HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարանա/Gharana. հայ-հնդկական երաժշտական համագործակցություն էթնո-ֆյուժն ժողովրդական ոճում

«Գարանա»/Gharana ֆյուժն բենդը ներկայացնում է հայ-հնդկական առաջին համագործակցությունը էթնո-ֆյուժն ժողովրդական ոճում: Այստեղ հնդկական ելևէջներին հայկական շունչ է հաղորդում դուդուկը և հակառակը՝ Կոմիտասը հնչում է հնդկական մեղեդայնությամբ: Որոշ ստեղծագործություններում առկա են նաև արաբական երաժշտական էլեմենտներ: Այսպիսով՝ տարբեր երաժշտական մշակույթների միքս՝ մեկ բեմում:

«Գարանա»-ն ստեղծվել է 2006 թվականին Հնդկաստանում: Խմբի երեք անդամներն էին Սուսնաթա Հարը (էթնիկ կիթառ), Գուրպրեետ Սինխը (բանսուրի) և Օնկար Սինխը (տաբլա): Հնդկական դասական ռագաներ կատարող խումբը ելույթներ է ունեցել Հնդկաստանի 35 քաղաքներում և 12 այլ երկրներում (Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Լատվիա, Էստոնիա, Լիտվա, Նոր Զելանդիա, Շրի Լանկա, Նեպալ և այլն):

2016 թվականին բենդը համերգային շրջագայութամբ եկել է Հայաստան:


Հատված 2016թ. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցած համերգից

Խմբի հիմնադիրը՝ Սուսնաթա Հարը, Հայաստանում անցկացրած 3 շաբաթների ընթացքում հասցրել էր շատ ընկերներ ձեռք բերել: Հանդիպել էր երաժիշտ Արա Գևորգյանի հետ, վերջինիս օգնությամբ ծանոթացել հայկական երաժշտությանը: Սուսնաթային հատկապես տպավորել էր հայկական դուդուկի ձայնը: Իսկ Հնդկաստան վերադառնալուց հետո սկսել էր առավել խորը ուսումնասիրել հայկական երաժշտությունը:

«Հայաստանը շատ գեղեցիկ է, այն շատ հարազատ է իմ հոգուն: Մեր համերգային շրջագայության ընթացքում ես սիրահարվեցի հայերին և այն ամենին, ինչ կապված է Հայաստանի հետ: Մեզ մոտ՝ Կալկաթայում, հայկական փողոց կա: Փոքր տարիքում ես շատ եմ եղել այնտեղ: Կալկաթայում հայկական եկեղեցիներ կան և փոքրիկ հայ համայնք»,- ասում է Սուսնաթա Հարը:

2018 թվականին նա, ի վերջո, որոշեց վերադառնալ Հայաստան՝ հայ-հնդկական համատեղ երաժշտական նախագիծ իրականացնելու համար: Բենդը կրեց նույն անունը, սակայն անդամները փոխվեցին՝ Սուսնաթա Հար (էթնիկ կիթառ), Նելլի Մանուկյան (դաշնամուր/ստեղնաշարային գործիքներ), Արսեն Պետրոսյան (դուդուկ), Էդուարդ Հարությունյան (հարվածային գործիքներ):

Բենդը այս կազմով իր առաջին ելույթն ունեցել է 2018թ. դեկտեմբերի 1-ին Դիլիջանում:

Նելլի Մանուկյանը խմբի կազմում պետք է ֆլեյտա նվագեր, սակայն վերջնական որոշումը կանգ առավ ստեղնաշարային գործիքների վրա: 

Խմբի անդամները հասցրել են ընկերանալ: Համատեղ աշխատանքում միայն մեկ հիմնական դժվարություն կա.

«Սուսնաթան մեր դասական նոտագրությանը ծանոթ չէ: Նա իր ձևով է գրում երաժշտությունը: Այդ ամենը թարգմանելը մի փոքր երկարացնում է աշխատանքը, ինչը, երբեմն, ամուր նյարդեր է պահանջում»,- ասում է հարվածային գործիքներ նվագող Էդուարդ Հարությունյանը:

«Գարանայի» ստեղծագործությունների մեծ մասը նույնն է մնացել, սակայն, կախված նոր գործիքակազմից՝ հնչողությունը ամբողջովին այլ է: Խումբը ծրագրում է առաջիկայում այլ երաժշտական միքսեր ստեղծել: Հնարավոր է՝ նաև այլ գործիքներ ավելանան (օրինակ՝ քանոն, քամանչա):

«Ես կցանկանայի, որ մենք կարողանայինք տարբեր երկրներում ներկայանալ՝ որպես հայ-հնդկական համատեղ խումբ»,- ասում է Սուսնաթա Հարը: Կարծում է՝ մարդիկ կարող են լսել տարբեր տեսակի երաժշտություն, բայց հավատում է, որ նրանք կսիրեն «Գարանա» ֆյուժն բենդի հնչյունները:  


Հատված Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցած համերգից

Հեղինակ՝ Հռիփսիմե Հայրապետյան, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter