տվել, որ Երեւանի բնակիչ Գայանե Դարբինյանն իրենց տարել է Դուբայ, որտեղ էլ նրանք ենթարկվել են սեռական շահագործման: Սակայն նրանք իրենց ցուցմունքներում դժգոհություն չեն հայտնել Գայանեից: Մեր աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ քույրերը դատախազությունում ցուցմունք են տվել, որ իրենց ապօրինաբար երեք օր պահել են Ոստիկանության վեցերորդ վարչությունում եւ ցուցմունք կորզել: Իրենց բողոքում նրանք նաեւ գրել են, որ դատախազության քննիչները նույնպես իրենցից ցուցմունքներ են կորզել: Դատախազության մեր աղբյուրը հայտնեց, որ քույրերին նման դիմում հուշել է գրել Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի օգնականը, որը հովանավորում է կավատ Գայանե Դարբինյանին:
Գլխավոր դատախազության մամլո ծառայությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ Ոստիկանությունից ստացած նյութերի հիման վրա հարուցված է քրեական գործ: Գայանե Դարբինյանը մեղադրվում է ՀՀ քր.օր.-ի 262 հոդվածով (Պոռնկության կազմակերպում): Քննությունը շարունակվում է:
Իսկ Գայանե Դարբինյանի հետ դատախազության աշխատակցի ունեցած կապի մասին մեր հարցմանը որեւէ պարզաբանում չտրվեց:
Քննությամբ պարզվել է, որ երկու քույրերը Դուբայ են մեկնել Երեւանից:
Իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի օգնականը ի պաշտոնե սպասարկում է «Զվարթնոց» օդակայանը: Մեր տեղեկություններով՝ դատախազի օգնականը միջնորդել է այս գործը կարճելու համար, սակայն արդյունքի չի հասել:
Մեկնաբանել