HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Շտապօգնության վարորդի խոսքով՝ ինքը ՊՊԾ գնդից դուրս հանդիպել է Վովա Գասպարյանին ու Գեորգի Կուտոյանին, ապա նորից վերադարձել այնտեղ

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին այսօր ցուցմունք տվեց տուժող, շտապօգնության վարորդ Լյուդվիգ Չալաբյանը: Վերջինս 2016 թվականի հուլիսի 17-ին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի և բուժքույր Անահիտ Ենգիբարյանի հետ շտապօգնության մեքենայով եկել է ՊՊԾ գունդ, որպեսզի նրանք  բժշկական օգնություն ցուցաբերեն այնտեղ գտնվող անձանց:

Չալաբյանը դատարանում հայտնեց, որ իրեն տուժող չի համարում, չի առարկում, որ այս գործով անցնող անձանց նկատմամբ համաներում կիրառվի:

Տուժողն ասաց, որ ամբաստանյալներին չի ճանաչել, նրանց տեսել է գնդի տարածքում:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին՝ ո՞ր օրն է շտապօգնության իրենց բրիգադը մտել գնդի տարածք, տուժողը պատասխանեց, թե մայիս ամիսն էր, ապա շարունակելով՝ ասաց, թե կոնկրետ չի հիշում:

Հարցին, թե խմբի անդամներն ի՞նչ գործողություններ էին կատարում ներսում, Չալաբյանն ասաց, թե գնում-գալիս էին, ներսում վիրավոր մարդ կար, բժիշկը նրան օգնություն էր ցույց տալիս:

«Երկար ժամանակ օգնություն էին ցույց տալիս բժիշկն ու բուժքույրը. մեկի ճնշումն էր բարձրացել, մեկը վատ էր զգում, խառը օգնություն էին ցույց տալիս»,- ասաց Չալաբյանը:

Տուժողի խոսքով՝ ինքը տեսել է, որ ՊՊԾ գնդի դարպասը կոտրված է եղել, տարածքում  վնասված «ԿռԱԶ» մեքենա է տեսել:

Մեղադրողի հարցին ի պատասխան` Չալաբյանն ասաց, որ գնդի տարածքում գտնվող  խմբի անդամների մոտ զենք է նկատել՝ և՛ ավտոմատ, և՛ ատրճանակ:

Ըստ տուժողի ցուցմունքի՝ գնդի տարածք մտած անձինք պահանջներ էին ներկայացնում Վալերիյ Օսիպյանին և Վարդան Եղիազարյանին, նրանցից ջուր ու ծխախոտ ուզում:

Տուժողը պատմեց, որ ինքը գնդի տարածք է մտել, ապա դուրս եկել ու նորից վերադարձել,  ասաց, որ իրեն տարել են Էրեբունու ոստիկանապետի, ապա Վլադիմիր Գասպարյանի և ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի մոտ:

«Տարան Գասպարյան Վովայի, Կուտիկյանի (նկատի ունի ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին-հեղ.) մոտ, հարցրին՝ կարա՞ս էլի մտնես գունդ, ասացի՝ հա, բա՝ չես վախենու՞մ, ասացի, որ չեմ վախենում, որ տղերքը մեզ հետ շատ նորմալ են վարվել, մեզ բան չեն ասել: Ասացին` կարա՞ս Ալեք Ենիգոմշյանին մտցնես գունդ, ասացի՝ հա: Մտել եմ Ալեք Ենգիոմշյանի թևը, գնացել գունդ, ու դրանից հետո մենք դուրս ենք եկել»,- պատմեց Չալաբյանը:

Նշենք, որ Չալաբյանը, բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանն ու բուժքույր Անահիտ Ենգիբարյանը գնդի տարածքից դուրս են եկել այն ժամանակ, երբ նրանց փոխարինող շտապօգնության բրիգադ է գնացել ՊՊԾ գունդ:

Հարցին՝ մինչև շտապօգնության բրիգադի ներկայանալն իրենք կարո՞ղ էին գնդից դուրս գալ, Չալաբյանը պատասխանեց, որ չէին կարող:

Վարուժան Ավետիսյանը նրան հարցրեց՝ տուժողն անձամբ դիմե՞լ է իրենց, որպեսզի գնդի տարածքից դուս գա և իրեն մերժե՞լ են: Ի պատասխան` Չալաբյանն ասաց, որ իրենց դիմել է Շտապօգնության բժիշկը և նրան ասել են, որ դուրս կգան, պետք է համբերեն:

Հարցին` վիրավոր ոստիկանին բուժօգնություն ցույց տվե՞լ եք, Չալաբյանը պատասխանեց, որ ինքը վիրավոր ոստիկան չի տեսել: «Մենք որ եկել ենք, վիրավոր ոստիկանին արդեն տեղափոխել էին»,- ասաց Չալաբյանը:

Պաշտպան Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց՝ Չալաբյանն իր նախաձեռնությա՞մբ է հանդիպել Վլադիմիր Գասպարյանի հետ, որը գնդի գրավման ժամանակ Հայաստանի ոստիկանապետն էր: Չալաբյանն ասաց, որ նախաձեռնությունն իրենը չի եղել:

«Սկզբից ինձ տարան Էրեբունու ոստիկանություն՝ միլպետի մոտ. ազգանունը Հակոբյան էր, այնտեղ նկարներ ցույց տվեցին, հարցրին` հո մեզ  չեն նեղել, ասացի՝ չէ, հետո՝ բա, լավ, սպասի, մեկ էլ մի տղու հետ ինձ ուղեկցեցին Խորենացու վրա ինչ-որ տեղ, տարան Գասպարյան Վովայի մոտ: Նա նկարներ ցույց տվեց, հարցուփորձ արեց, հետո՝ բա սպասի: Հետո տարան ուրիշ կաբինետ՝ Կուտիկյանի (Կուտոյան-հեղ.) մոտ, նորից նույն հարցերն ու նույն պատասխանները»,- պատմեց Չալաբյանը:

Փոստանջյանի հարցին` ի՞նչ նկարներ էին իրեն ցույց տալիս, տուժողը պատասխանեց, որ ցույց էին տալիս այն, ինչ նկարել էին գնդի տարածքում: Ըստ Չալաբյանի՝ այն բանից հետո, երբ իրեն հարցրել են՝ անհրաժեշտության դեպքում ինքը կարո՞ղ է նորից գնդի տարածք մտնել և ինքն ասել է, որ կարող է, իրեն կրկին տարել են Էրեբունու ոստիկանություն, որտեղ եղել է Ալեք Ենիգոմշյանը.

«Ասացին՝ իրեն պետք է մտցնես գունդ, կարա՞ս, ասացի՝ հա, մեզ նստեցրել են մեքենա, որոշ տեղ բերել, իջել ենք, մտել եմ թևը ու մտել գունդ: Դրանից հետո մենք դուրս ենք եկել»,- ասաց Լյուդվիգ Չալաբյանն ու նշեց, որ դա այն ժամանակահատվածն էր, երբ շտապօգնության մյուս բրիգադն արդեն եկել էր գնդի տարածք, ու իրենց ասել էին, որ կարող են գնալ:

Չալաբյանի հարցաքննությունն ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter