HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը պարտվել է ՄԻԵԴ-ում

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտվել է «Դադայանն ընդդեմ Հայաստանի» գործով:

2018 թվականի սեպտեմբերի 6-ի վճռի պահանջները կատարելու նպատակով կառավարությունը իր պահուստային ֆոնդից որպես փոխհատուցում պետք է վճարի 3400 եվրոյին համարժեք դրամ: Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստին:

ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 6-ին, իսկ հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը մարտի 6-ն է:

Գործի փաստական հանգամանքները

Կառավարության որոշման նախագծում ասվում է, որ 2010 թվականի մարտի 11-ին երկու անձ՝ Ս.Թ.-ն և Հ.Օ.-ն, Թբիլիսիում ձերբակալվել են Վրաստանի իրավապահ մարմինների կողմից, երբ փորձել են իրացնել 15 գ հարստացված ուրան, որը նրանք նույն օրը գնացքով փոխադրել էին Հայաստանից:

Ապրիլին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն է ստացել Վրաստանի իշխանություններից, որ Ս.Թ.-ն և Հ.Օ.-ն ռադիոակտիվ նյութը ստացել էին դիմումատուից՝ Հայաստանի քաղաքացուց: Վերջինիս առնչությամբ քրեական վարույթ է հարուցվել:

Նույն օրը դիմումատուն ձերբակալվել է Ս.Թ.-ին և Հ.Օ.-ին հանցանք կատարելու մեջ օժանդակելու և դրդելու կասկածանքով, այնուհետև նրան մեղադրանք է առաջադրվել: Սակայն դիմումատուն չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

2010 թվականի ապրիլի 28-ին Հ.Օ.-ն որպես վկա հարցաքննվել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունում: Նա հայտնել է, որ, դիմումատուն տվել է իրեն 1 գ ռադիոակտիվ նյութ 2002 կամ 2003 թվականին: 2010 թվականի մարտի սկզբին Ռուսաստանի դաշնությունում գտնվող դիմումատուին Հ.Օ.-ն և Ս.Թ.-ն հարցրել են՝ արդյոք ի վիճակի կլինի ձեռք բերել ռադիոակտիվ նյութեր: Զրույցի ընթացքում դիմումատուն հետաքրքրվել էր նման նյութի մեկ գրամի համար առաջարկված գնի մասին: Հաջորդ օրը զանգահարել է Հ.Օ.-ին և առաջարկել պահանջվող ռադիոակտիվ նյութը բերել Հայաստան: Քանի որ դիմումատուն Հայաստան հասնելու միջոցներ չի ունեցել, ճանապարհածախսի գումարը նրանք են փոխանցել: Մի քանի օր անց դիմումատուն ժամանել է Հայաստան և տվել ռադիոակտիվ նյութը Հ.Օ.-ին՝ պայմանավորվելով, որ Հ.Օ.-ն կվճարի դիմումատուին գործարքից հետո:

Ս.Թ.-ն նույնպես որպես վկա հարցաքննվել է և հայտնել, որ գնացել է Հայաստան և խնդրել Հ.Օ.-ին գտնել դիմումատուին, որպեսզի վերջինս նրանց կարողանա ուրան տրամադրել: Այնուհետև Հ.Օ.-ն ռադիոակտիվ նյութը հետ է բերել Վրաստան և հայտնել, որ այն վերցրել է դիմումատուից:

2010 թվականի դեկտեմբերի 8-ին ներկայացվել է վերջնական մեղադրական եզրակացությունը, և գործը դատական քննության համար փոխանցվել է Տավուշի մարզային դատարան: Այն հիմնվել է Ս.Թ.-ի և Հ.Օ.-ի կողմից Վրաստանում տրված ցուցմունքների վրա:

Մարզային դատարանում կայացած նիստերից մեկի ընթացքում դիմումատուն Վրաստանի բանտից Ս.Թ.-ին և Հ.Օ.-ին ժամանակավոր փոխադրելու միջնորդություն է ներկայացրել, որպեսզի հնարավոր լիներ նրանց հարցաքննել դատական քննության ընթացքում: Միջնորդությունը բավարարվել է:

2011 թվականի ապրիլի 29-ի գրությամբ Վրաստանի արդարադատության նախարարությունը մերժել է խնդրանքը՝ պատճառաբանությամբ, որ փոխադրման ենթակա անձի ներկայությունն անհրաժեշտ է, եթե հայցվող կողմի տարածքում է քրեական վարույթն իրականացվում:

2011 թվականի մայիսի 6-ին դիմումատուի ներկայացուցիչը Մարզային դատարանին իր համաձայնությունն է տվել շարունակելու գործի քննությունը նույնիսկ այն պարագայում, երբ Ս.Թ.-ին և Հ.Օ.-ին հնարավոր չլինի փոխադրել Հայաստան, քանի որ դիմումատուն հիվանդ էր: Դիմումատուն դատարանին խնդրել է իր վճռում որպես հիմք չընդունել չներկայացած վկաների կողմից Վրաստանում տրված ցուցմունքները:

2011 թվականի մայիսի 25-ին Մարզային դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել և դատապարտել յոթ տարի ժամկետով ազատազրկման, ինչպես նաև որոշում կայացրել նրա գույքը բռնագրավելու մասին՝ որպես հիմք ընդունելով Ս.Թ.-ի և Հ.Օ.-ի տված ցուցմունքները:

Դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ բողոքելով դատական քննության ժամանակ Ս.Թ.-ին և Հ.Օ.-ին խաչաձև հարցաքննելու հնարավորության բացակայության մասով: Սակայն 2011 թվականի հուլիսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել դիմումատուի մեղադրական դատավճիռը։

Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք: Վճռաբեկ դատարանը հիմքերի բացակայության պատճառով անընդունելի է ճանաչել դիմումատուի վճռաբեկ բողոքը:

Գործի վերաբերյալ ի՞նչ է հայտնել ՄԻԵԴ-ը

Անդրադառնալով չներկայացած վկաներ Ս.Թ.-ի և Հ.Օ.-ի գրավոր ցուցմունքներին՝ Եվրոպական դատարանը նշել է, որ արդար դատաքննության պահանջներից մեկն այն է, որ մեղադրյալին տրվի վկայի՝ իր դեմ տված ցուցմունքը վիճարկել կամ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննել: Դատարանի հաղորդմամբ՝ դատավորը գործի վերաբերյալ վերջնական որոշում է կայացնելու նաև վկայի վարքագիծը դիտարկելով:

ՄԻԵԴ-ը հայտնել, է որ Ս.Թ.-ի և Հ.Օ.-ի՝ դատական քննությանը չներկայանալու պատճառը Վրաստանի արդարադատության նախարարությունը մերժել է պատճառաբանությամբ, որ այդ ժամանակ նրանց մեղադրական դատավճիռները դեռևս ենթակա էին վճռաբեկ կարգով բողոքարկման: Այդուհանդերձ, Եվրոպական դատարանն ուշագրավ է համարել այն փաստը, որ այդ տեղեկատվությունն ստանալուց հետո առաջին ատյանի դատարանը չի ձեռնարկել որևէ այլ փորձ՝ պարզելու համար, թե Ս.Թ.-ի և Հ.Օ.-ի մեղադրական դատավճիռները երբ կդառնան վերջնական, երբ և արդյոք նրանք կարող էին հետագայում փոխադրվել Հայաստան՝ դատական քննության համար. «Ըստ երևույթին, նաև չեն դիտարկվել դիմումատուին՝ վկաներին հարցաքննելու հնարավորություն տալու այլ միջոցներ»:

Եվրոպական դատարանը նշել է, որ Ս.Թ.-ի և Հ.Օ.-ի ցուցմունքները հիմնարար նշանակություն ունեին և վճռորոշ էին գործի համար, սակայն դրանք գործի միակ ապացույցը չէին. «Նման հանգամանքներում Մարզային դատարանի կողմից Ս.Թ.-ին և Հ.Օ.-ին, որոնց ցուցմունքները հետագայում օգտագործվել են դիմումատուի դեմ, անձամբ չլսելը կարող էր էականորեն ազդել դիմումատուի պաշտպանության իրավունքների վրա»,- եզրահանգել է ՄԻԵԴ-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter