HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են կաթնամթերքի շուկային առնչվող հարցեր

Կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ հետ համատեղ, արձագանքելով ՀՀ-ում գործող բազմաթիվ կաթ վերամշակողների կողմից բարձրաձայնվող հրատապ խնդիրներին, կազմակերպել և անցկացրել է անցկացրել է «ՀՀ կաթնամթերքի շուկայում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերհանում» թեմայով հանդիպում-քննարկում, որի նպատակն է հայաստանյան կաթ վերամշակողներին ներկայացնել կաթնամթերքի շուկայում ստեղծված իրավիճակը, շուկայի զարգացմանը խոչընդոտող մարտահրավերները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։

Հանդիպմանը, ըստ հաղորդագրությանը, մասնակցել են ներկայացուցիչներ՝ գյուղատնտեսության նախարարությունից և պետական եկամուտների կոմիտեից:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն անդրադարձել է հունվարի 16-ից ուժի մեջ մտած «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի այն դրույթին, որը սահմանում է պարտադիր պահանջ. յուղի փոխարինիչով պատրաստված ապրանքների վրա այսուհետ պետք է նշվի դրանցում բուսական յուղի պարունակության մասին: Նա շեշտել է. «Ոչ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ոչ էլ պետական որևէ կառույց հակված չէ վնասել կաթ վերամշակողներին և, կարծում եմ, ճիշտ կլինի, որ գտնենք միասնական լուծումներ: Կլինի դա կրկնապիտակով, թե այլ ձևով, մենք հետևելու ենք, որ սպառողները չմոլորեցվեն և տեղեկացվեն, որ տվյալ մթերքն իրականում ոչ թե կաթնամթերք է, այլ դրա նման ինչ-որ զանգված»:

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը մանրամասնել է կանոնակարգի մակնշմանը վերաբերող պահանջները. «Մակնշման պահանջների փոփոխություններից է արտադրանքի անվանումը: Եթե նախկինում շուկայում ունեինք արտադրանք, որը ներկայացվում էր որպես թթվասերիկ կամ թթվասերային մթերք, ապա ներկայումս նման հասկացությունների կիրառումը բացառվում է: Արտադրանքը պետք է կոչվի կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով: Տուփի վրա մեծ տառաչափով պետք է նշվի, որ արտադրանքը պարունակում է բուսական յուղեր: Այս ամենն արված է, որպեսզի սպառողը հնարավորություն ունենա գիտակցված ընտրություն կատարելու և հասկանա՝ ինչպիսի արտադրանք է գնում: Մակնշման բաղադրության մեջ պետք է նշվի նաև, թե կոնկրետ ինչ բուսական յուղի օգտագործման մասին է խոսքը: Կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգը թույլատրում է կաթնայուղը փոխարինել ոչ ավել քան 49 %-ի չափով»:

Բանախոսը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում շուկայում հենց տվյալ մակնշման պահանջների նկատմամբ է իրականացվելու պատշաճ վերահսկողություն: Բարձրացվել են և համակողմանիորեն քննարկվել են կաթնատու կենդանիների առողջությանը, կաթի մթերմանը, կաթնամթերքի արտադրման գործընթացին, իրացմանը, մրցակցային արդար պայմանների ապահովմանն առնչվող հարցեր: Կաթի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողներն առաջարկել են բնական կաթնամթերքն ու կաթնային փոխարինիչով մթերքը խանութներում վաճառել տարբեր հատվածներում, որպեսզի սպառողն ավելի հեշտ կողմնորոշվի և ինքն ընտրի՝ ինչ գնել: Այս և այլ առաջարկների փաթեթը կներկայացվի ՍԱՏՄ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter