HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2018 թվականին տնտեսական աճն ապահովել են հիմնականում առևտուրն ու ծառայությունները

Տնտեսական աճը` համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հավելաճը, 2018 թվականին նախորդ տարվա համեմատ Հայաստանում կազմել է 5.2 %: Ցուցանիշն այսօր հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։

2018 թվականին ՀՆԱ-ի ծավալը կազմել է 6 տրլն 2 մլրդ 748 մլն դրամ (ընթացիկ գներով)։

Տարվա առաջին երկու եռամսյակներում ՀՆԱ-ի աճը ավելի բարձր տեմպեր է գրանցել, քան հաջորդող երկու եռամսյակներում։ Այսպես, առաջին եռամսյակում ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 9.9 %, երկրորդում՝ 7.4 %, երրորդում՝ 2.5 % և չորրորդում այն փոքր-ինչ արագացել է՝ 3.4 %: Արդյունքում, տարեկան տվյալներով` աճը կազմել է 5.2 %:

Առևտուրն ու ծառայությունները ապահովել են ՀՆԱ-ի կեսից ավելին

ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն առևտուրն ու ծառայությունները, որոնք ապահովել են ներքին արդյունքի կեսից ավելին՝ 53.3 %-ը։ Արդյունաբերության կշիռը 17.5 % է, իսկ գյուղատնտեսությանը՝ 13.7 %:

Համախառն ներքին արդյունքի ծավալը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև ՖՄԱՉԾ-ն (ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները)։

Առևտրի և ծառայությունների ոլորտում իրական ծավալների աճը 2018 թվականին կազմել է 9.6 %, արդյունաբերության ոլորտում՝ 4.1 %, շինարարության ոլորտում՝ 1.6 %, իսկ գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել՝ 8.5 %: Ինչ վերաբերում է արտադրանքի հարկերին (հանած սուբսիդիաները), ապա դրանք ավելացել են 8 %-ով։

2018 թվականին 5.2 % ՀՆԱ-ի աճին ամենաշատը նպաստել են առևտուրն ու ծառայությունները՝ 5.1 տոկոսային կետով։ ՀՆԱ-ի հավելաճին արդյունաբերության նպաստման չափը բավականին փոքր է, շինարարության չափը՝ գրեթե զրոյական։ Իսկ գյուղատնտեսությունը բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական աճի վրա։

Վիճակագրական կոմիտեն ավելի վաղ հրապարակել էր Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի համար, այն կազմել է 5.8 %։ Այսինքն՝ ՏԱՑ-ի աճը 0.6 տոկոսային կետով ավելի բարձր է, քան ՀՆԱ-ի աճը։ Պատճառն այն է, որ ՏԱՑ-ի և ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդոբանությունները տարբեր են։ Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի (որն ունի եռամսյակային և տարեկան պարբերականություն) ՏԱՑ-ը ներկայացվում է ամեն ամիս և բնութագրում է տնտեսությունում ապրանքների և ծառայությունների թողարկման ծավալների փոփոխությունը, այլ ոչ թե ավելացված արժեքի փոփոխությունը: Բացի այդ, ամսական ՏԱՑ-ը չի ընդգրկում արտադրանքի զուտ հարկերը և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները (ՖՄԱՉԾ), որոնք ներառվում են եռամսյակային և տարեկան ՀՆԱ-ի արտադրական եղանակով հաշվարկներում:

Հավելենք, որ 2018 թվականին Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, որը ներկայացվում է շուկայական գներով, կազմել է շուրջ 2 մլն 22 հազ. դրամ կամ 4.2 հազ. ԱՄՆ դոլար։ 2017 թվականին այն կազմել է շուրջ 1 մլն 873 հազ. դրամ կամ 3.88 հազ. ԱՄՆ դոլար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter