Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախյան շարժման տարեդարձի առթիվ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախյան շարժման տարեդարձի առթիվ ուղերձ է հղել: Հիշեցնենք Ռոբերտ Քոչարյանը 2018-ի դեկտեմբերի 7-ից կալանքի տակ է, մեղադրվում է 2008-ի նախագահական ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական 2rd.am էջում։ Այն ներկայացնում ենք նույնությամբ.
«Սիրելի հայրենակիցներ,
Ցավոք, միայն շնորհավորելու և օրը ևս մեկ անգամ արժևորելու պատճառով չէ, որ դիմում եմ ձեզ: Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին։ Նրանք նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում խարխլելու ազգային միասնությունը, սեպ խրելու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև, արժեզրկելու մեր պատմությունն ու հերոսներին, թուլացնելու մեր հաղթանակած բանակի ոգին: Եվ նշանակություն չունի՝ այդ ամենն արվում է արտաքին ուղեվարի դրդմամբ, կամ ելնելով գաղափարական հոգեհայրերի հայացքներից, կամ էլ պարզապես սեփական բարդույթները հաղթահարելու համար: Միևնույն է՝ բոլոր դեպքերում դա տանում է մեզ դեպի ղարաբաղյան հաղթանակների իմաստազրկում, այն է` դեպի անխուսափելի կորուստներ, որոնք կործանարար են լինելու մեր պետականության համար:
Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել։ Մեր երկու պետությունների առաջ կանգնած մարտահրավերներն օր օրի ահագնանում են: Դրանց դիմակայելու համար մեզ երկրի զարգացման տեսլական և կուռ միասնություն է անհրաժեշտ: Ատելության քարոզը, ազգային արժեքների փաստացի վերանայումը, պետական համակարգի քայքայումը, ինչպես նաև միակողմանի «խաղաղասեր» արտաքին քաղաքականությունը կործանարար են մեզ համար: Մի քանի դիլետանտների կողմից երկիրը փորձադաշտի վերածելու ծանրագույն հետևանքների հաղթահարման հնարավորություն կարող է և չունենանք»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել