HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

ՄԻԵԴ-ի վճիռները հնարավորություն են տալիս վերանայելու Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչների դատական գործերը

Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած 6 վճիռները հնարավորություն են տալիս վերանայելու Լոռու մարզի Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչների սեփական հողատարածքները բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու հայցերով քննված բոլոր դատական գործերը։ Այդ մասին հայտնեց սեփականատերերի անունից Եվրոպական դատարան դիմումներ ներկայացրած փաստաբան Կարեն Թումանյանը:

Ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռներով ՄԻԵԴ-ը ճանաչեց Շնողի 5 եւ Թեղուտի 1 բնակչի սեփականության եւ գույքային իրավունքի խախտումը: Այդ վճիռները նոր երեւան եկած հանգամանք են Թեղուտ եւ Շնող գյուղերի բոլոր այն սեփականատերերի գործերով, որոնց հողերը դատարանի վճռով հանձնվեցին «Թեղուտ» ՓԲԸ-ին: Փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում է դիմել դատարան՝ գործերի վերաբացման վարույթներ սկսելու համար։

Նշենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի հայցի հիման վրա 2008-09 թթ.-ին 105 գործ է քննվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Սակայն հողի սեփականատերերից 12 հոգի է ցանկացել դիմել ՄԻԵԴ: Փաստաբան Կ. Թումանյանը հայտնեց, որ դիմումներից 2-ի ընդունումը ՄԻԵԴ-ը մերժել էր, 10 դիմումից 8-ը կոմունիկացրել էր, եւ արդեն 7 գործով կայացրել է վճիռ՝ ճանաչելով դիմողների սեփականության իրավունքի խախտումը: Այս գործերով առաջին վճիռը անցյալ տարի է կայացվել, վերջին 2 դիմումները դեռեւս չեն կոմունիկացվել:

Հիշեցնենք, որ Կառավարությունը 2007 թ նոյեմբերի 1-ի թիվ 1279-Ն որոշումով Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու, հանքահարստացուցիչ համալիր կառուցելու համար Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչների սեփական հողատարածքները բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչեց: Գյուղացիներից վերցրին գյուղատնտեսական նշանակության 81,483 հեկտար վարելահող, խոտհարք, բազմամյա տնկարք։

Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված հողատարածքների սեփականության ձեռք բերող էր հանդիսանում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն կամ նրա որոշմամբ Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հիմնադրված «Թեղուտ» ՓԲԸ-ն։ Անշարժ գույքի գնահատումն իրականացրել էր «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ն հետեւյալ սկզբունքով՝ անշարժ գույքի գնահատված շուկայական արժեք եւ 15 % հավելման հանրագումար հաշվարկով:

«Թեղուտ» ՓԲԸ-ն հայցեր էր ներկայացրել այն գյուղացիների դեմ, որոնք չեն համաձայնել գնահատված արժեքի հետ եւ հրաժարվել են ընկերության հետ անշարժ գույքի վաճառքի պայմանագիր կնքել։ Ընկերությունը սեփականատերերին պատկանող հողամասի շուկայական արժեքը` այդ գումարի 15 % հավելումով, փոխանցել էր Լոռու մարզի Թումանյանի տարածքային նոտարի դեպոզիտ հաշվին եւ այդ մասին տեղեկացրել նրանց: Սակայն գյուղացիները հրաժարվել էին գումարը ստանալուց, ընկերությունը դիմել էր դատարան՝ հարկադրելով օտարման պայմանագրեր կնքել:

Դատարանում սեփականատերերի հիմնական առարկությունը փոխհատուցման չափին է վերաբերել։ Նրանք հայտնել են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն ակնհայտորեն ցածր է գնահատել իրենց սեփականությունը։ Իրենք հողը օտարելու ցանկություն չունեն, որովհետեւ այդ դեպքում իրենց ընտանիքները կզրկվեն եկամտից, իսկ դա կարող է կործանարար լինել իրենց համար: Բացի այդ, ընկերությունը չի գնահատել եւ փոխհատուցում չի առաջարկել հողերում առկա բարելավումների համար` մետաղյա ցանկապատ, տնակ եւ այլն։ Հաճախ բազմամյա տնկարքը փաստաթղթերում նշվել է խոտհարք, ջրովի հողամասը փորձագետի նկարագրության մեջ նշվել է անջրդի, տնկարքի նկարագրության մեջ նշված չէ այգու ծառերի քանակը, լուսանկարներում պատկերվածը իր հողամասը չէ եւ այլն: Այդ «սխալները» փոխել են գույքի արժեքը՝ նվազեցվել է փոխհատուցման չափը:

Այդ սխալների հիմքով որոշ գործերով վերաքննիչ դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի վճիռները եւ կրկին ուղարկել նոր քննության: Սակայն, դրանց արդյունքում դատարանը միայն վերը նշված սխալների ուղղում է կատարել եւ բավարարելով «Թեղուտ» ՓԲԸ-ի հայցերը՝ ընկերությանը պարտավորեցրել է Թումանյանի տարածքային նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցել համարժեք փոխհատուցման ենթակա գումարի պակասող մասը: Իսկ ընդհանրապես դատարանը համարժեք է համարել օտարվող գույքի շուկայական արժեքին 15 % հավելումով փոխհատուցումը:

Այս գործերով վճռաբեկ բողոքները վերադարձվել են, որից հետո դատարանում գյուղացիների շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Թումանյանը նրանց անունից սեփականութան իրավունքի եւ արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքերով դիմումներ է ներկայացրել ՄԻԵԴ:

Այսպիսով՝ Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչները ոչ միայն իրենց սեփականությունը կորցրին, այլեւ 10 տարի հետո, Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործումը դադարեցվելու հետեւանքով կորցրին իրենց աշխատանքը: 2018 թ.-ին «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, հանքավայրը շահագործելուց մոտ 4 տարի հետո, հայտարարեց աշխատողներին կրճատելու մասին՝ խոստանալով «ընկերության առջեւ ծառացած խնդիրների լուծումից հետո» արագ վերագործարկել արտադրությունը՝  առաջին հերթին աշխատանքի հրավիրելով կրճատված անձանց։

«Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությունը հայտարարեց, որ 2018 թ.-ի հունվարի 31-ի դրությամբ ընկերության աշխատողների թվաքանակը կազմել է 1190 հոգի։ Կրճատումներից հետո կկազմի շուրջ 300 հոգի, որոնք ամբողջությամբ զբաղված կլինեն ընկերության տարածքի ու գույքի պահպանությամբ, ինչպես նաեւ հատուկ խնամք պահանջող բարդ սարաքավորումների սպասարկմամբ։

Մինչդեռ 12 տարի առաջ, երբ Կառավարությունը կայացնում էր Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչների սեփական հողատարածքները բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու թիվ 1279-Ն որոշումը, հիմնավորում էր՝ ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

  • ծրագրի իրականացումը կապահովի Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման ծավալների էական աճ,
  • ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter