HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրաինտեգրման տապալումը և ազգայնականությունը. Թուրքիայի օրինակը

Ռուբինա Լալայան

ՄԱՀՀԻ XVIII ժողովրդավարության դպրոցի շրջանավարտ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոն

Ռեջեպ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունն արդեն իսկ 16 տարի է՝ կառավարում է Թուրքիան՝ իշխանության գալով 2002թ.-ից: Շատերին թվում էր, թե նա պատրաստ էր երկիրը տանելու դեպի Եվրոպա (արժեքային իմաստով) և Եվրոպական Միություն՝ հետևելով Կոպենհագենյան չափանիշներին, որոնք պարտադիր պայման են ԵՄ անդամակցել ցանկացող յուրաքանչյուր պետության համար։ 2005-2015թթ․ ԵՄ ներկայացուցիչների հետ տևած բանակցությունները, ի վերջո, չհանգեցրեցին ոչ մի արդյունքի, և Թուրքիան փաստացի սառեցրեց ԵՄ-ին անդամակցության իր մտադրությունը, որի հայտը ներկայացրել էր դեռ 1987թ.։

2015թ. Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը բառացիորեն հայտարարեց, որ «իրենց այլևս չի հուզում ԵՄ անդամակցությունը, և եթե եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ Թուրքիան խնդրելու է իրեն ընդունել իրենց Միություն, ապա նրանք չարաչար սխալվում են», թեպետ իրականում դեմ չէ թարմացնել ԵՄ-ի հետ Մաքսային միության համաձայնագիրը։

Թեպետ 2015թ․դրությամբ Թուրքիան կատարել էր Կոպենհագենյան չափանիշների գրեթե 65%-ը, միևնույն է, երկրում բացակայում էր լիակատար ժողովրդավարությունը։ Ժողովրդավարական անկատարության ուղիղ ապացույցներից էր Սահմանադրության 301 հոդվածը, որը «բացառում է թուրքական ինքնության վիրավորումը», ինչը բազմիցս քննադատել էին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որոնք ԵՄ-ում Թուրքիայի հիմնական հակառակորդներն են։

ԵՄ անդամակցության տապալված փորձից հետո Էրդողանը և իր կուսակցությունն ավելի ինտենսիվ դարձրեցին Թուրքիայի իսլամականացման և ազգայնականացման գործընթացը։ Հանրության առջև ունեցած իր բազում ելույթներում Էրդողանը մշտապես հանդես է եկել ազգայնական և հրահրող կոչերով։ Մշտապես փորձելով դառնալ տարածաշրջանային «խոշոր խաղացող» պետություն, որը կապող օղակ է Արևմուտքի ու Մերձավոր Արևելքի միջև, միջամտելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող տարբեր կոնֆլիկտների՝ Թուրքիան ձգտել է իր ազդեցության տակ վերցնել ողջ իսլամական աշխարհը։

Էրդողանն իր ազգին «ցույց է տվել Թուրքիայի և թուրք ազգի կարևորությունն աշխարհում»։ Բազմիցս կրկնելով այնպիսի մտքեր, ինչպիսիք են, օրինակ՝ «նրանք չեն կարող անտեսել մեզ», «մենք նրանց ցույց կտանք», «մենք պատրաստ ենք կռվի», «մենք ենք որոշում» և այլն, նման հայտարարություններ, իրենց խորն ազդեցությունն են ունեցել հասարակության ենթագիտակցության մեջ՝ նրա մեջ սերմանելով «կարևոր» և «որոշող» լինելու զգացումը։ Նման կոչերն ուղղակի և անուղղակի ազդել են հասարակության վրա և ինքնաբերաբար սնուցել ազգայնամոլների հոծ բազմությանը։ Ընդունված է կարծել, որ 2016թ. հեղաշրջման տապալված փորձից հետո էրդողանականների և ազգայնամոլների թիվը կտրուկ բարձրացել է, որի հարցում առանցքային դերակատարում է ունեցել «հզոր Թուրքիայի արտաքին թշնամիների» կերպարի ստեղծումը:

Ազգայնամոլությունը, ազգայնականությունը և էրդողանապաշտությունը հարևան Թուրքիայում գնալով զարգանում են՝ փոխադարձաբար սնուցելով միմյանց։ Մշտապես հանդես գալով երկրում ծնելիության մասին կոչերով՝ Էրդողանը հորդորում է թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում բնակվող իր ազգակից կանանց ունենալ շատ երեխաներ, պահպանել սեփական «թրքությունը» և կրթել նրանց թուրքական արժեքներին համապատասխան։ Որոշ կանխատեսումներով՝ մինչև 2070թ․ Թուրքիան կունենա մոտ 110 մլն բնակչություն։

Ցանկացած բացասական իրադարձություն կամ զարգացում, որը տեղի է ունենում հարևան երկրներում, ուղղակի կամ անուղղակի իր ազդեցությունն է ունենում նաև Հայաստանի վրա։ Թուրքիայի վերոնշյալ զարգացումները նույնպես բացառություն չեն։ Ազգայնամոլության զարգացումը Թուրքիայում ուղղակիորեն ազդում է Հայաստանի, օրինակ, նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացի վրա: Ինչպես հայտնի է, Թուրքիան Հայաստանի հետ կապված գործընթացներում մշտապես պաշտպանել է կրտսեր եղբոր ու դաշնակցի՝ Ադրբեջանի շահերը՝ դրանք ստորադասելով Հայաստանի հետ հարաբերություններում իր մյուս շահերին։ Նույնիսկ վերջերս, երբ Հայաստանի նոր իշխանությունները հայտարարեցին առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունների նորմալացման բանակցային գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամության մասին, Թուրքիայից հնչած արձագանքը նորից դրա հեռանկարը մտցրեց երկարաժամկետ փակուղի. ոչ միայն Թուրքիայի ադրբեջանական լոբբին կամ ադրբեջանամետ խմբերը, այլև դրա հետ մեկտեղ ազգայնամոլական շրջանակներն այս հարցում տակավին գործում են ձեռք ձեռքի տված:

Թուրքիան բազմիցս ցույց է տվել, որ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունն ու մարդու իրավունքներն ավելի ստորակա են, քան այդ երկրի ազգայնամոլական կամ ծավալապաշտական շահերը։ Պատահականություն չէ, որ առաջինները լրջորեն վտանգվել են նման գերակայություններով առաջնորդվող Էրդողանի կառավարման տարիներին: Քննադատների մի զգալի մասը, լինի սովորական քաղաքացի կամ պաշտոնյա, ով կխիզախի որևէ բացասական արտահայտություն թույլ տալ Էրդողանի հասցեին, կորակվի որպես ահաբեկիչ և հանրության համար վտանգավոր անհատ, ապա անժամկետ կնետվի բանտախուց։ Այսպիսով, երկրում արդեն տիրում է անձի պաշտամունքը, իսկ որոշ թուրքագետների կանխատեսմամբ՝ Էրդողանը նպատակ ունի դառնալ Թուրքիայի 2-րդ «Աթաթուրքը»։ Էրդողանիզմն արդեն հասցրել է լայն տարածում ստանալ քաղաքագիտության մեջ, որն ուղղակիորեն նկարագրում է Թուրքիայի ներկայիս քաղաքական վիճակը։

Թերևս անհերքելի է, որ թուրքական պետության նման ներքին զարգացումների ու միտումների խորացման մեջ ոչ երկրորդական դերակատարում ունեցավ Թուրքիայի եվրոպականացման գործընթացի դանդաղեցումը, որը բարենպաստ տարածություն բացեց Եվրոպայից ու Արևմուտքից երես շրջելու պայմաններում ժողովրդավարության նահանջի ու ազգայնականության/ազգայնամոլության խթանման համար:

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter