HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յուրացման, կաշառք ստանալու եւ տալու հատկանիշներով քրգործ` ԵՊՀ ղեկավար պաշտոնատար անձի դեմ

Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ համացանցում առկա հրապարակումների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն իրականացրել են համապատասխան ստուգումներ:

Ինչպես հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը, այդ ընթացքում Գլխավոր դատախազությունից ոստիկանություն են ուղարկվել պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների նյութերը: Նյութերում առկա են եղել համալսարանում կատարված առանձնապես խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ: Այդ տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի ընթացքում հայտնաբերվել են մայր բուհում կատարված մի շարք չարաշահումներ: 

Ըստ հաղորդագրության` պարզվել է, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից: Պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խմբային շահերից ելնելով, աշխատակիցների բացակայությունները ոչ միայն չեն արձանագրել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, այլև պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են արձանագրել: Այս ամենի հետևանքով փաստացի աշխատանքի չհաճախած անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18.000.000 դրամը հափշտակվել է:
Պարզվել է նաև, որ Երևանի պետական համալսարանի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին: Այս ապօրինության հետևանքով էլ յուրացվել է 9.200.000 դրամ: 
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության կոռպուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են հրավիրել Երևանի պետական համալսարանի հետ համագործակցած ընկերություններից մեկի փաստացի ղեկավարին: Գլխավոր վարչությունում տրված հաղորդման համաձայն՝ ընկերության փաստացի ղեկավարը համալսարանի ղեկավար պաշտոնատար անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու վերաբերյալ: Մասնավորապես, բուհի ղեկավար պաշտոնատար անձը ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք: Այլ կերպ ասած՝ ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը և առանձնատունը, ինչպես և ջեռուցման համակարգ է տեղադրել: Այս ամենի դիմաց բուհի ղեկավար պաշտոնատար անձը՝ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքել: 

Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով: 
Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter